Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի մասին «մտահոգվում են» Երեւանում նստած այն մարդիկ, որոնք պատերազմից հետո գեթ մեկ անգամ չեն եղել Արցախում». «Առերեսում»

Փետրվար 25,2023 22:00

Ռուբեն Վարդանյանի գործոնն օգտագործվում էր, որպեսզի սպանվի Արևմուտքում ձեռք բերված պայմանավորվածությունը. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: Ըստ նրա` Ռուբեն Վարդանյանի գալով` Ստեփանակերտ-Երևան ակնհայտ տարաձայնություն էր. «Ռուբեն Վարդանյանը ակնհայտ զրպարտում էր Երևանին»: «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ չի ցանկանում անդրադառնալ նման գնահատականների. «Արցախի մասին «մտահոգվում են» Երեւանում նստած այն մարդիկ, որոնք պատերազմից հետո գեթ մեկ անգամ չեն եղել Արցախում»:

Վերլուծաբանները նկատում են, որ Հայաստանի իշխանությունն էլ դեմ չէր Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությանը։ Մեսրոպ Առաքելյանն այս առնչությամբ ասաց. «Այո, Ռուբեն Վարդանյանի գործողությունները, պայքարն Արցախի համար հակասում էր նաեւ Հայաստանի դիրքորոշմանը հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում: Ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Հայաստանը ցանկանում են թաղել այս հարցը եւ չանդրադառնալ, հետեւաբար՝ Արցախի լռությունը ձեռնտու էր եւ Հայաստանին, եւ Ադրբեջանին»:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանն էլ «Ազատությանն» ասել էր. «Ռուբեն Վարդանյանի այնտեղ գտնվելն էր, որ իշխանությունների մեջ տարաձայնություններ սկսվեց, խժդժություններ սկսվեց: Հարցրեք իրեն՝ ո՞վ էր Ձեզ գործուղել և ինչո՞ւ էիք եկել Ղարաբաղ, ինչո՞ւ պառակտում մտցրեցիք Ղարաբաղի իշխանությունների մեջ, իհարկե, ռուսներն էին ուղարկել, ո՞վ է ուղարկել… Իրա խնդիրը նաև Հայաստանի և Ղարաբաղի մեջ սեպ խրելն էր, մեր իշխանություններին ինչքան քննադատեց․․․ Ռուբենի ավարտով նաև Հայաստանի և Արցախի միջև էդ սեպը դուրս կգա, որը ցանկալի է»: Հաղորդման մյուս հյուրը՝ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար, արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանն ասաց. «Չեմ կարող մեկնաբանել աբսուրդ մտքեր ու նման մոտեցումներ: Նախ՝ դա իր միտքը չի. բոլորս շատ լավ գիտենք… Էլի ենք լսել արտաբերված աբսուրդ շատ մտքեր ու դրանք չեն հերքվել: Եվ սա ինձ հիմք է տալիս, որ սա շատ հստակ գծված ծրագիր է, իջեցված նարատիվ, դիրքավորում՝ այն ամենի դեմ, ինչը հակոտնյա է իրենց վարած քաղաքականությանը»: Հավելեց. «Նմանատիպ ճիչերը, որ լսվում են Երեւանից, թե ինքը պառակտող գործոն էր… ի՞նչը պառակտելու: Միգուցե ինքն առավել համախմբմա՞ն գործոն էր, ինչը մեզ այսօր պետք է՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում: Ցավոք, սրանից են թերեւս վախենում, այս գաղափարախոսությունից»:

Հայաստանի քաղաքական ու քաղաքագիտական շրջանակներում որոշ դժգոհություն, հիասթափություն կա, որն, ասենք, 24TV-ին տված հարցազրույցում արտահայտեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ «Ռուբեն Վարդանյանը հեզությամբ ենթարկվեց պաշտոնանկության հրամանին»: Մեսրոպ Առաքելյանի արձագանքն էր. «Շարմազանովը եւ իր նմանները միշտ հայհոյանքներով ու ագրեսիայով են պատկերացնում քաղաքականությունը: Առնվազն նրանք չէ, որ պետք է մեկնաբանեն Ռուբեն Վարդանյանի գործողությունները. իրենց կառավարման տարիների արդյունքն է նաեւ այսօրվա Արցախը»:

Ի դեպ, հիշատակեց Ռուբեն Վարդանյանի՝ Արցախի կառավարության նիստում Արայիկ Հարությունյանին ուղղված այս խոսքերը. «Ես վերանայեցի Ձեր ելույթները պատերազմից հետո, շատ փայլուն, խորը ելույթներ էին, պարո՛ն նախագահ։ Ես վստահ եմ, որ Ձեր խոսքերի տակ հիմա էլ կստորագրեք, պարզապես կցանկանայի, որ այդ խոսքերը գործի վերածվեին, շատ կարևոր է, որ մարդիկ չկորցնեն հավատն այդ խոսքերի նկատմամբ»: Ու հավելեց. «Շատ կարեւոր է հիշել, որ Ռուբեն Վարդանյանի պաշտոնից հեռացումից հետո էլ՝ ցավոք, մինչ այժմ Արցախը գտնվում է շրջափակման մեջ ու շարունակվում է էներգետիկ ճգնաժամը: Եվ առնվազն այդ պահին քաղաքական սրությամբ նոր գործընթացներ գեներացնելը հաստատ արդյունավետ չէ, քանի որ անկախ նրանից՝ Ռուբեն Վարդանյանն Արցախում որեւէ պաշտոն է զբաղեցնում, թե ոչ, անկախ նրանից՝ Արայիկ Հարությունյանն այս որոշմամբ ավելի մեծ սխալներ է գործել, թե ոչ՝ այս պահին Արցախն ունի մեկ խնդիր՝ օր առաջ հաղթահարել շրջափակումը»: Դրանից հետո, ըստ նրա, կտրվեն «ավելի կտրուկ գնահատականներ» ու կհրապարակվեն ծրագրերը:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նույն նիստում ներկայացրել էր Բաքվի հետ երկխոսելու Ստեփանակերտի նախապայմանները, սկզբունքներն ու կարմիր գծերը, թե ինչպես պետք է որոշվեն բանակցային պատվիրակությունների կազմերը եւ այլն: Վահագն Մելիքյանը վստահ է, որ այդ սկզբունքները «Որեւէ ձեւով չեն կարող քննարկվել եւ ընդունելի լինել Ադրբեջանի կողմից: Իրենց բոլոր քայլերը միայն դա են ցույց տալիս… կարմիր գծեր չէ՝ կարմրագույն գծեր են խախտվել»: Ու հիշեցրեց ասվածի կոնկրետ օրինակները ու մասնավորապես․ «Հաագայի դատարանը որոշում է ընդունում՝ հաջորդ առավոտյան Ադրբեջանի ԱԳՆ–ն ասում է՝ մենք չենք կատարելու այն, քանի որ համարում ենք, թե շրջափակում չկա»։ Վահագն Մելիքյանը կոչ արեց ուշքի գալ․ «Ասել, թե մենք կնստենք, կորոշենք, թե ինչ ձեւաչափով ենք խոսելու․․․ ո՞վ է ձեզ լսելու։ Դուք միայն զիջում եք։ Դուք ցայսօր միայն զիջել եք եւ այստեղ միայն Ռուբեն Վարդանյանի խնդիրը չի…»։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728