Գյումրու «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը, որը սոցիալական ծրագրեր է իրականացնում, ամեն տարի կարիքավորներին վառելափայտ բաժանում, իր ֆեյսբուքյան էջում, դիմելով կառավարությանը, նախազգուշացնում է՝ մտածել գալիք տարվա ձմռան մասին, քանի որ վառելափայտի գները կտրուկ թանկացել են։


«Գյումրու շուկայում վառելափայտի դեֆիցիտ կա, բացի այդ 3 կուբամետրը 5 կուբամետրի տեղ են վաճառում։ Իրենք ասում են՝ չափաբաժնով ենք վաճառում, սա է իմ չափաբաժինը»,-մեզ հետ զրույցում ասաց Գյումրու «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը։
Կարդացեք նաև
Ըստ նրա՝ այս տարի անելանելի իրավիճակ է ստեղծվել՝ և՛ սոցիալական վիճակն է ծանր, և՛ հովանավորների թիվն է պակաս։ Այժմ մտածում են՝ ինչ անել, որ ցրտահարության դեպքեր չարձանագրվեն․ ամեն տարի առնվազն 1000 ընտանիքի, որոնց մեծ մասը տնակներում են բնակվում, նախապես ցուցակագրել ու վառելափայտ են բաժանել։ Իհարկե, եղել է տարի, երբ 1500 ընտանիքի են բաժանել։ Սկզբում, ըստ մեր զրուցակցի, առանձնացրել են ամենաաղքատներին, նրանց վառելափայտ հատկացրել ողջ ձմռան համար, որոշ ընտանիքների էլ օգնել են 2-3 անգամ։ Այս ընտանիքները, պարոն Թումասյանի ասելով, իրենք ևս հայթայթայել են որոշակի քանակությամբ վառելիք ու մի կերպ ձմեռը «գլորել»։
Վահան Թումասյանի փաստմամբ, կարիքավորներին օգնելիս՝ մինչև ապրիլ ամիս պիտի նկատի ունենաս․ Շիրակի մարզում ձմեռը երկար է։
Մեր զրուցակիցն ասում է՝ սոցիալական խնդիրները, աղքատությունն ավելի խորացել է, չգիտեն ինչպես իրագործեն ծրագիրը, իսկ գյումրեցիները, ինչպես միշտ, հույս են կապում հենց իրենց հետ ու չեն կարող մերժել։ Վահան Թումասյանի ասելով՝ այս հարցը դեռ պիտի քննարկեն հովանավորների հետ։ Եղել են տարիներ, երբ նույնիսկ պարտքով են վառելափայտ բաժանել՝ ամբողջ տարին պարտքերը փակելով։ «Պարտադիր թիրախավորում էինք ցրտահարման շեմին գտնվող ընտանիքներին, մոտավորապես գիտենք՝ ովքեր են, իրենց շտապօգնության պես հասնում էինք,որ ցրտահարման ռիսկից դուրս գային, մահացածության դեպքեր չլինեին։ Մեր օգնությունը եղել է մասսայական, ցրտահարման վտանգի տակ գտնվողները հիմնականում տնակներում ապրողներ են»։
«Շիրակ կենտրոն» ՀԿ-ն ամեն տարի այս ծրագրի համար փայտ է կուտակել, տնակները հենց քանդել են, վառելափայտը կարողացել են պահել ու մինչև Նոր Տարի կուտակածը բաշխել։ Այժմ, ըստ նրա, կուտակած վառելափայտ չունեն, ամենաճիշտը պետական ծրագիր իրագործելն է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































