«Հայաստանն այսօր վերածվել է բաց բաժնետիրական տարածքի։ Բոլոր տերությունները, գերտերությունները, որոնք մեր տարածաշրջանում որոշակի հետաքրքրություններ ունեն, իսկ Հայաստանը ոչ միայն քաղաքական, աշխարհագրական, այլև քաղաքակրթական խաչմերուկ է, ուզում են Հայաստանից բաժնեմաս ունենալ և հաջողում են, քանի որ Հայաստանը կորցրել է իր դիմադրողականությունը»,- այս մասին այսօր «Հայելի» ակումբում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց նախկին պատգամավոր, հասարակական և քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը’ հավելելով, որ բաժնետեր դառնալու հարցում հաջողել է նաև թուրանական տանդեմը, իսկ ներկա իրավիճակի շարունակության պայմաններում նրանց բաժնետոմսերի քանակը կարող է ավելանալ։
Ռուբեն Հակոբյանին այսօրվա իրավիճակը հիշեցնում է 40-ական թվականների Ֆրանսիան, երբ Պետենի գլխավորած կառավարությունը հռչակված էր անկախ, սակայն իրականում Հիտլերի խամաճիկն էր, ինչի արդյունքում երկու տարի անց Հիտլերին հաջողվեց գրավել Ֆրանսիան։ Բանախոսի խոսքով՝ այսօր էլ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն է հռչակված անկախ, սակայն իրականում այն Էրդողանի խամաճիկն է։
«Տարբերությունն այն է, որ Ֆրանսիայի դեպքում ի հայտ եկավ գեներալ Դը Գոլը և ազատագրական պայքարի միջոցով տեր կանգնեց երկրի ճակատագրին, իսկ մեր գեներալներն առայժմ միմյանց դեմ ցուցմունք են տալիս, իսկ բունկերում եղած գեներալներին բարոյական աջակցության միջոցով սերժանտացրեց Աննա Հակոբյանը»,- ասաց Հակոբյանը։
Նախկին պատգամավորն անդրադարձավ վերջերս տեղի ունեցած Փաշինյան, Ալիև, Շարլ Միշել և Էմանուել Մակրոն քառակողմ հանդիպմանը, փաստելով, որ և’ դա, և’ Փաշինյան-Էրդողան երկկողմ հանդիպումը հայկական կողմի համար խորը դիվանագիտական պարտություններ էին։
Կարդացեք նաև
Ռուբեն Հակոբյանը նշեց, որ այս օրերի ընթացքում նույնիսկ իշխանական մամուլը չկարողացավ համոզել, ասել, թե Հայաստանն ինչ է քաղել այդ հանդիպումներից, իսկ ադրբեջանական և ռուսական մամուլները, վերլուծաբանները հստակորեն խոսում են թուրանական շահերի և հայկական պարտության մասին։
«Ես զարմանում եմ, որ մարդիկ ոգևորվում են, որ հանդիպումից հետո տարածված հայտարարության համաձայն՝ Եվրամիությունն ունենալու է քաղաքացիական դիտորդներ։ Հայտարարության մեջ նշված է, որ Ադրբեջանը պարտավորվում է թույլատրել դիտորդական առաքելության իրականացումը, ցիտում եմ, «այնքանով, որքանով դա առնչվում է»։ Այսինքն, նույնիսկ նշված չէ, թե հստակ որտեղ են լինելու դիտորդներ, ցանկացած պատճառով Ադրբեջանը կարող է ասել, որ որևէ բան իրեն չի առնչվում և թույլ չտալ դիտորդական առաքելություն։ Այսքանից հետո Ադրբեջանը միանշանակ շահել է քառակողմ հանդիպմանը»,- ասաց բանախոսը։
Ռուբեն Հակոբյանը նկատեց, որ Եվրոպան շարունակում է իր երկդիմի քաղաքականությունը. Եվրոպան տեսնում է, որ մեր զինվորներին գնդակահարում են, հասկանում է, որ դա պատերազմական հանցագործություն է, սակայն Ադրբեջանին չի դատապարտում, ընդհակառակը, շնորհակալություն է հայտնում գազամատակարարման հարցում համագործակցության համար. «Եվրոպան տեսնում է ռուս-ուկրաինական հակամարտությունը, հայ-ադրբեջանական հակամարտությունը, Ռուսաստանի դեմ կիրառում է պատժամիջոցներ, իսկ Ադրբեջանին’ շնորհակալություն էներգակիրների համար»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































