22-ամյա Հայկը մինչև բանակ զորակոչվելը երազել է ֆիլմերում նկարահանվելու կամ մոդելային կարիերայով զբաղվելու մասին: Հաջողել է դրվագներում հայտնվելու հարցում: Քառասունչորսօրյայի ժամանակ, անօդաչուի արկից գլխի հատվածում ստացած վիրավորումից հետո, Տավուշի մարզում ապրող երիտասարդը վերագնահատել է հետագա կյանքը: Իր կամքից անկախ՝ առաջնային են դարձել նորից ոտքի կանգնելը, հաստատուն քայլեր կատարելը և մեկ այլ մասնագիտություն ընտրելը: Հասկացել է, որ ռազմի դաշտից հետո, իրեն նոր պայքար ու անպայման հաղթելու՝ ոտքի կանգնելու կամք է հարկավոր: Համեստ հպարտությամբ ասում է, որ Հայկ Նահապետի անունն է կրում և հուսահատվելու իրավունք չունի: Փոխվել է նաև մասնագիտական կողմնորոշումը. սկսել է խորանալ իրավաբանության մեջ, արդեն բարձրագույն կրթություն է ստանում:



Հայկը փորձում է խոսելու փոխարեն գործել ու կամք դրսևորել. ավելի մեծ արդյունք ստանալու համար, չի սահմանափակվում Տավուշից մայրաքաղաք մեկնելու և «Զինվորի տանը» ֆիզիոթերապիա անցնելու հնարավորությամբ: Այցելում է իր բնակավայրի մարզասրահ՝ վստահ լինելով, որ այդ հարցում ևս ունենալու է անհրաժեշտ աջակցություն: Իրենց հայրենակցին այստեղ ընդունում են սիրով՝ ծառայության դիմաց գումար չակնկալելով: Նոր տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունն էլ թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում «Զինվորի տանն» իրեն կցված մասնագետ-կինեզիստներից տեսազանգով խորհրդատվություն ստանալ: Իսկ ժամանակակից օրթեզն օգնում է ամուր և ճիշտ ֆիքսել ոտքի անատոմիական դիրքը, թեթևացնել վնասված հոդի, վերջույթների և ողնաշարի ծանրաբեռնվածությունը:
Անպայման հաջողելու՝ Հայկի լավատեսությունը հիմնավորված է. օրթեզի օգնությամբ, ժամանակ առ ժամանակ՝ երբեմն նաև առանց ձեռնափայտի է քայլում: Իր նպատակասլացությամբ արդարացնում է գործընկեր կազմակերպությունների և մասնագետների հույսերը: Դեռ չի մտածում ընտանիք կազմելու մասին. հաջողության է ձգտում նաև մասնագիտացման հարցում:
2021 թվականին մեկնարկած եռամյա ծրագրի համար, Վիվա-ՄՏՍ-ը գործընկեր՝ «Զինվորի տուն» բարեգործական-հասարակական կազմակերպությանը տրամադրել է 120 մլն դրամ:





















































