Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացվել է Ռադիոֆիզիկայի ու Ֆիզիկայի ֆակուլտետների միավորման ու ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտ ստեղծելու վերաբերյալ նախագիծը

Դեկտեմբեր 19,2022 23:20

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է․

«Այսօր ԵՊՀ գիտական խորհուրդը որոշեց Հոգաբարձուների խորհրդի հաստատմանը ներկայացնել Ռադիոֆիզիկայի ու Ֆիզիկայի ֆակուլտետների միավորման ու դրա արդյունքում ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտ ստեղծելու վերաբերյալ նախագիծը:

Ըստ ներկայացված նախագծի՝ ստեղծվող ինստիտուտում գործելու է գիտահետազոտական մեկ ինստիտուտ, իսկ կրթական ծրագրերն ամբողջությամբ վերանայվելու են՝ դրանք դարձնելով առավել արդիական, ճկուն և ներկայիս ու ապագա մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ լուծումներ առաջարկող:

Ֆակուլտետները միավորելու ու նոր ստորաբաժանում ստեղծելու որոշումը երկարատև քննարկումների ու բազմապիսի վերլուծությունների արդյունք է: Երկու ֆակուլտետներում այժմ գործող կրթական 8 ծրագրերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանց միջև առկա են հստակ կապ ու համագործակցային լայն հնարավորություններ, սակայն միասնական հարթակի բացակայության պատճառով դրանք բավարար կերպով չեն օգտագործվում:

Վերակազմակերպման արդյունքում մենք ակնկալում ենք ունենալ այդ հարթակը և նպաստել, որ այս ոլորտում բազմաթիվ տարիների ընթացքում գեներացված գիտական միտքը, հետազոտական ավանդույթներն ու մշակույթը ներառվեն կրթական ծրագրերում՝ հենց լսարանում հասանելի դառնալով ուսանողներին և խթանելով նրանց ներգրավվածությունը գիտահետազոտական աշխատանքներին։

Մեր համոզմամբ կրթական ծրագրերը պետք է լինեն ճկուն և ուսանողակենտրոն, ուստի կրթական նոր ծրագրերի առարկայացանկը պետք է համապատասխանեցվի միջազգային չափորոշիչներին, իսկ դասընթացների կրեդիտները ճանաչելի լինեն արտասահմանյան բուհերի կողմից՝ հնարավորություն տալով ուսանողներին մասնակցելու շարժունության տարբեր ծրագրերի՝ առանց արհեստական խոչընդոտների:

Նախատեսվում է, որ նոր ստորաբաժանման առաջին և երկրորդ կուրսերի կրթական նոր ծրագրերում կներառվեն առավել նույնական առարկաներ՝ թույլ տալով ուսանողներին բարձր կուրսերում իրենց հետաքրքրությունների շրջանակում ընտրելու մասնագիտացում: Ուսուցման այս մոդելով հնարավորություն կտրվի պահպանելու մասնագիտացումներ, որոնք ունեն ռազմավարական նշանակություն մեր երկրի համար, սակայն ոչ բավարար հետաքրքրություն դիմորդների շրջանում:

Բացի դրանից՝ նախատեսվող փոփոխություններով մենք կկարողանանք առավել արդյունավետ օգտագործել ֆիզիկական տարածքը՝ ստեղծելով գիտահետազոտական նոր լաբորատորիաներ ու կենտրոններ:

Հատկանշական է, որ որդեգրած այս փիլիսոփայությունը կարող է ֆակուլտետի ու մասնագիտության ընտրության հարցում որոշիչ դեր խաղալ դիմորդների համար և դառնալ առավելություն ՀՀ-ում գործող կրթական մյուս ծրագրերի նկատմամբ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031