Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Կապանի երկաթգծի նախկին շենքը վաճառվել է իրական արժեքից մոտ 128 մլն դրամով պակաս․ նախաձեռնվել է վարույթ

Դեկտեմբեր 28,2022 20:35

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել «Հակակոռուպցիոն ազգային բյուրո» ՀԿ-ի նախագահ Արշավիր Խալափյանի պատշաճ հաղորդման հիման վրա, որը պարունակում է առերեւույթ հանցանք պարունակող փաստական նկարագրություն։ Ըստ Արշավիր Խալափյանի հաղորդագրության, 2017թ․-ի օգոստոսի 14-ին ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության եւ Երեւանի բնակչուհի Նաիրա Շախպալյանի միջեւ կնքված պայմանագրով, Կապանի երկաթգծի նախկին շենքը՝ 398 քմ մակերեսով ու շենքի զբաղեցրած 0,08453 հեկտար հողամասը վաճառվել է 5.550.000 դրամով։

Արշավիր Խալափյան

2021 թ.-ի նոյեմբերի 23-ին, Նաիրա Շախպարյանի լիազորված անձ Տիգրան Բալասանյանի եւ «Սիմոնյան կրթական հիմնադրամի տնօրեն Մարի Լու Փոլի Փափազյանի միջեւ կնքված առուվաճառքի պայմանագրով նույն անշարժ գույքը 133.055.662 դրամով վաճառվել է «Սիմոնյան» կրթական հիմնադրամին։ Ստացվում է, որ 2017թ.-ի օգոստոսի 14-ին նույն անշարժ գույքի վաճառքը իրականացվել է իրական արժեքից՝ 127.505.662 դրամով պակաս, որով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում վարույթ է սկսվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ Մասնավորապես, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձի կողմից ենթադրյալ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորությունները անցնելու միջոցով պետության օրինական շահերին առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելը (նախկին «ՀՀ քրեական օրենսգրքի» 308 հոդվածի 2-րդ մաս)։

Կապանի երկաթգծի շենքը կառուցվել է 1932թ.-ին, ու շենքում գործելու է «Թումո» կենտրոն։ Անցած տարի դեկտեմբերին, երբ «Թումո» տուփ տեղադրվեց Կապանում, Մարի Լու Փափազյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ շենքի արտաքին տեսքը՝որպես պատմական կառույց պահպանվելու է, իսկ ներսը ամբողջությամբ հիմնանորոգվելու է։

Հետաքրքիր է, որ այդ ժամանակ Կապանում խոսակցություններ էին պտտվում, որ Կապանի երկաթգծի շենքը ճակատագիրն անորոշ է եւ հնարավոր չի գնել շենքը։ Սյունիքի այն ժամանակվա փոխմարզպետ Նարեկ Բաբայանը ապատեղեկատվությունն էր համարել այդ խոսակցությունները։

«Շենքը պատկանում է պետգույքի կառավարման կոմիտեին, 2018թ-ին այդ շենքը սեփականաշնորհվել էր մի քաղաքացու։ Թումոյին հաջողվեց այդ քաղաքացու հետո երկար բանակցություններից հետո՝ շենքը հետ գնել»,- Aravot.am-ի հետ զրույցում նշել էր Նարեկ Բաբայանը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031