Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մի իշխանություն ՀՀ-ում երբեք գզրոցներից Ալմաթայի համաձայնագրի՝ անգամ հիշատակումը չի արել»․ Աբրահամ Գասպարյան

Փետրվար 28,2023 14:29

«Որևէ միջազգային ատյանում, քաղաքական հարթակում մեր պահանջատիրական ասելիքը, անձնագիրը պետք է ունենա հենց այս կարգախոսը՝ Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում և Արցախը կայացած պետություն է»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանը՝ մեկնաբանելով «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովի կազմակերպիչների հայտարարության հիմնական դրույթները։

Նա փաստեց՝ միջազգային հանրությունը երբեք իրավաքաղաքական դիրքորոշում չի հայտնել առ այն, որ Արցախը ենթարկվել է շրջափակման ՀՀ-ի կողմից։ Միջազգային հանրությունը երբեք Արցախը չի ճանաչել Ադրբեջանի կազմում։

Անդրադառնալով այն դրույթին՝ համաձայն որի՝ Արցախի հարցը հայության գոյութենական խնդիրների փաթեթից դուրս դիտարկելն անթույլատրելի է, Աբրահամ Գասպարյանն ասաց․ «Չկա Արցախի առանձին վերցված խնդիր, ՀՀ-ի առանձին խնդիր։ Մեր տարածաշրջանում գոյություն ունի հայկական լինելիության խնդիր։ Մենք՝ համաժողովի մասնակիցներս, ելույթ ունեցող մասնագետները խոսում էին, որ արցախյան հարցը հայկական հարցի համընդհանուր շարունակականությունն է և կարևորագույն բաղադրիչը, որովհետև Ադրբեջանը վերջին հարյուր տարվա ընթացքում իր տարածքային նկրտումները ՀՀ-ի նկատմամբ չի դադարեցրել»։

Փաստելով, որ ԱՀ-ի՝ միջազգային ճանաչման քաղաքական, դիվանագիտական հնարավորությունները սպառված չեն, Աբրահամ Գասպարյանը կարծիք հայտնեց՝ գործող իշխանություններն անընդհատ փորձում են քարոզչական մանիպուլյատիվ հնարքներով հայությանը մատուցել հակառակը՝ հղում անելով Ալմաթայի պայմանագրին։ Նա ընդգծեց․ «Երեսուն տարի հետո մինսկյան գործընթացի մեջ մտած հակամարտող երկու հիմնական կողմերը՝ ՀՀ-ն ու Ադրբեջանը, միակ մանդատակիր կառույցի հովանու տակ՝ մինսկյան հովանու ներքո բանակցել են տարբեր բանաձևերի շուրջ՝ բացառությամբ Ալմաթայի այդ պայմանագրի։ Ոչ մի իշխանություն ՀՀ-ում երբեք գզրոցներից այդ համաձայնագրի անգամ հիշատակումը չի արել։ 1991-ի դեկտեմբերին ընդունվել է այն, Ադրբեջանը 1992-ին ընդունել է, ՀՀ ԳԽ-ն 1992-ին է վավերացրել՝ հստակ վերապահումով։ Այս փաստը ՀՀ գործող իշխանությունը միտումնավոր անտեսում է։ 1992-ի՝ իր հայտնի որոշմամբ, հուլիսի 8-ի՝ իր հայտնի որոշմամբ ՀՀ ԳԽ-ն ընդունել է հստակ բանաձև՝ ՀՀ-ն չի կարող կնքել որևէ փաստաթուղթ, որտեղ նշված կլինի, որ Արցախը ճանաչվում է Ադրբեջանի մաս։ Այս թեզերը միտումնավոր դաշտից դուրս են թողնվում»։

Աբրահամ Գասպարյանը շեշտեց՝ Բերձորի միջանցքի բացման վերաբերյալ՝ միջազգային հանրության կոչերը վկայում են այն մասին, որ Արցախի հարցը փակված չէ ու մանրամասնեց․ «Չկա միջազգային որևէ կազմակերպություն, որ կոչ չի արել միջանցքի վերաբացման անհրաժեշտությունը և այդ կոչը չի արել Ադրբեջանին։ Սա խոսում է այն մասին, որ միջազգային հանրության համար Արցախի հարցը փակ չէ։ Դա չի դիտարկվում Ադրբեջանի ներքին խնդիր։ Մեր հայրենակիցները տուրք չպետք է տան ՀՀ իշխանությունների արած մոլորություններին»։

Նշելով, որ ԱՀ-ին աջակցելը ՀՀ-ի սահմանադրական պարտականությունն է, Աբրահամ Գասպարյանն ասաց․ «Սուտ ու կեղծիք է այն պնդումը, թե Արցախն ինքն իր գլխի ճարն առանձին է տեսնելու։ 1990-ի օգոստոսի 23-ին ընդունվեց ՀՀ հիմնադրման վկայականը, որում ամրագրված է՝ ՀՀ-ն որպես պետություն ունի պարտավորություն հայության նկատմամբ լինելու իրավատեր, պահանջատեր։ Այստեղ է, որ գործող իշխանությունները փորձում են մոլորեցնել, ականներ դնել։ Մենք պարտավոր ենք ականազերծել։ Որևէ փաստաթղթի ստորագրում, որտեղ Արցախը կնշվի Ադրբեջանի կազմում, նշանակում է՝ ոչ թե խարխլել հայկական պետության հիմքերը, այլ նշանակում է վերջ տալ հայկական երրորդ հանրապետության գոյությանը։ Սա պիտի գիտակցենք։ Սահմանադրությունը հիմք է ընդունել հենց Անկախության հռչակագիրը։ Եթե գործող որևէ իշխանություն դիպչում է այդ հենասյուներին, նշանակում է՝ դու որպես պետություն դադարում ես ռեալ գոյություն ունենալ»։

5165 շարժման հիմնադիր անդամ Մենուա Սողոմոնյանը վստահեցրեց՝ իրենց քայլերը բխելու են իրենց հայտարարած թեզերը՝ տեղ հասցնելու տրամաբանությունից։ Ու նշեց․ «Առաջին հերթին պետք է կոտրենք հանձնվողականության շղթան՝ հանձնել Քարվաճառը, Աղդամը երեսունհինգ հազար զինվորի կյանք պահպանելու համար, հանձնել Արցախը 29800 քառակուսի կիլոմետր պահպանելու համար։ Այդ շղթան շարունակվելով գալու և հասնելու է յուրաքանչյուրիս տուն։ Նման հանձնվողականությամբ մենք չենք կարող գոյություն ունենալ։ Մենք տանելու ենք մեր քարոզչությունը հակառակ ուղղությամբ՝ պահպանել Արցախը հայ ժողովրդի գոյությունը երաշխավորելու համար»։

Նա նշեց, որ իրենց գործողություններն առաջին հերթին ուղղված են լինելու երիտասարդներին։ Հանդիպումներ են ունենալու գիտակրթական հաստատություններում, ուսուցիչների, պետական կառույցների ներկայացուցիչների հետ։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728