Լրահոս
Օրվա լրահոսը

«Էկոլուրը» պնդում է, թե շրջակա միջավայրի նախարարությունը խախտել է կառավարության որոշումը. ՇՄՆ-ն հերքում է

Հուլիս 15,2022 13:44

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ. Հուլիսի 13-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) որոշեց էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա տրամադրել «Լոռվա ամրոց» ՍՊԸ-ին: Լիցենզիան տրամադրվել է Լոռու մարզի Գյուլագարակ և Լոռիբերդ համայնքների վարչական տարածքում՝ Կուրթան և Ագարակ բնակավայրերում, Ձորագետի վրա 26,7 Մվտ հզորությամբ «Լոռիբերդ 2» փոքր ՀԷԿ-ում էլեկտրաէներգիայի արտադրության համար: Արտադրության լիցենզիայի ժամկետը մինչև 2040թ-ի հուլիսի 14-ն է, փոքր ՀԷԿ-ի կառուցման ժամանակահատվածը՝ մինչև 2025թ-ի հուլիսի 14-ը:

ՀԾԿՀ-ի որոշման հիմքերից է ՀՀ վարչական դատարանի NՎԴ/3449/05/22 դատական գործով դատարանի կայացրած որոշումը հօգուտ «Լոռվա ամրոց» ՍՊԸ-ի, որով դատարանը ՀԾԿՀ-ին պարտավորեցրել է «Լոռվա ամրոց» ՍՊԸ-ին տրամադրել «Լոռիբերդ-2» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա:

Իր հայցադիմումում ընկերությունը նշել է, որ  ներկայումս ունի գործող ջրօգտագործման թույլտվություն, որի ժամկետն ավարտվում է 30.07.2022թ., հետևաբար, եթե հայցվորը չհասցնի ստանալ լիցենզիա, ապա ըստ օրենքի ջրօգտագործման թույլտվությունը կհամարվի առ ոչինչ և կհանգեցնի նորանոր խոչընդոտների առաջացման: «Նույնիսկ օրենսդրական տեսանկյունից նոր ջրօգտագործման թույլտվության տրամադրումը հնարավոր լինելու դեպքում բնության օբյեկտիվ փոփոխություններով պայմանավորված՝ իրավասու պետական մարմինը կարող է զրկված լինել նույն չափաքանակի ջրօգտագործում նախատեսող թույլտվություն տրամադրելու հնարավորությունից, ինչն ուղղակիորեն անհնար կդարձնի ներկայումս իրավաչափորեն ակնկալվող հզորությամբ ՀԷԿ-ի կառուցման լիցենզիա ստանալը, քանի որ ՀԷԿ-ի հզորությունն անմիջականորեն կապված է թույլտվությամբ տրամադրվող ջրաքանակի հետ»,- նշել է ընկերությունը հայցադիմումում:

Շրջակա միջավայրի նախարարությունը 2021թ-ին հուլիսի 30-ին կառուցման նպատակով երկու ջրօգտագործման թույլտվություն (ՋԹ) է տրամադրել «Լոռվա ամրոց» ՍՊԸ-ին, որոնց ժամկետը լրանում է 2022թ-ի հուլիսի 30-ին: Այսպիսով, Շրջակա միջավայրի նախարարությունը խախտել է իր կողմից մշակված և ՀՀ կառավարության կողմից 2021թ. ապրիլի 8-ին ընդունված «ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԵՐԻ ՄԵՐԺՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԱՄ ՏԱՐԱԾՔԻՆ ԲՆՈՐՈՇ՝ ԷՆԴԵՄԻԿ ՁԿՆԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՁՎԱԴՐԱՎԱՅՐԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿԱՄ ԴԵՐԻՎԱՑԻՈՆ ԽՈՂՈՎԱԿՆԵՐՈՎ 40 ՏՈԿՈՍ և ԱՎԵԼԻ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ ԳԵՏԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 488-Ն որոշումը, որով պետք է մերժվեր Ձորագետի վրա ցանկացած նոր փոքր ՀԷԿ-ի կառուցման ՋԹ-ի հայտ:

Այս խախտմանը հետևել են այլ որոշումներ, որոնց հետևանքով ոտնահարվել է ՀՀ կառավարության 2021թ. ապրիլի 8-ի 488-Ն որոշումը:

Շրջակա միջավայրի նախարարության հերքման պահանջը Ecolur.am կայքին. «Որևէ իրավական ակտի պահանջ չի խախտել»

Ի պատասխան Ecolur.am լրատվական կայքում տեղ գտած «Շրջակա միջավայրի նախարարությունը խախտել է ՀՀ կառավարության որոշումը՝ ՋԹ տրամադրելով «Լոռվա ամրոց» ՍՊԸ-ին » վերտառությամբ գրառման և հետագա անհարկի շահարկումներին վերջ տալու նպատակով՝ հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը՝ հրապարակված տեղեկատվությունն այն մասին, թե Շրջակա միջավայրի նախարարությունը խախտել է իրավական ակտի պահանջ, չի համապատասխանում իրականությանը:

«Լոռվա Ամրոց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2021 թվականի փետրվարի 09-ին շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացվել «Լորիբերդ-1» և «Լորիբերդ-2» փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման նպատակով նոր ջրօգտագործման թույլտվության ստացման հայտերը և կից փաստաթղթերը:

Հայտերի ուսումնասիրությունից պարզվել է, որ Ընկերությունը փհէկերի կառուցումը նախատեսում է Լոռու մարզում՝ Ձորագետ գետի վրա։ Շրջակա միջավայրի նախարարությունը, հիմք ընդունելով ՀՀ ջրային օրենսգրքի 30.1 հոդվածի 2-րդ մասի 1)-ին կետը (նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերը մերժվում են նաև, եթե՝ փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը նախատեսվում է այն գետերի վրա, որոնցում առկա են Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր) և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N488-Ն որոշման հավելվածի 19)-րդ կետը, համաձայն որի Դեբեդ գետի Ձորագետ վտակը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայր հանդիսացող գետ, մերժել է ջրօգտագործման թույլտվության հայտերը: Ընկերությունը դիմել է ՀՀ վարչական դատարան` Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը բարենպաստ վարչական ակտեր ընդունելուն պարտավորեցնելու պահանջով, ինչպես նաև խնդրել է դատարանին կիրառել հայցի ապահովման միջոց, այն է` ժամանակավորապես բավարարել Հայցվորի պահանջը: Վարչական դատարանը Հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը 29.06.2021 թվականին բավարարել է` պարտավորեցնելով նախարարությանը Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը հայցվորի 08.02.2021թ. հայտի հիման վրա «Լոռվա ամրոց» ՍՊ ընկերությանը տրամադրել «Լորիբերդ-1» և «Լորիբերդ-2» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման ջրօգտագործման թույլտվություններ:

Նախարարությունը Հայցի ապահովում կիրառելու մասին որոշումը վերացնելու միջնորդություն է ներկայացրել դատարան, որը մերժվել է, որից հետո, հիմք ընդունելով դատարանի որոշումը,կազմակերպությանը ժամանակավորապես տրամադրել է ջրօգտագործման թույլտվություններ:

Հետևաբար, անհիմն է այն պնդումը, որ նախարարությունը որևէ իրավական ակտի պահանջ է խախտել:

Ըստ այդմ, ԶԼՄ հարգելի գործընկերներին հորդորում ենք չտարածել  ապատեղեկատվություն և զերծ մնալ անհարկի շահարկումներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031