Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է տեղի ունեցել Վանաձորի թիվ 18 դպրոցում, որ տնօրենի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել

Հունվար 21,2023 23:44

Վանաձորի Ազատ Խլղաթյանի անվան թիվ 18 միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը մի քանի օր է՝ քննարկվում է սոցիալական ցանցերում: Դպրոցի ուսուցչուհի, արհմիության նախագահ Գայանե Վարդանյանն օրերս իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ գործող տնօրեն Թագուհի Թադևոսյանի պարտականություններն իր վրա է վերցրել  ռազմագիտության ուսուցիչ Գեւորգ Կոստանյանը:

Ըստ Գայանե Վարդանյանի, Կոստանյանը դպրոցում ցուցաբերում է զինվորականին ոչ հարիր վարք. «Սա դպրոցի բարոյահոգեբանական խնդիրն է, որի մեջ հայտնվեցի նաեւ ես: Սա արդեն երրորդ միջադեպն է, բայց ոչ այսքան մեծ: Արդեն 2 անգամ այսպիսի դեպքերից հետո ես Կոստանյանին զգուշացրել էի, որ եթե 1 անգամ էլ կրկնվի, ես այլեւս չեմ ներելու: Որովհետեւ սա արդեն իմ արժանապատվության հարցն էր դրված: Ես այնպես պատկերացրեցի, որ ժողովում բոլոր հավաքված ուսուցիչներին ուզում են ցույց տան, որ ես էլ չկամ դպրոցում, իրենք կարան ինձ այդպիսի վիճակի մեջ գցեն, անպատվեն, վիրավորեն: Նստած են եղել դասղեկները, քննարկվել է կարգապահական խնդիր: Ես արտահայտվեցի, որ վարչական աշխատողներն առաջին հերթին պետք է հետեւեն, որովհետեւ երբ որ իրենք կանգնած են լինում միջանցքում ու աշակերտներն ինչ-որ վատ արարք են կատարում, վարչական աշխատողները դա անտեսում են: Այս բառերից տնօրենը ոգեւորվեց, ինձ անվանեց սադրիչ, ասաց դուք ինձ սադրում եք, ես չեմ կարող ժողովը վարել, դուրս եկեք: Կոստանյանը ներխուժեց, սկսեց բղավել, թե ո՞վ իմ անունը տվեց, հետո տնօրենի վրա հարձակվեց, որ դուք եք մեղավոր սրան տեղը չեք դնում: Հետո անդրադարձավ ինձ»:

Գայանե Վարդանյան

Դեպքից հետո Գայանե Վարդանյանը որոշել է գրությունով դիմել Լոռու մարզպետարան: Գրության մեջ ստորագրել են նաեւ դպրոցի այլ աշխատակիցներ. «Դուրս եկա, ասեցի ես գնալու եմ մարզպետարան: Գեւորը ճվաց, որ հա գնում ես գնա, ի՞նչ պետք ա փոխվի, էնքան գնացել ես ի՞նչ է փոխվել: Ես էլ ոնց ուզեմ, դպրոցում նենցա լինելու: Դրանից հետո էլ Կոստանյանի կինը եկավ, ուսուցիչներին ամոթանք տվեց, որ ինչի եք ստորագրում, բայց արդեն 8 հոգի ստորագրել էին»:

Վարդանյանի խոսքով՝ դպրոցում վախի մթնոլորտ է տիրում: Նմանատիպ միջադեպ եղել է նաեւ այլ ուսուցիչների հետ, սակայն Վարդանյանի վստահեցմամբ վերջիններս վախենում են բարձրաձայնել. «Կոլեկտիվի մի մասը տնօրենից վախենում է, մի մասը հարգում է, միայն ես եմ, որ տնօրենի դուռը չեմ մտել: Տնօրենի կաբինետ գնացի, զրուցեցինք, Կոստանյանն ինձնից ներեղություն խնդրեց, ես էլ բացատրեցի, որ չէ, ոնց որ միջադեպը տեղի է ունեցել ամբողջ կոլեկտիվի առաջ, եկեք, էդ կոլեկտիվի առաջ էլ ներեղություն խնդրեք»:

Թագուհի Թադևոսյան

Լրագրողների հետ զրույցում դպրոցի տնօրեն Թագուհի Թադեւոսյանը վստահեցրեց, որ դպրոցում աշխատանքներն ընթանում են բնականոն. «Սոցիալական ցանցերում ապատեղեկատվության եւ զրպարտանքների վերաբերյալ որեւէ մեկնաբանություն չեմ տալիս: Բայց որպես Վանաձորի թիվ 18 դպրոցի տնօրեն՝ վստահեցնում եմ ձեզ, որ հիմա մեր դպրոցում կառուցողական, աշխատանքային խաղաղ մթնոլորտ է տիրում, եւ երեխաների կրթություն ստանալու իրավունքը իրացվում է լիարժեքորեն: Այն, ինչ եղել է, հարթվել է, բնականոն երկուստեք աշխատանքային խաղաղ ընթացք է»:

Ավելի ուշ հայտնի դարձավ նաեւ, որ Լոռու մարզպետարանը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցները խնդրի կարգավորման ուղղությամբ: Բացի այդ մարզպետ Արամ Խաչատրյանի որոշումով, թիվ 18 դպրոցի տնօրեն Թագուհի Թադեւոսյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ նկատողություն՝ դպրոցում բարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտի ձեւավորում չապահովելու համար:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031