Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատազրկվածները սիմուլյա՞նտ են

Հուլիս 29,2022 10:00

Օրերս հայտնի ընդդիմադիր գործիչ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց։ Դա տեղի ունեցավ օրենքի ուժով, քանի որ դատարանը որոշում չկայացրեց նրան եւս երկու ամսով նախնական կալանքի տակ պահելու մասին: Առողջական վիճակի վերաբերյալ հիմնավորում այս պարագայում չի հնչել, բայց Չալաբյանի՝ մեկուսարանից դուրս գալու կադրերից երեւում է, որ նրա առողջությունը փայլուն չէր:

Վերջերս իշխանության կողմնակիցները սկսել են կասկածներ հայտնել՝ իսկ գուցե այն մարդիկ, որոնք ունեն իրենցից տարբերվող համոզմունքներ եւ գտնվում են անազատության մեջ, գուցե այդ «բացասական կերպարները» զբաղվում են սիմուլյացիայո՞վ: Հիշեցնեմ, որ նման կասկածներ կային նաեւ Մանվել Գրիգորյանի պարագայում, բայց դեպքերի հետագա ընթացքը ցույց տվեց, որ գեներալը «ձեւեր չէր թափում»: Հիմա նույն շրջանակները կոչ են անում առանձնապես չհավատալ, մասնավորապես, Մամիկոն Ասլանյանի եւ Աղվան Հովսեփյանի առողջական վիճակների մասին ահազանգերին:

Երկու շաբաթ առաջ՝ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվանից հետո, ես նկատել էի, որ իշխանամետ քաղաքացիները խանդավառությամբ ընդունեցին այդ լուրը, եւ այդ զանգվածի հիմնական արձագանքն արտահայտվում էր մեկ բառով, որը, եթե փորձենք մնալ նորմատիվ բառապաշարի շրջանակներում, կարելի է վերծանել այսպես. «ամենեւին էլ վատ չէ, որ նման բան տեղի ունեցավ»: Քանի որ Հայաստանում նման հարյուր հազարավոր քաղաքացիներ կան, այդ վերաբերմունքը վկայում է մեր հասարակության լուրջ հիվանդության մասին:

Իսկ ուզո՞ւմ եք առողջ հասարակության օրինակ: 2011 թվականին նորվեգացի Անդրեաս Բրեյվիկը կատարեց ահաբեկչություն, որի արդյունքում մահացավ 79 հոգի: Այժմ նա իր 21 տարվա պատիժն է կրում «մենախցում», որը բաղկացած է երեք սենյակներից՝ աշխատասենյակից, ննջարանից եւ սպորտդահլիճից: Բայց Նորվեգիայում չկա հարյուր հազարավոր զանգված, որը դժգոհում է, թե ինչու է Բրեյվիկը պահվում այդքան լավ պայմաններում, առավել եւս՝ չկա այնպիսի զանգված, որը հրապարակավ կոչ անի այդ հանցագործին զրկել կյանքից:

Թեեւ հիվանդ է հայաստանյան հասարակության մեծ մասը, այնուամենայնիվ, կան մարդիկ, որոնք ավելի մեծ պատասխանատվություն են կրում այդ հիվանդության համար, քան մնացածները: Նույն 2011 թվականի ահաբեկչությունից հետո Նորվեգիայի այն ժամանակվա վարչապետ Յենս Սթոլթենբերգը հայտարարեց, որ ոչ ոք չի կարող շեղել իր երկիրը ժողովրդավարական արժեքներից: Եթե նա կոչ աներ «փռել ասֆալտին» եւ «ծեփել պատերին», ապա, դա, կարծում եմ, կողմնորոշիչ կլիներ շատ նորվեգացիների համար:

Իհարկե, ոչ պակաս կարեւոր է, որ նրանք, ովքեր գոնե ինչ-որ չափով կարող են ազդել հասարակական կարծիքի վրա, չվախենան «հասարակական կարծիքից» եւ չգնան զանգվածի հետեւից, չփորձեն դրան դուր գալ: Հակառակը՝ նրանք պետք է կոչ անեն գնահատել ցանկացած մարդու կյանքը: Անկախ նրանից, թե ինչ հանցագործություններում է այդ մարդը մեղադրվում:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031