Լրահոս
Օրվա լրահոսը

Թաթոյան․ «Միջազգային պաշտոնյաներին տալիս էի զեկույցները, ասում էին՝ մենք չենք իմացել, կփոխանցե՞ք այդ փաստերը ձեր իշխանությանը»

Սեպտեմբեր 20,2022 17:35

«44-օրյա պատերազմից հետո մեր աշխատակազմն ամեն օր սահմաններում էր։ Բացառապես մեր ուժերով ուսումնասիրությունների արդյունքում քարտեզ էինք հրապարակել, թե ինչպես են տեղակայվել Ադրբեջանի զինված ուժերը։ Զուգահեռ անընդհատ խոսում էինք Ադրբեջանի քաղաքականության մասին։ Մինչեւ հիմա էլ շատ լավ տիրապետում ենք, թե ինչ է կատարվում իրենց հասարակության ներսում։ Այդտեղ պատահական ոչինչ չկա, կառավարումը կենտրոնական է»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց 2016-2022թթ․ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, «Իրավունքի եւ արդարության կենտրոն․ Թաթոյան հիմնադրամ» կազմակերպության ղեկավար Արման Թաթոյանը՝ անդրադառնալով Aravot.am-ի հետեւյալ հարցադրմանը․ սեպտեմբերի 13-ին ՀՀ-ի վրա Ադրբեջանի հարձակումից հետո ՀՀ իշխանությունը շարունակում է պնդել, որ հավատարիմ է խաղաղության օրակարգին․ որքանո՞վ է այն համահունչ երկու հարեւան երկրներից եկող սպառնալիքներին, նրանց պետական քաղաքականությանն ու մեր հանդեպ ունեցած նպատակներին։

Արման Թաթոյանը շեշտեց․ «Ադրբեջանի բացահայտ ֆաշիստական քաղաքականությունը երբեք չի դադարել եւ չի դադարելու։ Ընդգծեմ, որ խաղաղությունը բացարձակ եւ հիմնարար արժեք է, բայց երբ քո դիմաց կանգնած պետությունը քեզ համարում է իր ոխերիմ թշնամին, ուզում է ոչ միայն տարածքներդ գրավել, այլեւ շարունակում է պահպանել խոշտանգելու, վայրագությունների մտադրությունը, իսկ դու խոսում ես միայն խաղաղության մասին՝ միջազգային հանրությանը չներկայացնելով ապացույցներ, ապա․․․ես հանդիպել եմ միջազգային հանրության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, տվել զեկույցներ, ինձ ասել են՝ մենք չենք իմացել այս փաստերի մասին։ Ինձ ասում էին՝ կարո՞ղ եք այդ փաստերը փոխանցել ձեր իշխանություններին․․ես փոխանցել եմ, երկրորդ անգամ համոզվելու հնարավորություն շատ դեպքերում էլ չկար, բայց գործողությունները երբ վերլուծում եմ, հասկանում եմ, որ կոնկրետ փաստերի մասին չեն իմացել։ Երբ առաջարկում էի Սյունիքում անվտանգության գոտի ստեղծել, միջազգային պաշտոնյաներն ասում էին՝ եթե պետությունը դա առաջ տանի, պատրաստ ենք աջակցել այդ գաղափարին»։

 

Արման Թաթոյանը նշեց․ «Ինձ մշտապես ասել են եւ հիմա էլ ասում են՝ լավ, դուք խաղաղություն չեք ուզո՞ւմ։ Մեզ միջազգային հանրությանը համոզել օգնում են փաստերն ու ապացույցները, որպեսզի ցույց տանք, որ Ադրբեջանն իրականում այլ մտադրություններ ունի։ Նրանք մոլորության մեջ են գցում, կեղծ խաղաղասիրություն են մատուցում, իսկ նման պայմաններում խաղաղությունից միակողմանի խոսելը ժողովրդի զգոնության, գիտակցության թմրեցում է»։

Ըստ Թաթոյանի՝ Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունները, խոշտանգումներն ու սպանությունները երբեք չի կարելի թողնել ստվերում․ «Մի հատ դիմում  է ներկայացվել արդարադատության միջազգային դատարան, մի հատն էլ ՄԻԵԴ։ Դա կարեւոր է, բայց վե՞րջ, միջազգային մեխանիզմները դրանով սպառվեցի՞ն։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ ենք։ Պետք էր նախաձեռնել հատուկ հարցերով զեկուցողի այց, տանել սահմաններ, թող կազմեր զեկույց, որը մեզ կօգներ դիվանագիտությունում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930