Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ ֆուտբոլի Ռուսաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Էդուարդ Բագրինցեւը, որը ներկայումս հանդես է գալիս Սլովակիայի «Դուբնիցա» ակումբում, Հայաստանի քաղաքացիություն ստանալու որոշում է կայացրել:
Իսկ ինչո՞ւ հենց Հայաստանի հավաքական: Նույն ռուսական մամուլը նշում է, որ ֆուտբոլիստը դրա բոլոր հիմքերն ունի, քանի որ, նախ, նրա հայրը հայ է, իսկ մայրը կիսով չափ հայ է, ապա, հաշվի առնելով, որ Ռուսաստանի բոլոր հավաքականները եւ ակումբային թիմերը անորոշ ժամանակով հեռացված են միջազգային մրցումներից, որոշումը տրամաբանական է:
Ըստ ռուս վերլուծաբանների, մի էական հանգամանք էլ կա: Չնայած Բագրինցեւը Ռուսաստանի տարբեր տարիքային հավաքականներում խաղացել է, սակայն դժվար թե նա հիմա հետաքրքրի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինին: Դժվար է ասել նաեւ, թե ֆուտբոլիստի խաղամակարդակը հիմա ինչպիսին է: Սակայն ամեն դեպքում Հայաստանի ազգային հավաքականում ընդգրկվելը նրա համար ավելի հեշտ կլինի:
«Ես շատ ուրախ եմ Հայաստան գալու համար: Փաստաթղթերս հանձնել եմ Հայաստանի անձնագիր ստանալու համար եւ մոտ ժամանակներս կգամ: Շատ եմ սպասում Հայաստանի հավաքական հրավերիս»,- Էդուարդ Բագրինցեւի խոսքը մեջբերել է Metaratings-ը:
Կարդացեք նաև
Ոչ վաղ անցյալում լուրեր տարածվեցին, թե Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զաքարյանն է ցանկանում Հայաստանի քաղաքացիություն ստանալ: Ինքը՝ ֆուտբոլիստը, այդ տեղեկությունը ոչ հերքել, ոչ հաստատել է: Սակայն վերջերս Ղրղզստանի հետ ընկերական հանդիպումից առաջ Զաքարյանը հեռացել էր հավաքականից: Այդ առիթով ռուսական լրատվամիջոցները գրում էին, թե ֆուտբոլիստը վնասվածք ունի:
ՖԻՖԱ-ի կանոնադրությունն ասում է, որ եթե ֆուտբոլիստի 21 տարին չի լրացել եւ նա հավաքականի մարզաշապիկով միջազգային երեք հանդիպումից (ներառյալ ընկերականները) ավելի չի անցկացրել, կարող է փոխել քաղաքացիությունը: Գուցե դրա համա՞ր էր Արսեն Զաքարյանը ընկերական հանդիպման նախօրեին լքել հավաքականը:
Չէ՞ որ խոսակցություններ կային, որ Արսեն Զաքարյանով լրջորեն հետաքրքրված է «Չելսին», բայց ներկայիս վիճակով գրեթե անհնար է ռուսական անձնագրով տեղ ստանալ ԱՊԼ ակումբում: Իսկ հայկական անձնագրով՝ խնդիր չկա: Միայն երկրի հավաքականի կազմում պետք է համապատասխան քանակությամբ խաղերի մասնակցել: Եվ եթե Հայաստանի համար Բագրինցեւի կարեւորությանը դժվար է գնահատական տալ, Զաքարյանը հաստատ կարող է դառնալ հավաքականի հիմնական խաղացող:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































