Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Մի ուժեղ կնոջ պատմություն․ ինչպես երկրաշարժից երկու փոքրիկներին ու երկու ոտքերը կորցրած կինը սկսեց օգնել ուրիշներին

Դեկտեմբեր 07,2022 20:48

34 տարի առաջ հենց այս օրը`1988 թվականի դեկտեմբերի 7-ին, տեղի ունեցած ավերիչ երկրաշարժն ավելի քան 25 հազար կյանք խլեց։

Արհավիրքը չշրջանցեց նաև Արմինե Նիկողոսյանի ընտանիքին:

«Ամուսնացած էի, ունեի շատ լավ, խաղաղ ընտանիք, մինչև որ եկավ դեկտեմբերի 7-ը. ահավոր երկրաշարժ, որը հիմնովին քանդեց ամեն ինչ, նաև իմ ընտանիքը: Կորցրեցի 2 մանկահասակ երեխաներիս` երկամյա որդուս, մեկամյա դստերս և իմ առողջությունը`քայլելուս կարողությունը. այն ամենը, ինչ մարդուն տրված էր երջանիկ լինելու համար»,-վերհիշեց Արմինե Նիկողոսյանը:

Երկրաշարժից հետո Մոսկվայում նա պրոթեզավորվեց, այնուհետև Երևանի օրթոպեդիկ հիվանդանոցում շարունակեց հետագա բուժումը:

«Ես պետք է շատ կամքի ուժ, լավատեսություն ունենայի, որպեսզի կարողանայի միայնակ պայքարել… Քանի որ մնացել եմ, ուրեմն ինչ-որ մեկին պետք եմ: Որոշեցի հաղթահարել այն փորձությունները, որոնք ինձ էին բաժին հասել»,-ասաց մեր զրուցակիցը:

Արմինե Նիկողոսյանի համար դժվար էր Գյումրի վերադառնալը, տեսնել փլատակներն ու նորից վերապրել դաժան հիշողությունները։

Նա պատմում է, որ Երևանում ծանոթացել է «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց միություն ՀԿ ներկայացուցիչների հետ։ Նրանք սպորտի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց սովորեցնում էին լինել է՛լ ավելի ակտիվ և ուժեղ:

«Ես սկսեցի ինը տարբեր սպորտաձևերով զբաղվել՝ թենիս, բասկետբոլ, նետաձգություն, լող․․․ Փորձեցի ամեն ինչ, բայց ընտրեցի լեռնադահուկային սպորտը: Ելնելով իմ կարգավիճակից՝ հաճախ ասում էին, որ ես ընտրել եմ ամենադժվար սպորտաձևը: Ընդհանրապես երկրաշարժից հետո սկսված իմ պայքարը եղել է մեծ դժվարությունների գնով: 1998 թվականին մասնակցել եմ Ճապոնիայի Պարալիմպիկ խաղերին՝ գրավելով 4-րդ տեղը: 2001 թվականին Ամերիկայում լավ հաջողություններ ունեցա, սակայն ստացա վերք և դրանից հետո դադարեցի սպորտով զբաղվել, բայց ոչ լրիվ․ հիմա սեղանի թենիս եմ խաղում»,- ասաց  Արմինե Նիկողոսյանը։

Տիկին Արմինեն կիսվեց նաև մի պատմությունով, որը տեղի է ունեցել Մոսկվայում, իր ծննդյան օրը` դեկտեմբերի 27-ին, մի ծեր կին նրան Աստվածաշունչ է նվիրել` «ժամանակը կգա, կհասնես նրան, ինչին երազում ես» մակագրությամբ:

Նրա ասելով, երեք երազանքները որոշել էին չսպասեցնել, աստվածային նախախնամությամբ և մաքրագործ երրորդությամբ ամեն ինչ կատարյալ ընթացք պետք է ստանար: Մնում էր ջանալ և չհապաղել։ Արմինե Նիկողոսյանը երազում էր ունենալ տուն, մեքենա, որ նեղություն չտա որևէ մեկին։ Իսկ ամենակարևոր, գլխավոր երազանքը երեխայի ծնունդն էր:

«Ես միշտ սիրել եմ երեխաների հետ աշխատել, երևի հենց դա էր պատճառը, որ Աստծո կամոք 2009 թվականին արհեստական բեղմնավորման ճանապարհով ծնվեց որդիս: Ես անցա այդ դժվարին ուղին և հիմա ունեմ տուն, ընտանիք, աշխատանք: Այսօր ես արդեն կայացած մարդ եմ և կարողանում եմ օգնել ինձ նման հաշմանդամություն ունեցող երեխաներին, երիտասարդներին ապրելու լիարժեք կյանքով: Քանի կամ, ապրում եմ, միշտ կփորձեմ օգնել բոլորին», – հավելեց տիկին Նիկողոսյանը:

Արմինե Նիկողոսյանը նախագահում է «Փյունիկ» Հայաստանի Հաշմանդամություն ունեցող անձանց միություն բարեգործական ՀԿ-ի Գյումրու մասնաճյուղը․ նրա սոցիալական ցանցի գրառումներից ու լուսանկարներից արդեն իսկ ակնհայտ է, թե ինչքան ակտիվ ու հետաքրքիր հասարակական գործունեություն է ծավալում։

Նինա ԱԲԳԱՐՅԱՆ

ՇՊՀ լրագրություն բաժնի 2-րդ կուրսի ուսանող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031