Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ինչպես պատվաստանյութերը փոխեցին աշխարհը

Հունվար 03,2021 17:43

Կովիդ-19 համավարակը մարդկությանը հիշեցրեց, թե որքան վտանգավոր ու կործանարար կարող են լինել ինֆեկցիոն հիվանդությունների բռնկումները, և թե որքան անհրաժեշտ են այդպիսի դեպքերում պատվաստանյութերը։

Կորոնավիրուսը մարդկության առաջին «թշնամին» չէ, որի դեմ պայքարող զենքը պիտի դառնա պատվաստումը։ Միլիոնավոր մարդկանց այս աշխարհում հաջողվել է ողջ մնալ, քանի որ գտնվել է անտեսանելի «մարդասպաններին» սանձող միջոցը՝ պատվաստանյութը։

Bbc գործակալությունը առանձնացրել է մի քանի օրինակ, թե ինչպես են պատվաստումները փոխել միլիոնավոր մարդկանց կյանքը։

ԲՆԱԿԱՆ ԾԱՂԻԿ

Բնական ծաղիկ հիվանդության դեմ պատվաստանյութի հայտնագործումն այդ ոլորտում թերևս ամենամեծ հաջողությունն է։ Միայն XX դ-ում այդ չափազանց վարակիչ հիվանդությունը խլել է ավելի քան 300 մլն մարդու կյանք։ Ավելի վաղ ժամանակներում այդ հիվանդության զոհերի թիվն անհաշվելի է։

Ծաղիկ հիվանդությամբ վարակվածների մոտ 30%-ը մահանում էին՝ ենթարկվելով մեծ տանջանքների, քանի որ հիվանդի ողջ մարմինը ծածկվում էր հանգուցա-բշտիկային ցանով։ Եթե հիվանդությունը լավանում էր, ողջ մարմնի վրա մնում էին սպիներ, հաճախ հիվանդը կուրանում էր։


Հարյուրամյակների ընթացքում մարդիկ այդ հիվանդության դեմ դարման էին որոնում և վերջապես ստեղծեցին առաջին պատվաստանյութը։ Գաղափարը, որ հիվանդության՝ արհեստական եղանակով ստեղծված ավելի թույլ ձևը կարող է մարդու մոտ իմունիտետ առաջացնել, հավանաբար առաջացել է Չինաստանում։ Պահպանվել են տեղեկություններ, որ այնտեղ մարդիկ ականջների մեջ ծաղկի թարախով թաթախված բամբակե խցան էին դնում կամ ծաղիկով հիվանդացածների վերքերից քերված փոշին էին շնչում:

Աֆրիկայում ասեղի միջոցով ծաղկի թարախով ներծծված թել էին անցկացնում մաշկի միջով։

Սակայն միայն 1796 թ․-ին է հաջողվում ստեղծել բնական ծաղկի դեմ հուսալի պատվաստանյութ, որը մշակվել է Բրիտանիայում՝ բժիշկ Էդվարդ Ջենների կողմից։ Ջենների պատվաստանյութի հիմքում կովի ծաղիկն էր, որը թեև վարակիչ էր, բայց մահաբեր չէր։ Դա նկատել էին նաև անգլիացի ֆերմերները։ 1796 թ․-ի մայիսի 14-ին Ջենները պատվաստում է ֆերմերներից մեկի 8-ամյա որդուն՝ Զեյմս Ֆիպսին, որն ապրել է մինչև խոր ծորություն։ Գիտական համայնքը Ջենների մեթոդին վերապահումով մոտեցավ, սակայն կասկածները ցրվեցին, երբ բրիտանական նավատորմի ու բանակի ծառայողներին պատվաստեցին և նրանց հետ ոչ մի վատ բան չկատարվեց։

Էդվարդ Ջենները պատվաստում է տղային մարդու համար անվտանգ կովի ծաղկի հիմքով պատվաստանյութով

Մոտ 100 տարի հետո Լուի Պաստյորն առաջարկեց արհեստական իմունիտետի սկզբունքով ստեղծված բոլոր պրեպարատները Ջենների հայտնագործության պատվին վակցինա անվանել՝ ֆրանսերեն vache՝ կով բառից։

Բնական ծաղկի ոչնչացումը հնարավոր դարձավ միայն 200 տարի անց՝ 1960-ական թթ․, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)-ն սկսեց մասսայական ծաղկապատվաստումը։

Համարվում է, որ կոլեկտիվ իմունիտետ ձևավորելու համար անհրաժեշտ է պատվաստել բնակչության 80 տոկոսին։ Մի քանի միլիարդ մարդու պատվաստելն անհնարին էր։ Սակայն բավականին արդյունավետ էր կետային իմունիզացիայի քաղաքականությունը, որն առաջին անգամ կիրառվել է Արևելյան Նիգերիայում, որտեղ արագ բացահայտել են ծաղկի բռնկման օջախներն ու պատվաստել հարևան բնակիչներին։ 12 միլիոն բնակչություն ունեցող տարածքից բնական ծաղիկն արմատախիլ արվեց 750 000 մարդու պատվաստման միջոցով։ Ներկա պահին ծաղկի կենդանի վիրուսներ են պահպանվել միայն երկու վայրում՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի խստորեն հսկվող լաբորատորիաներում։

ՊՈԼԻՈՄԻԵԼԻՏ

Այս հիվանդությունն ավելի քիչ թվով մարդու է սպանել, քան բնական ծաղիկը, սակայն այն ավելի անողոք է ողջ մնացածների նկատմամբ։

Պոլիոմիելիտով հիմնականում վարակվում են մանկական տարիքում։ Վիրուսն օրգանիզմ է ներթափանցում բերանի միջոցով, այնուհետև թափանցում է արյան մեջ, ախտահարում նյարդային համակարգը՝ հաճախ անբուժելի պարալիչ առաջացնելով։ Մեծամասամբ այն պարալիզացնում է ծայրանդամները, ամեն 10-րդ պացիենտը մահանում էր թոքի մկանների պարալիչից։

«Երկաթե թոքեր» սարքը

Այդպիսի հիվանդների միակ հույսը թոքերի արհեստական ​​օդափոխությունն էր հատուկ խցիկների ներսում, որոնք ստեղծվել էին 1920-ական թթ․ և կրում էին «Երկաթե թոքեր» անվանումը։ Այդ երկաթյա «պարկուճներում» մարդիկ օրեր էին անցկացնում, երբեմն էլ՝ մնացած ողջ կյանքը։

Քանի որ պոլիոմիելիտն, ի տարբերություն բնական ծաղկի, արտաքին ցուցիչներ չուներ, դրա ինֆեկցիոն բնույթը հաստատվեց միայն 1905 թ․-ին շվեդ բժիշկ Իվար Վիքմանի կողմից։

Այդ ժամանակներում մեծ քաղաքներում խմելու ջրի որակի բարելավմանը զուգահեռ պոլիոմիետիտի դեպքերը նվազեցին, սակայն և պակասեց այդ վարակիչ հիվանդության դեմ իմունիտետ ունեցող մարդկանց թիվը, և հիվանդության բռնկումներն ավելի նկատելի դարձան։

ԱՀԿ տվյալների համաձայն՝ պոլիոմիելտը հիմնականում մինչև 5 տարեկան երեխաներին է ախտահարում։

1952 թ․-ին ամերիկացի բժիշկ Ջոնաս Սալկը պոլիոմիելտի դեմ պատվաստանյութ ստեղծեց։ 1961 թ․-ին Ալբերտ Սեյբինը բարելավեց այդ տարբերակը, որի շնորհիվ պատվաստանյութն օրգանիզմ էր ներթափանցում կուլ տալու, այլ ոչ թե ներարկման միջոցով։

Պատվաստանյութի ստեղծումից հետո ԱՄՆ-ում և Եվրոպայում հիվանդությունը զգալիորեն նվազեց։ Պոլիոմիելիտի պատվաստանյութերի հետ է կապվում վակցինացման պատմության ամենասարսափելի սխալներից մեկը։

1955 թ․-ին Cutter Laboratories ամերիկյան ընկերությունը սխալմամբ թողարկել է դեղամիջոցի ավելի քան 100․000 չափաբաժին, որոնք պոլիոմիելիտի կենդանի վիրուս էին պարունակում։ Այդ սխալի հետևանքով 10 երեխա մահացավ, 160 երեխա պարալիզացվեց։

1988 թ․-ին ԱՀԿ-ն հայտարարեց աշխարհում պոլիոմիելիտի վերացման ծրագրի մեկնարկի մասին։

1994 թ․-ին հիվանդությունից ազատվեց ԱՄՆ-ն, այնուհետև Չինաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, 2002-ին՝ Եվրոպան, 2014-ին՝ Հարավ-արևելյան Ասիան։

Վիրուսի էնդեմիկ փոխանցումը շարունակվում է Աֆղանստանում, Նիգերիայում ու Պակիստանում

Փորձագիտական գնահատմամբ՝ պոլիոմիելիտի դեմ պատվաստանյութի շնորհիվ աշխարհում ողջ է մնացել կես միլիոն մարդ և 18 միլիոն մարդ կարողանում է քայլել։ Մեր օրերում պոլիոմիելիտի դեպքեր են գրանցվում Աֆղանստանում, Նիգերիայում ու Պակիստանում։

ԿԱՐՄՐՈՒԿ

Կարմրուկի դեմ վակցինացիան հաջողության, միաժամանակ անհաջողության օրինակ է։
Աշխարհի ողջ ուշադրությունը գրաված Էբոլա տենդի բռնկումն Աֆրիկայում մոտ 20 հազար մարդու կյանք խլեց։ Անցած տարի կարմրուկն անձայն սպանեց 207,5 հազար մարդու, թեև դրա դեմ պատվաստանյութը գոյություն ունի 1963թ․-ից։

Պատվաստումից հրաժարումը կարմրուկով հիվանդացության աճի հիմնական պատճառն է

Կարմրուկի՝ չափազանց վարակիչ վիրուսը տարածվում է օդակաթիլային ճանապարհով և առաջացնում է բարձր ջերմություն, ցան, ծանր դեպքերում պացիենտի կյանքի համար վտանգավոր փորլուծություն, թոքաբորբ և գլխուղեղի թաղանթի բորբոքում։

Մինչև պատվաստանյութի հայտնագործումը կարմրուկը տարեկան միջինը 2,6 միլիոն մարդու կյանք էր խլում։ Հիվանդությունը վերջնականորեն հաղթահարել չի հաջողվել, քանի որ խիստ վարակիչ լինելու պատճառով հիվանդության նկատմամբ կոլեկտիվ իմունիտետ կարող է ձևավորվել, եթե պատվաստվի բնակչության 95 տոկոսը։

Վերջին տարիներին ԱՄՆ-ում և Եվրոպայում կարմրուկով հիվանդացության աճ է նկատվում «հակապատվաստումային շարժման» ներկայացուցիչների հայացքների պատճառով, որոնք լայնորեն տարածվում են սոցիալական ցանցերի միջոցով։

Նրանց համար խթան էր Էնդրյու Ուեյքֆիլդի՝ 1998 թ․-ին հրապարակված աղմկահարույց հոդվածը, որի համաձայն կարմրուկի, խոզուկի և կարմրախտի դեմ համակցված պատվաստումը երեխաների մոտ աուտիզմ է առաջացնում։ Թեև այդ պնդումները հետագայում հերքվեցին, իսկ Ուեյքֆիլդը զրկվեց բժշկի որակավորումից, սակայն նրա ցանած սերմերը պտուղներ տվեցին։

Այս հիվանդության առումով իրավիճակն Աֆրիկայում շատ ավելի բարդ է։ Անցյալ տարի Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում կարմրուկի բռնկումն ավելի քան 7000 մարդու կյանք է խլել, հիմնականում՝ երեխաների:

Զարգացող երկրներում հիմնական խնդիրը ոչ թե նախապաշարմունքներն են, այլ պատվաստանյութերի անբավարարությունն ու բժշկական ենթակառուցվածքների բացակայությունը։

ԱՀԿ-ն ՄԱԿ-ի անդամ-երկրներից 255 միլիոն դոլար է խնդրել կարմրուկի դեմ պատվաստումների լրացուցիչ ֆինանսավորման համար։

ՄԱԼԱՐԻԱ

Մալարիա հիվանդությամբ, որը հայտնի է նաև «ճահճային տենդախտ» անվամբ, գիտնականների կարծիքով, մարդիկ հիվանդանում են անհիշելի ժամանակներից։ Այսօր էլ մարդկության մոտավորապես կեսը ենթարկվում է մալարիայով վարակվելու ռիսկին, իսկ տարեկան 400 հազար մարդ մահանում է այդ հիվանդությունից։

Մահվան դեպքերի մոտավորապես կեսը բաժին է ընկնում Աֆրիկային։

Հիվանդության հարուցիչը միաբջիջ մակաբույծ մանրէն է՝ մալարիային պլազմոդիումը, որը տարածվում է Anopheles ցեղի մոծակների կողմից՝ արյան միջոցով։

Մալարիայի դեմ պայքարի հիմնական ուղիներից մեկը ճահիճների չորացումն է, մոծակների դեմ ցանցերն ու դեղամիջոցները, որոնք ճնշում են հիվանդությունը վաղ փուլում։ Ընդ որում, տվյալներ կան, որ պլազմոդիումը դրանց նկատմամբ սկսում է կայունություն ձեռք բերել։

Մալարիայի դեմ պատվաստանյութ ստեղծել դեռևս չի հաջողվել, թեւ դրա համար արդեն ծախսվել է 32 տարի և 700 միլիոն դոլար։

Պատվաստանյութի մի տարբերակ փորձարկվում է Գանայում, Մալավիում և Քենիայում, որի փորձարկումներն ավարտվելու են 2023 թվականին: Առայժմ, ըստ առկա տվյալների, այն պաշտպանում է մալարիայից միջինը 40% դեպքերում և ոչ ավելի, քան չորս տարի ժամկետով`շատ թույլ` համեմատած այլ հիվանդությունների պատվաստանյութերի հետ:

Ընդ որում անհրաժեշտ է կատարել ոչ թե մեկ կամ երկու, այլ չորս պատվաստում:

Թարգմանությունը՝ Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031