Լրահոս
Օրվա լրահոսը

«Չանչուրյան դառնալ պետք չէ»

Հոկտեմբեր 14,2022 13:00

Հայաստանի պարի պետական անսամբլի խորհրդանիշ մաեստրոյի սովորեցնելու բանալին

«Լեգենդներն ու ասքերը, երգերն ու պարերը՝ յուրաքանչյուր ազգի յուրօրինակ հնչող այդ տարեգրությունը, արտահայտում է նրա անցյալը, ներկան, երազանքներն ու ձգտումները, նրա իմաստությունն ու գեղեցիկի զգացումը… Պարը ինքնարտահայտման միջոց է, հոգեւոր տարածք, զրուցելու միջոց ոչ միայն ժողովրդիդ, այլեւ աշխարհի հետ։ Պար ցուցադրելիս երակներումդ արյունդ պետք է էլ ավելի արագ հոսի, էլ ավելի լարվի գենետիկ հիշողությունդ եւ, անկասկած, հպարտությունդ՝ հայ լինել ու մնալու համար»,- այս միտքը «Առավոտի» հետ զրույցում ժամանակին հնչեցրել էր հայ պարարվեստի նվիրյալ, Հայաստանի պարի պետական անսամբլի խորհրդանիշ դարձած եւ պարզապես անհատականություն Սուրեն Չանչուրյանը։

Կեսկատակ-կեսլուրջ հարցին՝ ինչպե՞ս դառնալ Չանչուրյան, մաեստրոն պատասխանել էր. «Չանչուրյան դառնալ պետք չէ։ Պարելիս եթե մտածում ես՝ ինչպե՞ս պարել, ուրեմն դու պարող չես։ Իսկ եթե մտածում ես՝ ի՞նչ պարել, հաջողությունը քեզնից անպակաս կլինի։ Մի բան գիտեմ. նախ պետք է հոգիդ պարի, հետո հոգուդ թռիչքը վերածվի շարժման ու փոխանցվի մարմնիդ։ Այսքան բան»։

Օրերս Երեւանի օպերային թատրոնում Հայաստանի պարի պետական անսամբլը ներկայացավ հատընտիր ծրագրով՝ նվիրված, ինչպես ասվում է՝ պարի պետականի բոլոր ժամանակների անկրկնելի պարագլուխ Սուրեն Չանչուրյանի ծննդյան 85-ամյակին։ Հայկական պարարվեստի գլխավոր պրոպագանդիստ հանդիսացող այս անսամբլում է տասնամյակներ շարունակ որպես արտիստ, ապա՝ որպես ղեկավար փայլել Սուրեն Չանչուրյանը։ 1993-ից, երբ արտիստը արդեն իր ընտանիքի (մշտապես այս բառով էր արտահայտվում անսամբլի մասին- Ս.Դ.) ղեկավարն էր, անսամբլը շատ արագ նոր ծրագրով ներկայացավ ոչ միայն հայ հանդիսատեսին, այլեւ հյուրախաղերով մեկնեց Լիբանան, Իրան, Չինաստան եւ այլն։

Այդ տարիներին տաղանդավոր պարուսույցներ Գագիկ Կարապետյանի, Ասատուր Կարապետյանի բեմադրությունները, իհարկե՝ Ռուբինե Հովհաննիսյանի, Սահակ Մուրադյանի դիզայնով արված զգեստները նոր գույներ, նոր հնչեղություն հաղորդեցին տղամարդկանց խրոխտ, կանանց հեզաճկուն պարերին։ Շեշտենք, որ յուրաքանչյուր պար պահանջում է «իր» զգեստը, որի ապահովումը ղեկավարի, տնօրենի գործառույթի առաջին հորիզոնականներում է։

Չմոռանանք, որ Սուրեն Չանչուրյանի ղեկավարության տարիները համընկան մեր երկրի համար ծանր ժամանակաշրջանի հետ։ Բայց ի թիվս հայաստանյան որոշ այլ կոլեկտիվների, պարի պետականը կարողանում էր լուծել ծագած խնդիրները, բնականաբար՝ «ընտանյոք» հանդերձ։ Իսկ թե ի՜նչ արտիստ էր Չանչուրյանը, այստեղ, հաստատ, խոսքերն ավելորդ են, այդ թվում՝ նույնիսկ պարագետների շռայլ գովեստի խոսքերը։ Այս առիթով միայն նշենք, թե ինչպես էին վառվում լեգենդար Վանուշ Խանամիրյանի աչքերը, երբ խոսքը վերաբերում էր Սուրեն Չանչուրյանին։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31