Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը ցանկանում է Արցախին միշտ պատանդ պահել Հայաստանի դեմ. Հրանտ Բագրատյան

Դեկտեմբեր 16,2022 17:02

Ինչո՞ւ է գազամատակարարումը վերականգնվել, եղե՞լ է արդյոք որևէ նախապայման՝ չգիտեմ, գուցե Արցախի հանդեպ նախապայման չի եղել, բայց եղել է Հայաստանի՞ նկատմամբ: Նման կասկածներ հայտնեց այսօր ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ «Հայելի» ակումբի ուղիղ եթերում:

Նրա դիտարկմամբ, Ադրբեջանը Լաչինի միջանցքը փակել է, քանի որ Ադրբեջանի համար 2 կարմիր գիծ կա՝ հասնել Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի նկատմամբ լիակատար վերահսկողության, ինչը նոյեմբերի 9-ի համաձայնագրով նախատեսված չէ և հասնել դեպի Նախիջևան միջանցքի բացման, ինչը նոյեմբերի 9-ի համաձայնագրի 3-րդ կետով շատ անորոշ է գրված: Նա կարդացել է համաձայնագրի ռուսերեն տարբերակը, որտեղ էլ գրված է, որ ադրբեջանցիներն անխոչընդոտ պետք է անցնեն դեպի Նախիջևան տանող ճանապարհով, որի անվտանգությունն ու վերահսկողությունն ապահովվելու են ռուսական զորքերը։ Համաձայնագրի ռուսական տարբերակում, ըստ Բագրատյանի՝ գրված չէ, թե հայկական կողմն ինչ որ բան պետք է տա, այլ գրված է, որ նոր կոմունիկացիա պետք է լինի: Նա քարտեզի վրա ցուցադրեց այդ կոմունիկացիայի ուղին, համաձայն որի «Մենք մեզ հիմարի տեղ չպետք է դնենք, խոսքը Մեղրիով անցնող այս երկաթգծի մասին չէ, քանի որ այստեղ արդեն ռուսական սահմանապահ զորքեր կան՝ Իրանի սահմանին: Սեպտեմբերի 13-14-ի պատերազմով Ալիևը մեզ հուշեց, որ խոսքը գնում է 5 կմ ճանապարհի մասին է, որի մեջ ի վերջո կմտնի Տիգրանակերտը (Քյարքին): Ալիևն ասում է՝ սա ստորագրել ես, ստորագրվա՛ծ է, չէ՞: Եթե միջանցքն այսպես գնա՝ 50-60 հազար մարդ պետք է տեղահանվի, բացի Քյարքիից: Եվ այդ դեպքում էլ Մեղրի գնալու համար մենք պետք է թույլտվություն ստանանք, դրանից հետո ադրբեջանական զորքը մտնում է ու ճանապարհը փակում է դեպի Սյունիք։ Արդյոք մենք կկարողանա՞նք էդ դեպքում մի հատ տանկ, կամ թնդանոթ անցկացնել դեպի Սյունիք, չէ »,- նշեց Հրանտ Բագրատյանը

Նա հիշեցրեց, որ Հայաստանի պետական պաշտոնյաների պնդումներն այն մասին, թե իբր նման խոստում չեն տվել:

«Երեկ վերջապես այդ մասին խոսեց Նիկոլ Փաշինյանը, կարծես թե պատասխանելով ինձ, ասաց «տգիտություն է նման բան ենթադրելը»: Ինչո՞ւ է տգիտություն, ինչո՞ւ ես վիրավորում, կարող ես անվանել դավաճան կամ լկտիություն, բայց ինչո՞ւ է տգիտություն, չէ՞ որ գրված է: Ասում է՝ բանավոր խոստում չի եղել։ Իհարկե մենք ոչ մի միջանցք էլ չպետք է տանք, և ռուսները մեզ խնայել են՝ «միջանցք» բառը չեն գրել: Գրավոր խոստում եղել է, պարզապես միջանցք բառը չկա: Բայց որպեսզի մենք չտանք, Փաշինյանը խիղճ ունենար՝ հանուն հայրենիքի պետք է հեռանար և նոր եկող ղեկավարն ասեր, որ նման բան չկա և այդ դեպքում Ալիևը չի կարող ասել. «հիշու՞մ ես աաայ, այս բառերն էինք ասում»,-նշեց նախկին վարչապետը:

Բագրատյանը չի կիսում ոմանց կարծիքը, թե Ադրբեջանը ցանկանում է ոչնչացնել արցախահայությանը, նրա կարծիքով, Ադրբեջանը ցանկանում է արցախահայությանը միշտ պատանդ պահել Հայաստանի դեմ: «Ճանապարհը բացելուց հետո հնարավոր է պարզվի, որ Ադրբեջանն ինչ որ բան պոկել է, ինչ որ խոստում արդեն տվել են: Եթե Ադրբեջանը ճանապարհը փակում է, հետո բացում է, ուրեմն ինչ որ բան ստանում է: Միևնույն ժամանակ նա ստեղծելով այս խառնաշփոթ վիճակը, օգտվեց դրանից և այս ընթացքում հայտարարեց, որ դուրս է գալիս բանակցություններից : Սա նշանակում է, որ երեկվա հայտարարությունից հետո Մինսկի խումբ այլևս գոյություն չունի»,-եզրակացրեց Հրանտ Բագրատյանը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031