Լրահոս
Օրվա լրահոսը

Վաչե Գաբրիելյան․ Արտաքին պարտքի այս ծավալը վտանգավոր չէ, ուղղակի արժեւորման տեսակետից այն զգայուն է․ «Հրապարակ»

Դեկտեմբեր 14,2022 11:26

Հարցազրույց ՀՀ նախկին փոխվարչապետ, ֆինանսների նախկին նախարար, տնտեսագետ Վաչե Գաբրիելյանի հետ

– Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը հատել է 10 միլիարդի շեմը։ Արտաքին պարտքի այս ծավալը որքանո՞վ է վտանգավոր մեզ համար։

– Գիտեք, վտանգի համար որոշակի չափանիշներ կան։ Այդ չափանիշներին եթե նայեք, դա այն է, թե ինչքան ռեզերվ ունեք, դա այն է, թե դրա սպասարկումը ձեր արտահանման քանի տոկոսն է, դա այն է, թե ինչ չափով է դա բյուջեի վրա ծանրանում որպես տոկոս եւ այլն։ Այսինքն՝ բացարձակ չափով երբեք պետք չէ նայել։ Պետք է նայել՝ տնտեսությունն ի վիճակի՞ է սպասարկել, թե՞ ոչ։ Բնականաբար, մեծ գումար է․ արժեւորման հետեւանքով հիմա այն իջել է 60 տոկոսից, բայց այդ արժեւորումն արագ է եւ կտրուկ, եւ չի բացառվում, որ այդ արժեւորումը որոշ ժամանակ հետո փոխվի։ Այդ տեսակետից երբեւէ անհնար է գնահատել, թե ինչ կլինի ապագայում։ Այս պահի դրությամբ, իմ ասած չափանիշներով, այն վտանգավոր չէ, ուղղակի այդ արժեւորման տեսակետից այն զգայուն է, որովհետեւ եթե արժեւորումը փոխվի, ապա այդ դեպքում բեռն ակնհայտ ծանրացում կունենա։

– Դոլարի, եվրոյի եւ ռուբլու փոխարժեքի կտրուկ անկում է նկատվում։ Արդյոք արհեստական ներգործություն կա՞ փոխարժեքի վրա։

– Ոչ, դա արհեստական չէ, որովհետեւ կապված է էական ներհոսքով` ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված։ Ճիշտ նույն իրավիճակը տեղի է ունենում Վրաստանում, եւ ճիշտ նույն խնդիրն է դրվել վրացական տնտեսության համար։ Այնտեղ կա արժեւորում, վրացիները գնել են շուկայից ավելի մեծ քանակությամբ դոլար` իրենց Կենտրոնական բանկը, քան մերը, բայց մերը եւս գնել է մեծ քանակությամբ՝ մի քանի հարյուր միլիոնի կարգի դոլար։ Այսինքն՝ մեր ԿԲ-ի քաղաքականությունը եղել է այդ արժեւորմանը հակառակ, ոչ թե որ արժեւորմանն օգնի, այլ այդ արժեւորումը հնարավորինս դանդաղեցնի։ Ուղղակի այդտեղ միայն դրամավարկային քաղաքականության միջոցներով հնարավոր չէ դա անել։ Եթե նայեք թվերով, թե ինչքան փող է եկել Հայաստան, մեր 10 ամիսների ընթացքում ավելի շատ տրանսֆերտներ է եկել Հայաստան, քան անցած ամբողջ տարվա ընթացքում։ Վրաստանում 5 անգամ ավելի շատ փող է եկել, քան անցած տարվա ընթացքում։

Այսինքն՝ սա, կապված աշխարհաքաղաքական զարգացումներով, էական ներհոսք է ապահովել, որի հետեւանքով տնտեսությունն աճում է իր պոտենցիալից շատ ավելի արագ։ Դա ստեղծում է որոշակի խնդիրներ տնտեսության համար, ոչ թե խնդիրն արժեւորումն է կամ արժեզրկումը, այլ այդ արժեւորման տեմպերի մեջ է։ Տվյալ պարագայում արժեւորման տեմպերն արագ են, տնտեսությունը դժվար է հասցնում ադապտացվել դրան։ Ավելի մանրամասն պետք է այս ամենն ըստ ճյուղերի, ըստ գործողությունների քննարկել, ես տալիս եմ ընդամենը ընդհանուր բնութագիր։

– Արագ տնտեսական աճ ապահովող ոլորտները, մասնավորապես ծառայությունների եւ սպասարկման ոլորտը, արդյոք ապահովո՞ւմ են կայուն տնտեսական աճ։

– Պարտադիր չէ, որ կարճատեւ բնույթ կրի, բայց այս պարագայում չի նպաստում, որպեսզի արտահանելի հատվածը, որը տնտեսության ավելի մրցունակ հատվածն է, արագ տեմպերով աճի, եւ դրա հետեւանքով մեզ մոտ եթե նայեք, ապագայի հիմքերը դնող տնտեսական աճի տեսակետից ներդրումներ մնացած ճյուղերում շատ մեծ քանակությամբ չեն գնում։ Միեւնույն ժամանակ՝ ասել, որ կառավարությունն ընդհանրապես բան չի անում՝ այդպես չէ, եւ որոշակիորեն արդյունաբերական քաղաքականություն իրականացնելու էական փորձեր կան։ Մի քանի միլիարդ դրամի փորձում են աջակցել տարբեր ձեռնարկություններին՝ վարկերի համաֆինանսավորմամբ, տոկոսադրույքների նվազմամբ, մնացած գործիքներով։ Ցավոք սրտի, բացի ՏՏ ոլորտի հրապարակված նախաձեռնությունից` 10 միլիարդի չափով, որ ասում եմ` լավագույն քաղաքականությունը չէ՝ ըստ իս, մնացածի վերաբերյալ մանրամասն վիճակագրական տեղեկատվություն չկա, որի վերաբերյալ հնարավոր լինի դատողություն անել, բայց քայլեր արվում են։

Հայկա ԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031