Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության նիստում երեկվա ելույթն ուղղված էր ներքին լսարանին, ավելի կոնկրետ՝ ելույթում հնչած մտքերը հետագայում ներքին լսարանին վաճառելու եւ սեփական մեղքն իր վրայից գցելու համար։ Այս կարծիքին է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Իմ խորին համոզմամբ՝ երեկվա ելույթը բացառապես մեկ նպատակ ուներ՝ գալիք արհավիրքներից հետո, երբ դրանք տեղի ունենան, Փաշինյանը հնարավորություն ունենա, ինչպես միշտ, մեղքն իր վրայից գցելու եւ ասելու՝ ես նոյեմբերի 10-ին կառավարության նիստում սրա մասին զգուշացրել էի։ Ավելին ասեմ՝ ես գրեթե վստահ եմ, եւ դա շատ փաշինյանական կլինի, որ ինքը երեկվա իր ելույթը, ու հետագա արհավիրքներից հետո կայանալիք իր ելույթը միաժամանակ է գրել։ Այսինքն, մեր եւ Արցախի առաջ ծառացած հիմնախնդիրների հետեւանքով ստեղծվելիք այս կամ այն արհավիրքի հետ կապված Փաշինյանի ելույթն արդեն պատրաստ է»,-ասաց Մամիջանյանը։
Նրա խոսքով՝ Փաշինյանի ելույթը բացառապես ներհայաստանյան լսարանին էր ուղղված՝ մեղքն իր վրայից գցելու գործիք օգտագործելու նպատակով․«Մեկ տարի առաջ Փաշինյանն ասում էր՝ մենք դեռ պիտի պարզենք՝ Ադրբեջանն ու Թուրքիան ուզո՞ւմ են հայերի Ցեղասպանությունը շարունակել, ավարտին հասցնեն։ Հիմա վերջապես պարզեց»։
Պատգամավորը նկատեց՝ երեկվա իր ելույթում Փաշինյանն ասում է՝ Ադրբեջանի նախագահը թուրքական տեղանուններ է օգտագործում․ «Ո՞րն է նրա եւ Ալիեւի տարբերությունը։ Փաշինյանն էլ Սյունիքի մարզի հայկական գյուղերի մասին խոսելիս՝ օգտագործում է թուրքական անուններ»։
Կարդացեք նաև
Անդրադառնալով նույն ելույթում Փաշինյանի նշած՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին եւ ռուս խաղաղապահների առաքելության ժամկետը երկարաձգելուն, Մամիջանյանը նշեց․ «Մեկ ամիս առաջ Փաշինյանի հռետորաբանությունը հստակ կարող էր դիտվել որպես խաղաղապահ առաքելության արդյունավետությունը ոչ այդքան բարձր գնահատելու տրամաբանության մեջ։ Ի՞նչ է փոխվել այս մեկ ամսվա ընթացքում։ Նոր հորիզոննե՞ր են բացվել իր համար։ Կրկնում եմ՝ այս ամենը ներքին լսարանին հետագայում վաճառելու համար է արվում։ Նշված կետերից որեւէ մեկում Փաշինյանը անկեղծ ու ամբողջությամբ չէր ներկայացնում իրավիճակը։ Մասնավորապես՝ Լաչինի մասով։ Իմ կարծիքով՝ Ադրբեջանի հայտարարությունը՝ հումանիտար օգնության պատրվակով սպառազինության տեղափոխման հետ կապված, հստակ քարոզչական հնարք է՝ հետագայում Լաչինի միջանցքը փակելու համար, նաեւ՝ հրադադարի ռեժիմի խախտման հաճախականությունն ու թիրախայնության փոփոխության հետ կապված քարոզչությունը հաշվի առնելով, կարող ենք ասել, որ Ադրբեջանը նաեւ քարոզչական մակարդակում հող է նախապատրաստում հետագա ագրեսիվ գործողության համար։ Իսկ ո՞ւր էր Փաշինյանը այս երկու տարում, երբ քարոզում էր «խաղաղություն ամեն գնով» թեզը, երբ մեր քաղաքացիներին խաբելով, թե իբր ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու է Մադրիդյան սկզբունքներով եւ կառուցելու է խաղաղություն, բանակցային գործընթացը հասցրեց նրան, որ մենք Մադրիդյան սկզբունքներից կիլոմետրերով հեռու ենք, ապա սեպտեմբերին ԱԺ-ում ընդունեց, որ խաղաղության օրակարգը ձախողվել է»։
Կարելի՞ է ենթադրել, որ խաղաղության պայմանագիրը դժվար թե մինչեւ տարեվերջ կնքվի, այս հարցին ի պատասխան պատգամավորն ասաց՝ կարեւոր չէ, թե այն երբ է կնքվելու, դա պարտադրված խաղաղություն է, իսկ պարտադրված խաղաղությունը հարատեւ լինել չի կարող։
Արդյոք պատահական էր, որ այս Փաշինյանի այս ելույթը Սոչիում եռակողմ հանդիպումից հետո էր, այս հարցին ի պատասխան էլ պատգամավորն ասաց․ «Ձեր հարցը ենթադրում է, որ Փաշինյանն իր գործողությունները պայմանավորում է միջազգային հարաբերություններով, զարգացումներով, կամ պայմանավորում է ՀՀ-ի եւ Արցախի շահով։ Դա այդպես չէ։ Փաշինյան Նիկոլի ցանկացած գործողություն միտված է երկու գերագույն նպատակին՝ սեփական կաշին փրկելուն ու եւ աթոռը փրկելուն։ Իր գործողություններում պետք չէ աշխարհաքաղաքական զարգացումների մոտիվ փնտրել։ Դա անում է, որովհետեւ հասկանում է, որ արդեն վատ է վիճակը։Մանիպուլյացիայի առաջին արարն արեց»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































