Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Դատավորի գործողություններն ուղղված են եղել հօգուտ Մարինա Խաչատրյանի, բացարկի միջնորդություն ենք ներկայացրել»․Ստեփան Սաֆարյանն՝ իր դեմ հայցով դատական նիստի մասին

Նոյեմբեր 17,2022 22:22

Երեւանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը դեռ 2019 թվականին դատական հայց է ներկայացրել ընդդեմ Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստեփան Սաֆարյանի՝ վիրավորանքի եւ զրպարտության հիմքով։

Այսօր այս գործով հերթական նիստն էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում, դատավորը Ավագ Գաբրիելյանն է։

Այսօրվա դատական նիստում Սաֆարյանի փաստաբանը դատավորին բացարկի  միջնորդությունը ներկայացրեց, որը գրավոր նախապես ուղարկել էին։

Aravot.am-ի հետ զրույցում Ստեփան Սաֆարյանն ասաց, որ ծավալուն միջնորդությամբ ներկայացրել են դատավորի խախտումները․ «Դատավորը հարցրեց՝ արդյոք սրա հիմքում նոր բան չկա, ասացինք՝ կա։ Ուզում էր մերժել։ Մենք նշել ենք, որ դատավորն անկողմնակալ չի կարող լինել, որ նրա ամբողջ գործողություններն ուղղված են եղել հօգուտ Մարինա Խաչատրյանի, այսպես ասած՝ օգտին, եւ մեր վիճակը վատթարացնելուն»։

Նոյեմբերի 22-ին, ժամը 17:55-ին դատավորը կհրապարակի բացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը։

Թե ինչ խախտումներ է արել դատավորը, Սաֆարյանը պարզաբանեց՝ օրինակ հայցի հիմք է ընդլայնել, հայցի առարկա է փոխել, հայցի հիմքում դրել է փաստեր, որոնք Մարինա Խաչատրյանը չի դրել, խախտել է դատավարության օրենսգիրքը եւ այլն։ Սաֆարյանն ասաց, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու դիմում են պատրաստել։ Ի դեպ, հայցվոր կողմի պահանջով դատական նիստերը, ինչպես որոշել է դատարանը, չի թույլատրվում տեսաձայնանկարահանել։

«Նախորդ դատական նիստերից փորձում էինք հասկանալ, թե քանի վիրավորանք եւ զրպարտության գործ է քննվում։ Մարինա Խաչատրյանը հայցի համար պետտուրք է վճարել վեց վիրավորանքի եւ մեկ զրպարտության համար։ Դատավորի աչքի առաջ Խաչատրյանի փաստաբանն ավելացրեց մինչեւ քառասուն վիրավորանք։ Մենք էլ հարցրեցինք՝ եթե քառասուն արտահայտությունից եք վիրավորվել, ինչո՞ւ եք յոթի համար պետտուրք վճարել, ի վերջո, դատական գործն ինչի՞ շուրջ է գնալու, քառասունի՞, թե՞ յոթի։ Սկսվեց մի անպատկերացնելի տանջալից գործընթաց։ Մենք չկարողացանք պարզել, թե ինչից պետք է պաշտպանվենք, ի՞նչ մեղադրանք է ինձ ներկայացվում, ո՞ր բառն է, ո՞ր գրառումն ու արտահայտությունն է վիրավորանքը։ Դատավորն ասաց՝ ես կպարզեմ։

Հարցուպատասխանով Մարինա Խաչատրյանի հետ եւ այլն․․․ հաջորդ նիստին մի քանի րոպեից դատավորը գնաց խորհրդակցական սենյակ։ Եկավ, կիլոմետրանոց տեքստ սկսեց կարդալ՝ բեռի բաշխման որոշումն է։ Անակնկալի եկանք, դատավարական օրենսգիրքը նման բան չի նախատեսում։ Մենք ասացինք, որ դատավարական օրենսգիրքն ասում է՝ կողմերի հետ խորհրդակցելուց հետո, կարծիքը հաշվի առնելուց հետո է որոշում կայացվի բեռն ինչպես բաշխել»,-պատմեց Սաֆարյանը։

Իսկ թե կոնկրետ, որ արտահայտություններից վիրավորվել Մարինա Խաչատրյանը, Ստեփան Սաֆարյանն ասաց․«Ասել եմ՝ շատ ճարպիկ աղջիկ է, ում ձվերն ասես կբերի»։ Սակայն այս խոսքերը նախապատմություն ունեն։ Սաֆարյանը հիշեցրեց․«2019 թվականի աշնանը Մարինա Խաչատրյանն անպարկեշտ իրեր բերեց մեր ինստիտուտի գրասենյակ, որոշ սեռական ասոցիացիաներ առաջացնող իրեր էին՝ երկու ձու էր՝ փաթեթավորված երկնագույն ժապավենով՝ ուղեկցող բավականին թանկարժեք պաստառներով, որոնցից մեկը պոռնոգրաֆիկ պաստառ էր՝ իմ նկարն էր, վրան սեռական օրգաններ նկարած։

Ինձ եւ այլ մարդկանց, ովքեր հեղափոխությունը պաշտպանել են, թուրքական գլխարկով պատկերած։ Եվ այդ ամենը նա իր հանրային ելույթներում մեկ շաբաթ, ամեն օր հեռուստատեսությամբ կրկնել է, պատմել է հրապարակից ու իմ հասցեին շարունակել է իր վիրավորական ելույթները։ Ես, որպես ավանդական ընտանիքում մեծացած, վիրավորվել էի,եւ գտնում եմ, որ անհարիր է կնոջ համար նման բան անի, մանավանդ, որ ինքը հայտարարում է, որ ինքը ավանդական արժեքների համար է պայքարում։ Համբերությանս բաժակը լցվեց, ու չեմ հերքում, ես կոշտ գրառումներ եմ արել։

Գրել եմ՝ Գոռի գրկած, փրկած, մաժած։ Եթե դատարանն ընդուներ, որ նա այլանդակություն է կատարել եւ ներողություն խնդրեր հանրության առաջ, որ տղամարդու արժանապատվության հանդեպ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել, ինձ ոչինչ չէր կաշկանդի, եւ կկանգնեի ու կասեի, որ շատ կոշտ եմ պատասխանել նրան։ Բայց երբ տեսնում ես, որ դատարանը նման մարդուն պաշտպանում է եւ ամեն ինչ տանում է նրան, որ Ստեփան Սաֆարյանը այնպիսի գործողություն է արել ու ներողություն պետք է հայտնի, դա արդարադատություն չէ։ Եվ ինչո՞ւ է իմ այդ խոսքերից վիրավորվել նա, Մարինա Խաչատրյանն ինքն է տարբեր եթերներում մանրամասն պատմել, թե ավագանու այդ նիստի ժամանակ Գոռ Վարդանյանն ինչպես է իրեն գրկել, մարմնի որ հատվածներին է կպել»։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930