Լրահոս
Օրվա լրահոսը

«18 տարեկան տղան այլեւս ծնողինը չի, այլ հասարակությանը»․ Աղազարյանի ուշագրավ պահվածքը Եռաբլուրում

Սեպտեմբեր 21,2022 18:14

«Ես չեմ տեսել, ի՞նչ էին անում որ իրենք»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, երբ լրագրողներից մեկի էկրանին տեսավ Եռաբլուրում այսօր կատարվածի տեսանյութերից մեկը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, տասնյակ ծնողներ այս գիշեր մնացել էին Եռաբլուրում՝ փակելու համար Նիկոլ Փաշինյանի ճանապարհը։ Նրանց, այդ թվում՝ տարեց կնոջը, կարմիր բերետավորներն ուժի կիրառմամբ, քարշ տալով այսօր հեռացրին, որպեսզի չխոչընդոտվի ՀՀ անկախության տոնի առթիվ Նիկոլ Փաշինյանի մուտքը Եռաբլուր։

Հովիկ Աղազարյանը «ոչ ճիշտ մոտեցում» որակեց ծնողների այն պահանջը, որ չեն ցանկանում որդիների գերեզմանին որեւէ մեկը մոտենա։ Հարցին՝ այդ դեպքում ոստիկանների՞ մոտեցումն էր ճիշտ, Աղազարյանը պատասխանեց․ «Եթե պետք է խանգարեն, ոստիկանությունն ինչի՞ համար է։ Պետք է պահպանվի հասարակական կարգուկանոնը։ Եթե պետական մակարդակով միջոցառում է տեղի ունենում, պետք է ապահովվի դրա անհրաժեշտ մակարդակը։ Այսօր բոլորս լարված վիճակում ենք, պետք չէ թույլ տալ մեկ-երկու անախորժություն։ Ոստիկանությունը վա՞տ է անում, որ նման բան է անում։ Լավ է անում, հարյուր անգամ ասացի, որ լավ է անում»։

Նկատառմանն ի պատասխան, որ մերժված Սերժ Սարգսյանի օրոք նման բան դժվար է հիշել, Հովիկ Աղազարյանը, չգիտես ինչու, հոկտեմբերի 27-ը հիշեցրեց․ «Պատերազմական իրավիճակում ենք»։

Ապա պնդում հնչեցրեց, որ 18 տարեկան տղան այլեւս ծնողինը չի, այլ հասարակությանը, ապա վրդովվեց, երբ լրագրողն ասաց՝ «ուրեմն պետք է զոհվեն, հա՞»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ»․ Ի դեպ, հոկտեմբերի 27–ի մասին։ Համանման վերաբերմունք էին զոհերի հարազատները դրսեւորում, երբ երկրի այն ժամանակվա իշխանավորները մեկ անգամ փորձ արեցին այցելել սպանվածների գերեզմանների։ Հավաքվածները մի կողմ նետեցին նրանց պսակները, վիրավորական վանկարկումներ արեցին եւ այլն։ Առաջին իսկ տարելիցից հետո՝ այցելության նման փորձ այլեւս չարվեց։ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930