Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ հենց հիմա. ICG-ն վերլուծել է հայ-ադրբեջանական վերջին պատերազմի պատճառները

Սեպտեմբեր 29,2022 13:34

Միջազգային ճգնաժամային խումբը (ICG) ծավալուն հոդված է հրապարակել՝ վերլուծելով հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերին բռնկված պատերազմի պատճառները:

Այսպես, ICG-ի փորձագետները մի քանի հնարավոր նպաստող գործոններ են տեսնում դրա համար.

Նախ, Ադրբեջանը հնարավոր է, օգտվում է Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմից, որը շեղել է ոչ միայն Մոսկվային, այլև Փարիզին և Վաշինգտոնին, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահներին, որոնք մինչև վերջերս խաղաղության բանակցությունների գլխավոր հովանավորն էին։ «Ըստ այս տեսության, որը Երևանում կիսում են շատերը, մինչ համանախագահներն այլ ուղղությամբ են զբաղված, Բաքուն օգտագործել է պահը՝ բարելավելու ռազմավարական քարտեզը հօգուտ իրեն և ավելի լավ դիրքավորվելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: Ըստ այս տեսության, ադրբեջանական, այդ թվում կառավարությանը մոտ կանգնած լրատվամիջոցները, ինչպես նաև մի նշանավոր ադրբեջանցի պատգամավոր, կոչ են արել Ադրբեջանին վերահսկողության տակ առնել ավելի շատ տարածքներ Հայաստանի հետ սահմանի երկայնքով: Ոմանք իրենց կողմից առաջ տարվող այդ գիծը համարում են պաշտպանողական, ոմանք էլ կարծես թե դա համարում են լրացուցիչ լծակ Հայաստանի հետ բանակցությունների համար»,- ասվում է հոդվածում:

Երկրորդ գործոնն այն է, որ Ադրբեջանը, հնարավոր է, շտապում է։ Բաքվում իշխանամետ վերլուծաբաններից մեկը ենթադրում է, որ նախագահ Ալիևը ցանկանում է խաղաղության համաձայնագիր կնքել առաջիկա երկու-երեք ամսում: Պատճառներից մեկը կարող է լինել այն, որ նա սպասում է 2023թ. հունիսին կայանալիք Թուրքիայի ընտրություններին և անհանգստացած է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը Բաքվի հավատարիմ աջակիցն է, կարող է թուլանալ՝ այդպիսով նվազեցնելով բանակցություններում ցուցաբերվող աջակցությունն Ադրբեջանին։

«Թուրքիայի ցանկացած կառավարություն կաջակցի Ադրբեջանին, բայց ոչ բոլոր կառավարությունները կպաշտպանեն Ադրբեջանի շահերը Ռուսաստանից, ինչպես դա անում է Էրդողանը, և անկախ կլինի Արևմուտքից», – Crisis Group-ին ասել է Բաքվի կառավարամետ վերլուծաբաններից մեկը, որի անունը չի հաղորդվում:

Երրորդ, Երևանում ոմանք սրացումը կապում են Ադրբեջանի ցանկության հետ՝ ապահովել ռուս սահմանապահների կողմից վերահսկվող հատուկ ցամաքային միջանցք Հայաստանի տարածքով դեպի ադրբեջանական էքսկլավ Նախիջևան: Ռուսաստանի միջնորդությամբ կնքված զինադադարը կոչ էր անում բացել Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր տրանսպորտային ուղիները, ներառյալ այն ճանապարհները, որոնք Ադրբեջանը կապում են Նախիջևանի հետ: Ըստ բանակցություններին ծանոթ արևմտյան դիվանագետների, 2022թ. գարնանը երկու առաջնորդները մոտ էին երթուղիների շուրջ համաձայնության հասնելուն: Սակայն այս հարցում բեկում մտցնելու հույսերը, որը դիվանագետները համարում էին ամենահեշտ լուծումներից մեկը՝ դրանում ընդհանուր տնտեսական շահագրգռվածության պատճառով, ի չիք դարձան օգոստոսի 31-ի գագաթնաժողովում:

Ըստ ICG փորձագետների՝ համագործության միջոցով առաջընթացի տապալման պատճառներից մեկն այն է, որ Բաքուն իր առջև նպատակն է դրել հասնել վերջնական համապարփակ խաղաղ կարգավորման, ինչը նշանակում է, որ նա ավելի քիչ շահագրգռված է լուծել առանձին երկկողմանի խնդիրները նման պայմանագրից առաջ, նույնիսկ եթե դրանց շուրջ համաձայնությունը կարող է ավելի հեշտ լինել: Գուցե նա հավատում է, որ այդ խնդիրները չլուծված պահելը ավելի հրատապ է դարձնում միանգամից ամեն ինչի շուրջ պայմանագրի հասնելու հավանականությունը: Միևնույն ժամանակ, նա չի հրաժարվում այդ նույն նպատակներին ուժով հասնելու ճանապարհից: Սեպտեմբերի 15-ին ՄԱԿ-ի Հայաստանի ներկայացուցիչը, նախազգուշացրելով ադրբեջանական հարձակման մասին, նշել էր, որ դա ուղղված է Նախիջևան տանող միջանցքի համար բավականաչափ տարածքներ գրավելուն:

Ի վերջո, Բաքվում ոմանք ասում են, որ Ադրբեջանը ցանկանում է ճնշում գործադրելով Հայաստանի վրա՝ վերադարձնել վերահսկողությունը ութ գյուղերի նկատմամբ, որոնք գտնվում են Հայաստանի վերահսկողության տակ, բայց գտնվում են ՄԱԿ-ի կողմից ճանաչված Ադրբեջանի սահմանի ներսում, որը համապատասխանում է խորհրդային ժամանակաշրջանի վարչական գծին: Հայաստանն իր հերթին նույնպես ունի էքսկլավ Ադրբեջանում՝ Արծվաշենը, որը վերահսկվում է Բաքվի կողմից։

«Ադրբեջանը կփորձի օգտագործել Հայաստանի տարածքում գտնվող նոր տարածքների նկատմամբ [իր վերահսկողությունը] որպես սակարկության առարկա՝ էքսկլավները հետ բերելու համար»,- ասել է ադրբեջանցի փորձագետը՝ հավելելով, որ այդ հարցը Բաքվի համար առաջնահերթություն է 2020թ-ից:

Հոդվածագիրը կարծում է, որ խաղաղության հեռանկարները գնալով ավելի աղոտ են թվում: Երկու կողմերի միջև ուժային տարբերությունը, ըստ երևույթին, գնալով ընդլայնվում է, ինչը կարող է հիմք հանդիսանալ ավելի մեծ պայքարի համար, եթե Բաքուն որոշի գործի դնել առավելությունը: Ինչպես վերջին շրջանի մյուս էսկալացիոն փուլերում, վերջին ռազմական գործողությունից էլ Ադրբեջանը դուրս եկավ ուժեղացած դիրքերով՝ ցույց տալով իր գերակայությունը մարտադաշտում: Ադրբեջանն ամուր դիրքեր ունի նաև աշխարհաքաղաքական առումով, հաշվի առնելով, որ եվրոպական տերությունները ձգտում են ռուսական գազի անջատումների ֆոնին էներգիայի արտահանման նոր աղբյուրներ գտնել, իսկ Հայաստանի գլխավոր պաշտպանը՝ Ռուսաստանը, իս սեփական հակամարտության համար է պայքարում:

Վերջին մարտերում Բաքվի գործադրած ուժի մակարդակը այն դեպքում, երբ նա հրապարակայնորեն ներգրավված էր և գոհունակություն էր հայտնում խաղաղության բանակցություններից, խորապես խարխլել է Երևանի վստահությունը բանակցությունների նկատմամբ: «Ինչ թուղթ էլ ստորագրենք, մի վայրկյանում այն ​​կդառնա զուգարանի թուղթ, և մենք դեռ կունենանք պատերազմ», – սեպտեմբերի 16-ին ICG-ի հետ զրույցում ասել է անանուն հայ բարձրաստիճան պաշտոնյան՝ հավելելով, որ Հայաստանը ցանկացած խաղաղության համաձայնագրի համար պետք է ստանա միջազգային երաշխիքներ: «Մենք շատ վատ վիճակում ենք, քանի որ որևէ պատերազմ մեզ ձեռնտու չէ։ Մենք ի վիճակի չենք հակահարված տալ»:

Առաջ գնալու ամենահեռանկարային ուղին, ըստ հոդվածագրի, ներառում է բոլոր հիմնական միջնորդների՝ Ռուսաստանի, ԵՄ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ներգրավվածությունը՝ շարունակել առաջ շարժվել նույն ուղղությամբ: «Միայն Բաքվի և Երևանի վրա ազդեցություն ունեցող միջազգային դերակատարների կողմից շարունակվող ուշադրությունը կարող է հույս տալ, որ հետագա բռնությունները կդադարեն: Մոսկվան և նրա արևմտյան գործընկերները պետք է առանձնահատուկ ջանքեր գործադրեն ուկրաինական պատերազմի հետ կապված իրենց պատմական բարձր լարվածությունը սահմանափակելու համար՝ հնարավորինս լուռ կամ անուղղակի համակարգելով իրենց ջանքերը և խուսափելով այն գործողություններից, որոնք մեկը կամ մյուսը կարող է սպառնալից համարել: (Մոսկվայի հստակ նյարդայնությունը Արևմուտքի ներգրավվածության վերաբերյալ ի հայտ եկավ սեպտեմբերի 14-ին, երբ բարձրաստիճան դիվանագետը մեղադրեց ԵՄ-ին Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու փորձի մեջ): Այս բոլոր արտաքին դերակատարները պետք է նկատի ունենան, որ Ռուսաստանի և Արևմուտքի շահերը Հայաստան-Ադրբեջան վեճում մեծապես համընկնում են. Ռուսաստանը չի ցանկանում որևէ էսկալացիա, որը կպահանջի իր արձագանքը, Արևմուտքն էլ չի ցանկանում էսկալացիա, որը կուժեղացնի Ռուսաստանին ներկայությունը տարածաշրջանում, որն առանց այն էլ աճել է 2020թ. ի վեր»,- ասվում է հոդվածում:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ են ասում միջնորդները Բաքվին և Երևանին, հիմնական ուղերձը չի փոխվել. կողմերի երկարատև վեճը ռազմական ճանապարհով լուծելու ջանքերը, հավանաբար, չեն տա ավելի լավ բան, քան կարող է տալ փխրուն, անկայուն խաղաղությունը: Փոխարենը, նրանք ասում են, որ կողմերը պետք է վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ, որտեղ լավագույնս կարող են հասնել իրենց նպատակներին։ Ինչքան էլ այս ուղերձը կարևոր է, այնուամենայնիվ, կենսական նշանակություն կունենա նաև հրատապության զգացում փոխանցելը: «2022թ. ընթացքում կռիվների հաճախականությունը տագնապի տեղիք է տալիս. արտաքին զգալի ճնշման բացակայության դեպքում 30-ամյա հակամարտությունը կարող է շատ հեշտությամբ նորովի բռնկվել, հատկապես, երբ սեպտեմբերյան մարտերը թարմ զայրույթ են առաջացնում մի տարածաշրջանում, որը դեռևս չի ապաքինվել 2020թ. պատերազմից»,- եզրափակում է հոդվածագիրը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930