Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ դրական բաներ են ասվում ՌԴ-ից՝ դա չի դիտարկվում որպես ներքին գործերին միջամտություն». «Առերեսում»

Հոկտեմբեր 29,2022 22:00

Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինն առաջին գործիչը չէ, որի մուտքը Հայաստան արգելվել է, ճանաչվել է անցանկալի։ Հիշեցնենք, որ նման արգելք եղել է նաեւ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի, ՀՅԴ Հայ Դատի Նիդեռլանդների հանձնախմբի ատենապետ Մասիս Աբրահամյանի և նրա դստեր՝ Սյունե Աբրահամյանի պարագայում։ Նաեւ դեռ ամառվանից նման լուրեր կային ռուսաստանաբնակ ծագումով հայ որոշ գործիչների վերաբերյալ։ Սակայն հակազդեցությունը, որ հետեւեց Կոնստանտին Զատուլինի պարագայում, ավելի ուժգին էր։

«Այլ գործիչները, որոնց մուտքն արգելվել է Հայաստան՝ չեն եղել խորհրդարանական գործիչներ,- այս առնչությամբ ասաց «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ ԱՊՀ ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը:- Այստեղ կարգավիճակի տարբերությունն էական է. այսինքն՝ խոսքը ոչ թե հասարակական գործիչների մասին է, այլ խորհրդարանական կարեւոր հանձնաժողովի 1-ին փոխնախագահի, որի գործունեությունը 90-ական թվականներից սերտ կապված է եղել Հայաստանի հետ: Եվ մասնավորապես՝ հենց ինքն է նախաձեռնել Պետդումայում, այդ թվում նաև Ցեղասպանության ճանաչման հարցը»:

«Առերեսում» հաղորդաշարի մյուս հյուրը՝ հանրային, քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանը նշեց, թե չի համարում, որ ՌԴ Դուման կամ կառավարող կուսակցությունը «դեմ էր Հայոց Ցեղասպանության ճանաչմանը, բայց այ, Զատուլինը տենց կուրծքը պատռելով գնացել, ընդունել է տվել օրինագիծը»

Դիտարկմանը, որ եթե Զատուլինը նույնիսկ անընդունելի հայտարարություններ էր արել՝ տեսակետ կա, թե կարելի է ՌԴ դեսպանությանը բողոքի նոտա փոխանցել, իսկ այսպես ստացվել է դեմարշ Ռուսաստանի դեմ՝ պրն Սահակյանն արձագանքեց. «Ոչ, ես կարծում եմ՝ Զատուլինն այդ կերպարը չէ, որի դեմ իրականացված ակտը կարելի է համարել Ռուսաստանի դեմ իրականացված ակտ՝ մի քանի պատճառներով: Օրինակ՝ ակնհայտ է, որ Զատուլինը չի ներկայացնում ռուսական կառավարող շրջանակները, քանի որ ոչ Ռուսաստանն է ներկայացնում՝ ֆորմալ առումով, ոչ էլ կառավարող շրջանակները, քանի որ այդ մարդը շատ դեպքերում խոսում է բաներից, որոնցից տեղյակ չէ: Ընդ որում՝ պետական քաղաքականությունն այլ բան է ասում, ինքն՝ այլ: Դրա վառ օրինակը (վերջինը, բայց ոչ միակը) նրա արած պնդումն է, թե ՀՀ ղեկավարությունը համաձայնություն է տվել էքստերիտորիալ միջանցքի վերաբերյալ»: Այս հայտարարությունը նա գնահատեց իբրեւ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից երկրի ներքին գործերի միջամտություն:

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը նշել էր. «Հայաստանի բարեկամները կարող են իրենց թույլ տալ հայ ժողովրդի և Հայաստանի պետականության շահերից ելնելով քննադատել իշխանությանը։ Շառլ Ազնավուրն էլ ժամանակին մեզ էր քննադատում, արգելեի՞նք Ազնավուրի մուտքը, կամ շատ շատերի։ Պետք է տարանջատել իշխանությունն ու պետությունը»։ Սուրեն Սահակյանը նախ ասաց, թե Ազնավուրի օրինակը լավը չէ, հետո հավելեց. «Նույն տրամաբանությամբ՝ Շարմազանովը կարո՞ղ էր մի Լազարյան ակումբ էլ Ռուսաստանում բացել, ու դներ՝ քննադատեր Պուտինի քաղաքականությունը, այն ժամանակ, երբ ինքը ԱԺ փոխնախագահն էր»:

Համահունչ տեսակետ արտահայտել են նաեւ ՔՊ խմբակցության պատգամավորները: Ասենք, Հրաչյա Հակոբյանն ասել էր լրագրողներին. «Եթե այլ երկրի քաղաքական գործիչը միջամտում է մեր ներքին քաղաքական կյանքին և անում է հայտարարություններ, որ, օրինակ, վարչապետը պետք է հրաժարական տա, կամ միջամտում է այլ քաղաքական հարցերին, կարծում եմ, որ նման քայլը սպասելի էր և տեղին»: Ալեքսանդր Մարկարովն ասաց, թե չի կարծում, որ Զատուլինը մեր պաշտպանության, օժանդակության կամ քննադատության կարիքն ունի. «Ինքն ինքնաբավ, քաղաքականության մեջ բավական երկար ժամանակ գտնվող անձ է, եւ բոլորին հայտնի է նրա վերաբերմունքն Արցախին ու Հայաստանին: Եվ այն պատճառով, որ մի քանի օր առաջ կայացվել է համապատասխան որոշումը՝ իր դիրքորոշումը Հայաստանի, հայերի եւ Արցախի նկատմամբ դժվար թե փոխվի»:

Ինչ վերաբերում է այլ երկրների քաղաքացիների դիրքորոշումների վերաբերյալ քաղաքականությանը՝ կարեւորեց, որ լինի ընդհանուր մոտեցում: Իսկ արտահայտվելը, ըստ քաղաքագետի՝ յուրաքանչյուր մարդու իրավունքն է, ինչպես նաեւ՝ պետության իրավունքն էլ համապատասխան ձեւով արձագանքելն է: «Եթե նույն Ռուսաստանում այս կամ այն քաղաքական գործիչը խրախուսում է, ողջունում է բարեփոխումները, որոնք տեղի են ունենում ՀՀ-ում՝ դա ներքին գործերի միջամտությո՞ւն է, թե՞ ոչ»,- զրուցակցին հարցրեց Ալեքսանդր Մարկարովը: «Ոչ, ոչ էլ քննադատությունն է միջամտություն»,- պատասխանեց Սուրեն Սահակյանը: «Երբ դրական բաներ են ասում՝ դա չենք դիտարկում որպես ներքին գործերին միջամտություն»,- ընդգծեց պրն Մարկարովը:

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31