«Ստի կայսրության մեջ ենք ապրում, սրանք կարողացան ստի կայսրություն կերտել, հիպնոսացնել հանրությանը; Եվ հիմա նրանք, որոնք դուրս են գալիս այդ հիպնոսի տակից, հասկացել են թե իրականում ինչ է կատարվում իրենց հետ: Նոյեմբերն այն ամիսն է, որտեղ մեզ համար ցավը շեշտակիորեն կրկնապատկվում է, այս օրերին ավելի սուր է դառնում վերհուշների ու խայտառակ կապիտուլյացիայի պատճառով»,-«Հայելի» ակումբում նշեց հերոս Վաչագան Մանուկյանի հայրը՝ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը:
«Մարդը (Նիկոլ Փաշինյանը-Գ.Հ.) շանս ուներ մեր պատմության մեջ այդ չափի սխալներ անելուց հետո, երբ խաղաղության անվան տակ ամենամեծ արհավիրքն ու պատերազմը բերեց մեր ժողովրդի գլխին, եւ այդ անկարողը, մահաբերը, որ «լայվ» շատ էր սիրում, նույն գիշերը ստորագրելուց առաջ կարող էր ասել՝ չեմ ստորագրելու այդ կապիտուլյացիոն թուղթը, որովհետեւ հայ զինվորներն իրենց կյանքը տվեցին, խիզախեցին, պայքարեցին, պահեցին երկիրը: Կարող էր ասել՝ ես չեմ համաձայնում այս ամենի հետ, կարող էր ասել, որ իրեն պատին են դեմ տվել թուրքական ու չգիտեմ ինչ ուժերը, որոնց ինքը այդքան սիրում էր…»,-«Հայելի» ակումբում ասաց Խաչիկ Մանուկյանը:
Ապա հավելեց. «Ու հիմա ասում եք՝ բոլորը մեր դեմ են… էդ ձեր քաղաքականության պատճառով են մեր դեմ, եթե դիլետանտների խումբը չի կարողանում ինչ-որ խնդիր լուծել, իհարկե պետք է հայտնվի աշխարհի հանրության ոտքերի տակ: Ու մենք ոչինչ չենք կարող պահանջել ուրիշներից…Սրանք թռնում են այստեղ-այնտեղ, գնդակի պես տշվում են, զոմբիախմբին էլ ասում են, թե իբր հարց են լուծում, բայց իրականում Հայաստանը զրո կարգավիճակում է: Հայաստանն այսօր որպես քաղաքական միավոր գոյություն չունի աշխարհի առջեւ: Եվ ուրիշները որեւէ հարցի չեն էլ ուզում խառնվել:
Վերջերս մի բարձրաստիճան ամերիկացի կին էր եկել Հայաստան, մի երկու կաթիլ արցունք թափեց: Եկավ մեր վրա լաց եղավ, գնաց, ասաց՝ ձեր ցավը տանեմ, լավն եք, բայց չունեք քաղաքական էն ուժը, որը կարող էր ձեզ արժանապատիվ կերպով ներկայացնել աշխարհում: Եվ այդ կնոջ արցունքները մեկնաբանեցին որպես պաշտպանություն: Ո՞ւր ենք հասել, որ կնոջ արցունքները պետք է պաշտպանություն համարվեն… Այսօր մեր ողջ ժողովուրդն է լաց լինում, որովհետեւ թրքաքայլականները ձախողեցին ամեն ինչ, եւ իրենց որդեգրած քաղաքականությունը որեւէ կերպ հաջողության նշույլ անգամ չբերեց: Այն ընդհակառակը, պարտության սրընթաց ընթացք էր»:
Կարդացեք նաև
Խաչիկ Մանուկյանն ընդգծում է. «Հիմա մի Նիկոլ Փաշինյան ելել է մի ուրիշ Նիկոլ Փաշինյանի դեմ: Կառավարության նիստում հայտնվել է մի Փաշինյան Նիկոլ, որն ամեն կերպ քննադատեց մի ուրիշ Փաշինյան Նիկոլի, ինչ ասես՝ ասաց, որ Ալիեւը ցեղասպանության է պատրաստվում… էն մյուս Փաշինյան Նիկոլին է ասում, որը ժամանակին ասում էր՝ մեր կիրթ, բարեկիրթ Ալիեւն ու Էրդողանը: Հիմա երկու Նիկոլներն իրար են հոշոտում: Ժողովուրդն էլ նայում է ու չի հասկանում, թե էս ինչ ծաղր է…Աշխարհի երեսին չեք գտնի մեկ այլ քաղաքական ուժ, որը նման խեղկատակության կվերածի իր երկրի քաղաքական դաշտը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































