Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ծնվում ես Լոռիում, ամենայն հայոց բանաստեղծի պես պիտի աշխատես ու ստեղծագործես»

Դեկտեմբեր 26,2022 13:00

Ասում է նկարիչ, քանդակագործ Ռաֆայել Ջավախյանը

Արվեստում մարդու ներաշխարհը արտացոլվում է իր ստեղծագործություններով: Տարբեր բնագավառների ներկայացուցիչների մոտ տարբեր կերպ է արտահայտվում. երգչի մոտ արտահայտվում է հեղինակած երգով, գրողի մոտ՝ բանաստեղծությամբ, իսկ արդեն նկարչի մոտ՝ գույներով ողողված կտավներով: Նկարիչ, քանդակագործ Ռաֆայել Ջավախյանը, լինելով ՀՀ նկարիչների միության անդամ, Հայաստանի ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղի տնօրեն, շարունակում է իր կտավներով եւ քանդակներով գրավել հանրությանը՝ գունեղությամբ եւ խորը ասելիքով:

Ջավախյանը, անդրադառնալով հարցին, թե ինչպես է սկսվել սերը դեպի նկարչություն, անկեղծացավ. «Իմ սերը դեպի նկարչություն շատ փոքրուց է եղել: Ես դեռ մանկապարտեզ էի հաճախում, երբ առաջին անգամ պլաստիլինից ստացա Բուրատինոյին: Կարելի է ասել, որ մի ձեռքով նկարիչ եմ, մյուս ձեռքով՝ քանդակող»:

Ռաֆայել Ջավախյանը նշում է նաեւ, որ զբաղվել է սպորտով՝ թեթեւ աթլետիկայով. լավ վազորդ է եղել: Բայց հանգել է արվեստի մասնագիտական որոշմանը, քանի որ իրեն գրավել է գունեղ աշխարհը, իսկ դեպի գեղանկարչություն՝ ուղղորդել է արյունն ու ներաշխարհը: Ջավախյանի մոտ յուրահատուկ է կտավը ստեղծելու գործընթացը. ի տարբերություն մյուս նկարիչների, ինչպես ինքն է նշում, նա անմիջապես կտրվում է աշխարհից, ու գտնվելով երկնքում, ստեղծում սրտի կտավները, որին տալով իր ողջ էներգիան, հոգեպես ուժասպառ է լինում կտավներն ավարտելիս: Սիրում է Լոռվա բնաշխարհը, դրա վերաբերյալ մանրամասնում է. «Մինչեւ դպրոցն ավարտելը, ես ձանձրացած էի Լոռիից, ինքս ինձ հարցնում էի՝ ի՞նչ տեղ եմ ծնվել… սարերի ու ձորերի մեջ, բայց երբ սկսեցի նկարել ու շրջել Հայաստանով մեկ, հասկացա՝ ինչ հրաշք ծննդավայր ունեմ….: Եթե ծնվում ես Լոռիում, ամենայն հայոց բանաստեղծի պես պիտի աշխատես ու ստեղծագործես, քանի որ Լոռին ուրիշ աշխարհ է, որը ինչքան էլ նկարում եմ, լիովին չի բացահայտվում ու հենց դրա համար էլ չի հոգնեցնում»:

Ռաֆայել Ջավախյանը 1986 թվականից առ այսօր Հայաստանի ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղի ղեկավարն է: Մասնակցելով Արցախյան շարժմանը՝ Ջավախյանը դադարել է գեղանկարչությամբ զբաղվել շուրջ 15 տարի, բայց չի դադարել Ալավերդու պատկերասրահի տնօրենը լինելուց: Հիշում է, երբ նկարիչներն ամեն անգամ իրենց աշխատանքները բերում էին ցուցասրահում ներկայացնելու, նրանց հետ սկսում էր նկարել, մինչդեռ մի օր, չդիմանալով նկարելու գայթակղությանը, վերադարձավ սիրելի մասնագիտությանն ու շարունակեց նկարել:

Ջավախյանը զբաղվում է նաեւ քանդակագործությամբ: Երկու ուղղություններն էլ սիրում է եւ հաճույքով է աշխատում՝ արագությունը գործում որպես առանձնահատկություն նշելով: Հեղինակել է Հաղպատի եւ Ախթալայի վանքերի մուտքի դռները եւ Ախթալայի վանքի օծման ավազանը, ինչպես նաեւ Ալավերդու երեք կոթողային քանդակները («Քաջ Նազար», «Հառաչանք», «Ծնունդ»): Ունի նաեւ խաչքարեր, որոնք գտնվում են Հայաստանից դուրս: Որպես մեր զրույցի ամփոփում՝ երիտասարդ նկարիչների համար «կիսվեց» խորհրդով. «Խորհուրդ կտամ շատ նկարել: Նկարիչը չպիտի օրական սահմանափակվի 5-6 ճեպանկարով: Երիտասարդ հասակում ես օրական այնքան ճեպանկարներ էի անում, որ շփոթվում էի հաշիվներումս: Նկարչության Ա-ն ու Բ-ն շատ դժվար է հասկանալը, բայց բավական է ճանաչել դրանք, արդեն կտիրապետես ե՛ւ գիտելիքին, ե՛ւ Ա-ին ու Բ-ին»:

Հեղինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.12.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031