Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«44-օրյա պատերազմին հաջորդած երկու տարիներին պաշտպանական համարժեք կառույցներ ոչ մի տեղ գոյություն չունեին». Սուրեն Սարգսյան

Սեպտեմբեր 19,2022 22:50

Ադրբեջանի սանձազերծած վերջին ագրեսիայի ժամանակ խոշտանգվել են այն հայ զինվորական կանայք, որոնց մարմինները հայտնվել են ադրբեջանական զավթած տարածքներում: Այս մասին Aravot.am-ին ասաց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը:

«Ում դիակը հայտնվել է իրենց մոտ , այդպես են արել: Բոլորին պղծել են խփելուց հետո: Սուսաննայի (Մարգարյան․-խմբ․) դեպքն այդպիսին չէր, Սուսաննան բուժքույրի պես էր, բոլորին հասնում էր, ինչպես կարողանում էր, նաեւ նշանառուի գործ էր անում: Սուսաննան արժանավոր մարդ էր, լինելով կին, մայր՝ իր ողջ գիտակցական կյանքն անցկացրեց սահմանին: Սուսաննան զոհվեց մեր բոլորի արժանապատվության կռիվը տալով: Թշնամին թիրախավորել ու  խփել էր նրան։ Մեր Մանվելը՝ «Բանգլադեշի ճուտը», գնացել էր նրա հետեւից, որ մարմինը բերեր, նրան էլ են խփել… Այս պատմության մեջ ամենազայրանալուն ու ամենավիրավորականն այն է, որ 44-օրյա պատերազմին հաջորդած երկու տարիներին պաշտպանական համարժեք կառույցներ ոչ մի տեղ գոյություն չունեին: Թե՛ Կապանում, թե՛ Գորիսում, թե՛ մնացած տեղերում: Խայտառակ վիճակ է: ԶՈՒ գլխավոր շտաբի նոր պետ են բերել, չգիտեմ՝ ինչացու է, մի պիոներ պալատի ջոկատավար էլ դա է»,- նկատեց ազատամարտիկը:

Պաշտպանական համարժեք կառույցներ չապահովելը ֆինանսական խնդի՞ր էր հարցին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Անուղեղության խնդիր է»:

Արդյոք ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հայաստանյան այցը , ԱՄՆ -ի պաշտոնյաների  հասցեական գնահատականներ՝ Ադրբեջանին ուղղված, թուլացրին լարվածությունը․ ազատամարտիկը կարծիք հայտնեց. «Հնարավոր է թուլացնի, հնարավոր է՝ չէ: Ես այդ տեղեկատվությանն անլուրջ չեմ վերաբերում: Գիտեմ՝ Ադրբեջանը կարող է  բոլոր կողմերից էլ փորձ անել, որովհետեւ իրենց նպատակը Մեղրիի միջանցքն է, հատուկ կարգավիճակը: Ցավալիորեն ռուսների տրամադրվածությունն էլ է այդպիսին: Ասում են՝ ժամանակին Փաշինյանը բանավոր խոստում է տվել, բայց հիմա էականը դա չէ, էականն այն է, որ ոչինչ չունենք տալու: Մեզ պետք է գնանք Իրանից զենք առնենք, գանք, հաճույքով կվաճառեին, չգիտեմ՝ ինչու այս «խելացիները» չեն արել: Թքած՝ ռուսն ինչ է ասում, ինքը չի տալիս, մենք մեզ պետք է պաշտպանենք:

Լավ, պաշտպանելն էլ մի կողմ: Լավ, զենք չեն տալիս, բայց էդ ոնց է, որ թուրքերը, որ պահին որտեղ գալիս են, իրենց հետեւից կամաց-կամաց տրակտորը գալիս, մտնում է ու ճանապարհ բացում, քանդում, կտրում, փոսերը փորում, բետոնը լցնում, որ մարդիկ իրենց փողոցում չզգան: Մեզ մոտ չի արվել նման բան:

Մի կես տարի առաջ էր Կապանում զինվոր զոհվեց, մինչեւ վերեւից իջեցրել են ներքեւ, էդ երեխեն արյունաքամ է եղել, ինչ է, թե մի ճանապարհ տրակտորով չեն բացել, որ գնա դեպի դիրքեր: Նույնիսկ պատգարակ չեն ունեցել, ուղղաթիռ չի եղել, որ բերեն Երեւան, արյունաքամությունից մահացել է: Այսպիսի վիճակ է, ռուսերեն «բարդակ» են ասում: Շունը տիրոջը չի ճանաչում: Ոնց կարող է Հայաստանի վրա գնդակ գա, ՀՕՊ-ը չաշխատի, բայրաքթար գա, ՀՕՊ-ը չաշխատի: Այսինքն՝ ռուսական իշխանությունները թուրքերի հետ խնդիր են լուծում՝ մեզ վախեցնելու, սպառնալու, շանտաժի ենթարկելու»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930