Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ես Արմեն Գրիգորյանի պես այստեղ ուշաթափվեմ ու մահանամ, ո՞վ է դրանից շահելու»․ Ավետիք Չալաբյան

Օգոստոս 01,2022 21:42

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնի նստավայրում այսօր «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանի գործով հերթական դատական նիստում, ինչպես հայտնել էինք, դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց Չալաբյանի պաշտպանների՝ իրեն հայտնած բացարկի միջնորդությունը։ Ավետիք Չալաբյանը հանդես եկավ հայտարարությամբ` փաստ է, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը, ինչպես եւ նախկինում, այնպես էլ հիմա քննում է իշխանության հետ կապված եւ հանրային հնչեղության գործեր։

«Չեմ հիշում դեպք, որ դուք արդարացման որոշում կայացրած լինեք։ Իմ դեպքում ձեր գործողությունները փաստում են, որ դուք ծանրացնելու եք իրավիճակը։ Դուք ոչ միայն դատավորի գործառույթ եք կատարում, այլեւ ձեր վրա, ըստ էության, մեղադրողի գործառույթն եք վերցրել։ Մեր որեւէ փաստարկ դուք այս ընթացքում չեք ընդունել։ Դուք բոլորը չեզոքացրել եք, մենք չենք կարող ձեզանից արդար դատաքննություն ակնկալել»,-համոզմունք հայտնեց Ավետիք Չալաբյանը։

Նա շեշտեց, որ դատավորը շտապողականություն է ցուցաբերում՝ իրար հետեւից դատական նիստեր նշանակելով․ «Ո՞րն է ձեր նպատակը։ Մյուսները մի քանի ամիս դատական նիստի օրվա են սպասում։ Նախորդ նիստում խնդրեցի մեկ շաբաթով նիստը հետաձգել, որ առողջական վիճակս վերականգնեմ։ Սիրտանոթային համակարգի համալիր հետազոտություն է պետք, որը չեմ հասցրել, որովհետեւ բժշկական կենտրոնը շաբաթ-կիրակի չի կարող այն իրականացնել(նախորդ նիստն ուրբաթ էր.-հեղ․)։ Գրիպ չի, հիպերտոնիկ կրիզ է իմ  մոտ։ Այսօր կարող էիք գոնե հարցրել՝ ի՞նչ վիճակում եմ, կարո՞ղ եմ նիստին ներկա լինել, թե ոչ։ Իմ առողջական վիճակն իսկապես լուրջ է։ Այս շտապողականությունը հակառակ արդյունքի կարող է բերել։ Եթե ես Արմեն Գրիգորյանի պես այստեղ ուշաթափվեմ ու մահանամ, ո՞վ է դրանից շահելու»։

Չալաբյանի խոսքով՝ այս կարճ ժամանակում առնչվելով Մնացական Մարտիրոսյանի հետ, կորցրեց հավատը, որ արդար դատաքննություն կիրականացվի․ «Իմ գործով դուք չեք կարող դա անել, ու ինքներդ էլ դա գիտեք։ Պատճառն էլ գիտեք։ Ուստի, խնդրում եմ, մի մտեք այդ մեղքի տակ։ Եթե ես այստեղ մահանամ, դա ոչ մեկին պատիվ չի բերելու»։

Հիշեցնենք, որ «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է 2022թ․-ին դիմադրության շարժման ժամանակ երկու կամ ավելի անձանց, տվյալ դեպքում՝ ուսանողներին, հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար։ Նրա պաշտպանական թիմը հայտարարել է.«Մեղադրանքի հիմքում դրված է ընդամենը մեկ մոնտաժված և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով անթույլատրելի համարվող ձայնագրություն, որում Ավետիք Չալաբյանը հավաքներին մասնակցելու նպատակով նյութական շահագրգռվածություն առաջարկելու վերաբերյալ որևէ պնդում չի անում: Հակառակը, ի պատասխան ակնհայտ պրովոկացիա իրականացնող զրուցակից Թոռնիկ Ալիյանի հարցադրումների, պատասխանում է, որ «կյանքում կան ոչ նյութական արժեքներ, որոնք ավելի կարևոր են»։ Ալիյանն առերես հարցաքննության ժամանակ պնդել է, որ Ավետիք Չալաբյանը երբեք իրեն գումար կամ այլ նյութական շահ չի առաջարկել հավաքներին մասնակցելու համար։ Չկա որևէ ցուցմունք, այդ թվում՝ Թոռնիկ Ալիյանի, որով շոշափվում է նյութական շահագրգռվածության հասցեատեր որևէ երկրորդ անձի անուն»։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031