Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Երբ ցավում է ամբողջ մարմինը․ Ֆիբրոմիալգիայի 10 ախտանշանները

Դեկտեմբեր 19,2022 09:30

Ֆիբրոմիալգիան համախտանիշ է, որն արտահայտվում է օրգանիզմի գերզգայուն պատասխանով մկանների ու հոդերի ցավերի նկատմամբ․ այս վիճակն ուղեկցվում է ընդգծված հոգնածությամբ, մարսողական խանգարումներով, գլխացավերով ու վերջույթներում ծակծկոցների զգացողությամբ։

Դեռևս հայտնի չեն ֆիբրոմիալգիայի առաջացման պատճառները, սակայն մասնագետները որոշակի կապ են տեսնում այս համախտանիշի և գենետիկ նախատրամադրվածության, նստակյաց կենսակերպի ու որոշ հիվանդությունների միջև։ Եվ թեև այն տարբեր մարդկանց մոտ տարբեր դրսևորումներ ունի, կարելի է առանձնացնել որոշ ընդհանուր ախտանշաններ, որոնք հիմնականում կապվում են բորբոքային գործընթացների հետ։

Խնդիրն այն է, որ ֆիբրոմիալգիան կարող են շփոթել այլ հիվանդությունների հետ, ինչը կարող է բարդություններ առաջացնել հիվանդության՝ ժամանակին բուժման համար։

Ֆիբրոմիալգիայի ռիսկի գործոնները

  • Սեռը- այս համախտանիշն ավելի շատ հանդիպում է կանանց մոտ, քան տղամարդկանց։
  • Ընտանեկան պատմությունը – Ֆիբրոմիալգիայով հիվանդանալու ռիսկն ավելի մեծ է, եթե ընտանիքի անդամներից որևէ մեկի մոտ ախտորոշվել է այս համախտանիշը։
  • Այլ հիվանդություններ – ֆիբրոմիալգիայի զարգացման ռիսկի գործոններ են համարվում օստեոարթրիտը, ռևմատոիդ արթրիտն ու գայլախտը։

Որ ախտանշաններն են բնորոշ ֆիբրոմիալգիային

1. Մկանային կոշտություն

Ֆիբրոմիալգիայով տառապող մարդկանց տարածված խնդիրներից մեկը մկանային կոշտությունն է, որը հատկապես զգալի է արթնանալուց հետո առաջին ժամերի ընթացքում։ Այդ վիճակը բավականին անհարմարություններ է առաջացնում՝ դժվարացնելով շարժումները։

2. Խնդիրներ ուշադրության կենտրոնացման հետ կապված

Այս ախտանշանը նաև պատկերավոր անվանում են «մշուշոտ գլուխ», երբ մարդու մոտ կենտրոնանալու հետ կապված դժվարություններ են առաջանում, երբեմն էլ կարող են խնդիրներ ծագել կարճաժամկետ հիշողության հետ կապված։

3. Հոգնածության զգացում

Խրոնիկ հոգնածությունը, օրգանիզմի ֆիզիկական ու մտավոր հյուծումը ֆիբրոմիալգիայի տարածված ախտանշաններից մեկն է, երբ մարմինն այնքան ծանր է թվում, որ մարդը դժվարանում է իր առօրյա գործերն իրականացնելիս և անգամ հանգստից հետո շարունակում է իրեն հոգնած զգալ։

4. Ցավ ամբողջ մարմնում

Պացիենտները, որոնց մոտ ֆիբրոմիալգիա է ախտորոշվել, հաճախ են դժգոհում մարմնի ցավերից։ Ցավը կարող է թեթև կամ ծանր լինել, բայց տարածվել ամբողջ մարմնով մեկ։
Սկզբում ցավը սովորաբար թեթև է լինում, այնուհետև դառնում է ավելի խորն ու տարածուն՝ հետո վերափոխվելով սուր և բաբախուն ցավի։ Ընդ որում, ցավազրկող միջոցներն այնքան էլ չեն օգնում, ցավը շարունակում է իրեն զգացնել տալ։

5. Քնի խանգարումներ

Վերը թվարկված ախտանշանները նաև կարող են հանգեցնել քնի խանգարումների՝ առաջացնելով դժվարություններ քնելու և արթնանալու հետ կապված, վատթարացնելով քնի որակը։

6. Ծակծկոցներ ու թմրածություն վերջույթներում

Վերջույթներում թմրածության կամ ծակծկոցի զգացողությունները կարող են հուշել ֆիբրոմիալգիայի զարգացման վտանգի մասին։ Այդ ախտանշանները հատկապես ուժեղանում են գիշերվա ժամերին, երբ մարմինը սովորաբար հանգստանում է, կամ երկար ժամանակ նույն դիրքով մնալու դեպքում։

7. Մարսողական խնդիրներ

Բորբոքային գործընթացները, որոնք առաջանում են այս համախտանիշի պատճառով, շատ հաճախ են դրսևորվում մարսողական խնդիրներով, որոնք հիշեցնում են գրգռված աղու համախտանիշի ժամանակ առաջացող ախտանշանները։ Պացիենտների մեծամասնությունը դժգոհում է որովայնի ցավերից, գազերի առաջացումից, թթվային ռեֆլյուքսից։

8. Էկոզգայունակություն

Ֆիբրոմիալգիայով տառապող մարդիկ հաճախ են ենթարկվում ալերգիկ տարատեսակ ռեակցիաների ազդեցությանը, նրանք գերզգայուն են դառնում շրջակա միջավայրի աղմուկի և աղտոտվածության նկատմամբ։ Մարմինը սկսում է բացասաբար արձագանքել պայծառ լույսին, քիմիական նյութերի հոտերին և այլն։ Այս ախտանշանները բնորոշ են նաև միգրենին։

9. Զգայունություն օդի ջերմաստիճանի նկատմամբ

Բորբոքային գործընթացների պատճառով օրգանիզմում անընդհատ տեղի ունեցող փոփոխությունների հետևանքով պացիենտների մոտ դժվարություններ են առաջանում մարմնի ջերմաստիճանի կարգավորման հետ կապված։

10. Դեպրեսիա

Ֆիբրոմիալգիա ունեցող պացիենտների մոտ նաև երկարաժամկետ դեպրեսիա է նկատվում, որը խորանում է ախտանշանների զարգացման հետ մեկտեղ։

Ֆիբրոմիալգիան դժվարությամբ է ախտորոշվում, և այս ախտանշանները ի հայտ գալուն պես անհրաժեշտ է բժշկական ու հոգեբանական հետազոտություններ անցնել՝ ժամանակին և ճիշտ բուժում ստանալու համար։

Ֆիբրոմիալգիայի հաղթահարման համար շատ կարևոր կարող են լինել՝

  • Քնի կանոնավոր ռեժիմը,
  • Վարժությունների կատարումը,
  • Լիարժեք հանգիստը,
  • Առողջ կենսակերպը,
  • Սթրեսի նվազեցումը,
  • Ասեղնաբուժությունը։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ 1, 2

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031