Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ամենահզոր զենքերը չեն օգտագործվել՝ ինձ համար անհասկանալի պատճառներով». Սերժ Սարգսյանի ինտրիգային պնդումը՝ պատերազմի մասին

Մարտ 07,2023 23:55

«Միջազգային մի քանի ուժեր կան, նույնիսկ առանձին երկրներ, որոնք ցանկության դեպքում կարող են Ադրբեջանին սսկացնել»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Aravot.am-ի հարցին՝ դուք երկար տարիներ եղել եք ՊՆ նախարար, ձեր նախագահության տարիներին մշտապես հայտարարվել է, որ տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է մեր բանակը, 44-օրյայից հետո գործող իշխանությունը թեզ է տարածում, որ բանակ չենք ունեցել, բանակը նախկին իշխանության համար կոռուպցիայի աղբյուր է եղել ու վերջին գլուխգործոցը Սասուն Միքայելյանի հայտարարությունն էր Եռաբլուրում, ի վերջո մենք բանակ ունեցե՞լ ենք, մարտունա՞կ էր, թե՞ ոչ՝ նա պատասխանեց. «Մենք ունեցել ենք բանակ եւ մեր բանակը դա ապացուցեց: Այս երկրի կառավարիչները հաճախ փորձում են ինչ-որ բան համեմատել ավտոմեքենայի հետ: Մեր բանակը Մերսեդես չէր, դա՝ անկասկած, եւ չէր էլ կարող լինել, որովհետեւ նույն Մերսեդեսը տասնամյակների պատմություն ունի, բայց մեր բանակը արժե համեմատել «добротный» նորմալ մեքենայի հետ, որն իր պարտականությունները կատարում էր:

Սրանք խոսում են այն մասին, որ այդ մեքենան լավը չէր, այս չէր, այն չէր ու մոռանում են, որ այդ մեքենան վարում էր ոչ միայն վարորդական իրավունք չունեցողը, այլ ընդհանրապես վարել չիմացողը եւ անխուսափելիորեն այդ մեքենան ձորն էր ընկնելու:  Եվ ընկել է ձորը: Բայց փոխարենը հասկանան, որ պետք է վարել իմանալ, նորից խոսում են՝ բանակ չենք ունեցել, այս չենք ունեցել, այն չենք ունեցել: Բոլոր այն թվերը, որ իրենք հրապարակում են փողի հետ կապված, դա միֆ է, հեքիաթ է, որովհետեւ նույնիսկ սովորական քաղաքացին շատ լավ գիտի, թե ինչ է նշանակում 1$-ը, 100$-ը 23 թվականին եւ ինչ արժեք ուներ այդ դոլարը 94, 2004, 2014 թվականին:

Որեւէ մեկը չի խոսում այն մասին, որ 2018-ից հետո որեւէ ռազմատեխնիկական աջակցություն չեն ստացել: Իսկ մինչեւ 2018-ը ես կարող եմ խոսել իմ ժամանակահատվածի մասին եւ մինչեւ այդ, երբ ես երկար տարիներ եղել եմ ՊՆ նախարար, մենք ստացել ենք ահռելի ռազմատեխնիկական օժանդակություն: Չեմ ուզում թվեր ասել, որ շահարկման առարկա չդառնա, բայց դա ահռելի էր: Երկրորդ հանգամանքն այն է, որ մեր բանակն ունեցել է բավականաչափ ռազմամթերք ու ռազմական տեխնիկա՝ պատերազմն այսպես չավարտելու համար: Մեր ամենահզոր զենքերը չեն օգտագործվել, ուղղակի չեն օգտագործվել ինձ համար անհասկանալի պատճառներով, իսկ այդ զենքերը ժամանակին օգտագործելու պարագայում իրավիճակը բոլորովին այլ կերպ կլիներ: Հետո խոսում են, որ զինամթերք չի եղել, զենք չի եղել: Բա եթե հետեւում եք ռուս-ուկրաինական ռազմական գործողություններին, տեսնում եք, որ ռուսական կողմը օգտագործում է բոլոր այն զենքերը, որ մենք ունեինք: Զենքը նաեւ օգտագործող է պետք: Եթե դուք չեք օգտագործելու, եթե նույնիսկ ատոմային ռումբ էլ դնեինք, չէիք օգտագործելու: Ոչ միայն զինամթերքի, նաեւ անձնակազմի առումով մենք 44-օրյա պատերազմում օգտագործել ենք 50%-ի չափով, բա այն 50%-ը ինչո՞ւ չեն օգտագործել՝ դա արդեն մյուս հարցազրույցների ժամանակ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031