Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետությունը մեր ամբողջ գյուղին է մոռացել». Նարեկաբուժության շնորհիվ ուխտավայրի վերածված գյուղի բնակիչ

Հուլիս 07,2022 20:15 Share

Արթիկի տարածաշրջանի Սարալանջ գյուղը, որը դարձել է ուխտավայր․ շատերն այցելում են բուժման նպատակով, քանի որ «Սուրբ Նարեկ» եկեղեցում է գտնվում բազում կյանքեր փրկած, հրաշագործություններ կատարած Սուրբ գիրքը՝ 1700 թվականի «Նարեկ»-ը, հայկական շատ գյուղերի պես ծերանում է։

Այստեղ ապրելու միակ միջոցն արտագնա աշխատանքն է։

Դպրոցի պատմության նախկին ուսուցիչ, 72-ամյա Գոռ Ղազարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ գյուղում, թեև բոստանաբանջարանոցային կուլտուրաներ են մշակում, զբաղվում են անասնապահությամբ, մեղվապահությամբ, սակայն դրանցով տուն պահել հնարավոր չէ։ Գյուղը ընդամենը մեկ խոշոր ֆերմեր ունի՝ Մակիչ Մինասյանը։

«Գյուղում գրեթե չկա տուն, որտեղից արտագնա աշխատանքի գնացող չլինի, Փառք Աստծո, որ ընտանիքներին չեն տանում հետները, մենակ են գնում, մեծ մասը շինարարությամբ է զբաղվում, Ռուսաստանում էլ ինչո՞վ զբաղվեն», -ասում է մեր զրուցակիցը։

Գյուղում 15 հոգի, այդ թվում մեր զրուցակիցը, զբաղվում են մեղվապահությամբ։

Գոռ Ղազարյանի ասելով, եթե մեղրն անարատ է, պահանջարկը մեծ է, սպառելու խնդիր չկա․ նույնիսկ Ռուսաստանի Դաշնությունից են իր մեղրը տանում, միայն թե պետությունը գյուղացուն ոչնչով չի օգնում։

«Պետությունը մեզ մոռացել է, ամբողջ գյուղին է մոռացել։ Պետությունն ի՞նչ է անում, մի ժամանակ ինչ-որ բան էր սուբսիդավորում, հիմա դա էլ չկա։ Այս տարի պարարտանյութ տվեց, էն էլ մի քանի ընտանիքների, էն էլ թանկ գնով։

Եթե ասենք մասնավորը մեկ պարկ պարարտանյութը վաճառում է 20 հազար դրամով, իրենք մի քանի պարկ բերեցին՝ 13 հազար դրամով։ Իհարկե, որոշ չափով օգնություն էր, բայց դա էլ է թանկ։ Նայում ես դիզվառելիքի գինը, սարսափելի թանկ է, գյուղացու վրա ինչքա՞ն պիտի նստի մեկ կիլոգրամ կամ մի տոննա հաց արտադրելը․ չէ՞ որ դիզվառելիքի թանկացման հետ թանկանում է նաև սպասարկումը։

Գյուղը ոռոգման ջուր ունի, օգտվում ենք Մանաթաշի ջրամբարից, տարի կա՝ ջուրը շատ առատ է, տարի կա՝ եթե ձյան ծածկույթը քիչ է հավաքվում, ձնհալը քիչ է, մենք էլ ենք հասկանում, որ քիչ է, քիչ պիտի լինի, ոռոգման հարցը կախված է Աստծուց։

Էդ մի Մանթաշի ջրամբարն է՝ և՛ խմելու ջուրն է Մանթաշի ջրամբարից, և՛ ոռոգման ջուրը։ Էնպես որ մարդիկ պիտի կարողանան կողմնորոշվել, եթե ջուր չտվեցին, իրավունք չունենք բողոքել։ Այս վիճակով գյուղատնտեսությամբ զբաղվելը չի արդարացնում։

Մեր գյուղում մեծ մասամբ հացահատիկ ու կարտոֆիլ ենք ցանում։ Նորից եմ կրկնում՝ շատ քիչ ընտանիքներ կան գյուղում, որոնք արտագնա աշխատող չունեն, բոլորն էլ ստիպված են դուրս գալու։ Մեծ մասամբ Մոսկվայի մարզում են, Ռուսաստանի ամբողջ փողը հոսում է դեպի Մոսկվա, պարզ է, որ շինարարությունն էլ Մոսկվայում պիտի լինի, իսկ Սովետական պետության ժամանակ հոսքը Սիբիր էր, հիմա Սիբիրն աղքատ է, ոչինչ չունի։

Գյուղացիները հիմնականում կով են պահում, նախկինում ոչխար շատ են պահել, բայց հիմա արտադրանքը իրացնել հնարավոր չէ։ Մի ժամանակ ոչխարի միսը Իրան էին տանում, բայց միայն միսը, բուրդը բացարձակապես չի օգտագործվում, բրդի երեսը նայող չկա, սովետական ժամանակ պետությունն էր մթերում բուրդը, արտադրության մեջ օգտագործում, իսկ հիմա՞․․․»,- ասաց մեր զրուցակիցը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031