Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչեւ ե՞րբ պետք է սա շարունակվի, պարո՛ն Փաշինյան, դուք չե՞ք տեսնում, որ ինչ-որ չի ստացվում». Փաշինյանի պատասխաններից Գերմանիայի հայ համայնքը տարակուսել է

Մարտ 06,2023 23:20

Գերմանիայի հայ համայնքի հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը, ինչպես հայտնի է, հնչեցին բավականին սուր հարցադրումներ:

Մասնավորապես,Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչ Սամվել Լուլուկյանը Փաշինյանին հիշեցրեց ՔՊ կուսակցության նախընտրական ծրագրային դրույթները՝ պաշտպանել Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն՝ առանց սահմանափակումների, կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը՝ Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով «անջատում՝ հանուն փրկության» սկզբունքով:  Նա ընդգծեց, որ Գերմանիայի կանցլերն անգամ հայտարարեց, որ պաշտպանում է Ադրբեջանի եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ու հարցրեց.

«Շատ տարօրինակ էր, որ Դուք՝ ՀՀ վարչապետ լինելով, խոսեցիք Արցախի իրավունքների մասին, այստեղ կար հակասություն նախընտրական ծրագրի հետ: Ընդհանրապես ձեր թիմը, որ օգտագործում է «իրավունքներ» բառը, չի օգտագործում «ազգերի ինքնորոշման իրավունքը», որը միջազգային իրավունք է: Դուք հայտարարեցիք Արեւմուտքի երկրների ճնշման մասին, որ նշաձողը պետք է իջեցվի, կանցլերի հայտարարությունից մենք տեսնում ենք, որ այդպիսի բան չկա, Ֆրանսիայի սենատի բանաձեւի մեջ էլ խոսվում է ինքնորոշման իրավունքի մասին, սա կարեւորագույն սկզբունքներից է, որը պետք է պաշտպանվի: Դուք 5 տարի կառավարում եք, ցավոք, ունենք կորուստներ թե՛ տարածքային, թե՛ մարդկային, դուք հայտարարեցիք, որ համար մեկ պատասխանատուն եք, մեղավորն եք, գնացիք ընտրության, ընտրվեցիք, բայց ցավոք, այս երկու տարվա ընթացքում էլ մենք ունենք կորուստներ թե՛ տարածքային, թե՛ մարդկային: Մինչեւ ե՞րբ պետք է սա շարունակվի, պարո՛ն Փաշինյան, դուք չե՞ք տեսնում, որ ինչ-որ չի ստացվում: Թե՛ արտաքին մարտահրավերները, թե՛ մեր անվտանգության համակարգը…իրոք, ՀՀ-ն այսօր կանգնած է լուրջ խնդրի առջեւ: Չե՞ք ուզում պատասխանատվություն վերցնեք ձեր վրա ու այդ քայլին դիմեք, տարիների ընթացքում խորանում է մեր խնդիրը: Եթե մեկի մոտ չի ստացվում…մինչեւ ե՞րբ պետք է դա շարունակվի: Չե՞ք գտնում, որ պետք է պատասխանատվություն վերցնեք ձեր վրա, միայն պատասխանատու եմ ասելով չէ»:

Փաշինյանը պատասխանեց՝ այն, որ ձեր առջեւ նստած եմ, նշանակում է կրում եմ պատասխանատվությունը ու այն, ինչ հիմա անում եմ, դա պատասխանատվության արտահայտություն է: Ըստ Փաշինյանի, թվարկած դետալների մեջ իրականում ոչ մի հակասություն չկա, խնդիրն այն է, թե մենք ինչ հերթականությամբ պիտի այդ ամենը դասավորենք. «Այո, ես համաձայն եմ, որ հնչել են շատ պոզիտիվ հայտարարություններ եւ հույս ունեմ, որ կշարունակեն հնչել պոզիտիվ հայտարարություններ: Մենք պետք է գնահատենք՝ դրանք ինչ են նշանակում գործնականում: Պատասխանատու իշխանությունը պետք է կարողանա գնահատել իրադրությունները, այդ թվում նաեւ փոփոխվող իրադարձությունները եւ քաղաքականությունների մեջ շտկումներ անել՝ ըստ իրադարձությունների»: Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ իրենց վարած քաղաքականությունը ճիշտ է: Ինչ վերաբերում է հրաժարականին, նա ասաց. «Կներեք, Հայաստանում ոչ մի ղեկավար այնքան հրաժարական չի տվել, ինչքան ես: Հո ես չե՞մ կարա ամեն շաբաթ հրաժարական տամ…Ես ժողովրդի՝ իմ ուսերին դրած պատասխանատվությունը, ինչքան էլ դա ծանր լինի, ինչքան էլ ծնկներս ծալվեն, չեմ թողնի: Ինչքան էլ դուք այսօրվա մասին եք ասում, իսկ գիտե՞ք դրանից հետո ինչ կլինի: Դրանից հետոյի՝ եկողի պատասխանատուն ո՞վ է»:

Նա ասաց. «Իսկ ինչի՞ չենք ասում, որ մեր անվտանգային համակարգերը մեզ դավաճանել են, կարո՞ղ է պարզվի, որ հենվել ենք փուչիկ անվտանգային համակարգի վրա, մենք ինքներս մեզ ենք խաբել, կամ ուրիշներն են մեզ խաբել»:

Փաշինյանի խոսքով՝ խնդիրն իր մեջ չի, ժողովուրդն է որոշել, որ ինքը պետք է լինի վարչապետ. «Եթե անձամբ դուք մեկին մանդատ եք տալիս ու հետ չեք վերցնում ու նա այդ մանդատը շպրտում է փողոցում ու փախնում, դրանից ավելի մեծ դավաճանություն չի կարող լինել…Գոնե իմ քաղաքական կենսագրության ընթացքում ես ապացուցել եմ, որ ես փախնող չեմ եւ ինձ տրված պատասխանատվությունը կրելու եմ մինչեւ վերջ: Ո՞րն է այդ պատասխանատվությունը՝ Հայաստանը որպես խաղաղ եւ զարգացող պետություն ժառանգել հաջորդ կառավարությանը եւ սերունդներին»:

Երբ Լուլուկյանն ասաց՝ դուք վարչապետ եք, պարտավոր եք դուք հայտարարել ինքնորոշման իրավունքի մասին՝ Փաշինյանը հակադարձեց. «Համաձայն չեմ դրա հետ, որովհետեւ 30 տարի դրա մասին հայտարարելով՝ մենք հասել ենք ոչ մի բանի: Ղարաբաղի հարցի ձեր ասած այդ բուռն խոսույթը ընդամենը Հայաստանում իշխանություն պահելու եւ իշխանության առեւտրի թեմա է եղել եւ ոչ միայն Հայաստանի համար, Հայաստանը կոնտրոլի տակ պահելու լծակ է եղել»:

Aravot.am-ը հանդիպումից հետո զրուցեց պարոն Լուլուկյանի հետ՝ պարզելու, թե Փաշինյանի հետ հանդիպումից ընդհանուր առմամբ ինչ տպավորություն ունեցան, ինչքանով նրա պատասխանները գոհացրեցին: Սամվել Լուլուկյանը պատասխանեց. «Ես ամբողջությամբ իմ հարցի պատասխանը չստացա, նա շեղվեց: Իսկ իմ հարցը շատ հստակ ու պարզ էր՝ Արցախի ինքնորոշման հետ կապված, իրենց նախընտրական ծրագրի մեջ էլ նշված էր: Գերմանիայի կանցլերի հայտարարությունը մեզ զարմանալիորեն ուրախացրեց, բայց երբ կանցլերը հայտարարում է ու ՀՀ վարչապետը չի խոսում դրա մասին, տարակուսելի էր»:

Ինչ վերաբերում է Փաշինյանի պատասխանին՝ պատասխանատվության հետ կապված, պարոն Լուլուկյանն արձագանքեց. «Այնպես չի, որ մարդն ասում է՝ ես պատասխանատու եմ, մեղավոր եմ ու ավարտվեց: Դա պետք է ունենա հետեւանք: Մենք տեսնում ենք, որ ընտրություններից հետո խորանում են խնդիրները, բայց Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի կանոնադրության համաձայն, մենք չենք կարող խառնվել այլ երկրի ներքին գործերի մեջ ու հրաժարական պահանջել: Դա պետք է անեն ՀՀ քաղաքացիները: Ես, որպես սփյուռքի կառույցի ներկայացուցիչ, իմ մտահոգությունը ներկայացրեցի մեր հայրենիքի հետ կապված, անվտանգության համակարգի հետ կապված:

Գիտեք, երբ Հայաստանը հրաժարվում է Արցախի հարցը քննարկել Ադրբեջանի հետ, դա տարբերակ է, որ Արցախի իշխանությունները բանակցեն, բայց երբ Հայաստանը  չի մասնակցում, դա մի խաղաքարտ է, որը մենք կորցնում ենք: Արդեն Ադրբեջանը գալիս է բանակցելու ՀՀ սուվերեն տարածքի, Սյունիքի հետ կապված: Մենք 30 տարի ունեցել ենք Արցախի խնդիրը ու կարողացել ենք թելադրել, հիմա մենք կորցնում ենք այդ խաղաքարտը: Եթե մենք Արցախի հարցից հրաժարվում ենք, Հայաստանն ընդհանրապես չի մասնակցում, դա է մտահոգիչը: Եթե մենք համարում ենք, թե Հայաստանն էր երաշխավորողը Արցախի, մենք գիտենք, որ Արցախն էր երաշխավորը Հայաստանի, սա է այն պարզ բանը, որ մարդիկ չեն պատկերացնում, ասում են՝ այդ բեռը տանք, որ լա՞վ ապրենք, դա ամենաճակատագրական սխալն է: Մարդիկ կան, որ սա շատ լավ գիտեն, բայց իմ կարծիքով, ծրագիր են իրականացնում, որովհետեւ արդեն ակնհայտ է ամեն ինչ»:

Ինչ վերաբերում է Փաշինյանի բացատրությանը, թե ինչու չի խոսում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, պարոն Լուլուկյանն ասաց. «Սա ընդունելի չի, կներեք: Ինքը 2018-ին հայտարարեց, որ ես ընտրված եմ ՀՀ-ի ժողովրդի կողմից, քվե չունեմ Արցախի կողմից բանակցելու, բայց հարցն այն է, որ ինքնորոշման իրավունքի մեջ է  Արցախի հարցի միակ կարգավորումը: Դուք ընտրողներին այդպես եք ներկայացել ու քվե խնդրել: Այս պահին այդ ճանապարհը բացվել է՝ Լաչինի ճանապարհի փակումը, Հաագայի դատարանի որոշումը, որ կա՝ դրանք մենք կարող ենք օգտագործել ինքնորոշման իրավունքի շրջանակում: Բայց եթե մենք չենք խոսում ինքնորոշման իրավունքի մասին, արդեն ամբողջը թողնում ենք Ադրբեջանի ձեռքը: Ինքը այդտեղ գիտե՞ք ինչ ասեց՝ շատ լավ, թող բոլոր գերտերությունները հայտարարեն՝ ես էլ կասեմ: Եթե դուք ՀՀ վարչապետ եք, դուք պետք է հայտարարեք, էլ ո՞նց ասեն, եթե Շոլցը հայտարարում է, Ֆրանսիայի սենատը հայտարարում է, Մինսկի խմբի համանախագահները դա միշտ հայտարարել են, այդ սկզբունքը եղել է»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031