Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Սա խաղի կանոն էր՝ թաքցրու, հետո կմուծվես ու բոլորը աչք կփակեն». Կոնջորյան

Դեկտեմբեր 06,2022 18:25

«Մենք այսօր ուզո՞ւմ եք իրարից բան թաքցնենք, թե՞ չթաքցնենք: Դա մոդելի ու աշխարհընկալման հարց է: Ժամանակին ուրիշ մոդել էր գործում ու ուրիշ աշխարհընկալում էր՝ որ թաքցնելը ընդունված նորմ էր: Խաղի կանոնը թաքցնելն էր՝ թաքցնել հարկերը, տեղեկատվությունը, ամեն ինչ»,- այսօր ԱԺ-ում «Հարկային օրենսգրքում» փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Հիշեցնենք, որ նախագծով համընդհանուր հայտարարագրման ինստիտուտն է ներդրվում:

Կոնջորյանը հայտարարեց, որ նախկինում առաջին հերթին «վերեւներն» էին թաքցնում ժողովրդից, ժողովրդի մի մասն էլ թաքցնում էր պետությունից. «Սա խաղի կանոն էր՝ թաքցրու, հետո կմուծվես ու բոլորը աչք կփակեն: Սա էր խաղի կանոն ժամանակին, բայց մենք այսօր այդ խաղի կանոններից դուրս ենք: Մենք կառուցում եք մի պետություն ու հասարակություն, որտեղ վերեւները չեն թաքցնում, ժողովուրդն էլ չի թաքցնում: Սա փոխադարձ պատասխանատվության մասին է, եթե պետությունը ժողովրդավար ու թափանցիկ է»:

Նա ասաց, որ սա հանրային դաշինք է, քաղաքացիական պայմանագիր է պետության ու ժողովրդի միջեւ. «Նախորդ մտածելակերպը պետականազուրկ մարդու մտածելակերպ էր, որ այս պետությունը իմը չի, հետեւաբար ամեն ինչ կարելի է թաքցնել ու դա արդարացված, թույլատրելի էր: Մենք հիմա այլ մտահորիզոնի մեջ ենք, որտեղ չպիտի գործենք պետականազուրկ մարդու տրամաբանությամբ»:

Կոնջորյանն անդրադարձավ նաեւ ընդդիմությանը, որ սուր են ճոճում, թե հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող նախագծեր ենք բերում, իշխանությունը չի գալիս քննարկման, մինչդեռ սրանից ավելի մեծ հանրային հետաքրքրություն ունեցող նախագիծ դժվար է պատկերացնել. «Հիմա մի փիլիսոփայական գլուխկոտրուկի առջեւ ենք կանգնած՝ ընդդիմությունը ե՛ւ կա, ե՛ւ չկա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031