Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքոյանն իրեն կարմիր դիպլոմից զրկած դաշնակցականի մասին. «Այդպես է հարմար գտել անել, թող Աստված իր հետ լինի»

Ապրիլ 04,2023 18:55

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ իր դիպլոմայինի պաշտպանության ժամանակ ամիսներ առաջ իր քաղաքական հայացքների եւ ՔՊ անդամ լինելու համար կարմիր դիպլոմ չի ստացել, որովհետեւ հանձնաժողովի մեջ ՀՅԴ անդամ է եղել: «Նա ամեն գնով ուզում էր, որ չստանայի կարմիր դիպլոմ, եւ չեմ էլ ստացել»,-ասել էր Բաքոյանը:

Ռուստամ Բաքոյանից Aravot.am-ը հետաքրքրվեց, թե որ բուհը նկատի ունի, եւ ո՞վ է հանձնաժողովի՝ իր նշած դաշնակցական անդամը: Պատգամավորն ասաց, որ չի ասի, թե ում նկատի ունի եւ չի ասի, թե որ բուհի մասին է խոսքը: «Ես ձեր հարցը հասկանում եմ, բայց չեմ ուզում պատասխանել: Այդպես է հարմար գտել անել, թող Աստված իր հետ լինի: Որեւէ տվյալ չեմ տա, եթե այդ մարդն իմ ասածներին կարձագանքի, թող արձագանքի»,-ասաց նա:

ԱԺ-ի պաշտոնական կայքում զետեղված՝ Ռուստամ Բաքոյանի կենսագրության մեջ նշված է, որ նա 2009թ. ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմաիրավագիտական-աշխարհագրական ֆակուլտետի աշխարհագրության բաժինը, 2011թ.-ին էլ՝ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի իրանագիտության բաժնի մագիստրատուրան: Այլ կրթական հաստատության մասին նրա կենսագրության մեջ ոչինչ նշված չէ:

Չնայած նա խոսում էր ամիսներ առաջ կատարված միջադեպի մասին, այնուամենայնիվ կապվեցինք ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի հետ, որտեղի մագիստրատուրան Բաքոյանն ավարտել է տարիներ առաջ: Հետաքրքրվեցինք, թե մայր բուհում նա ինչպիսի ուսանող է եղել, ինչպես է ավարտական աշխատանքը պաշտպանել:

«Ռուստամ Բաքոյանն այստեղ մագիստրատուրա է սովորել, բայց այստեղ իր ավարտական աշխատանքի դրվագն ընդհանրապես չեմ հիշում: Ով էլ որ լինում է հանձնաժողովում, իր քաղաքական եւ կուսակցական կողմնորոշումը չի կարող գերակա դարձնել օբյեկտիվ գնահատականի վրա, այնպես որ ֆակուլտետում ձեւավորված հանձնաժողովները եւ հանձնաժողովների անդամներն ընտրվում են ըստ մասնագիտական կոմպետենտության, եւ կարող են ունենալ քաղաքական տարբեր կողմնորոշումներ, բայց դրանք չեն կարող ազդել որեւէ ուսանողի օբյեկտիվ գնահատականի վրա: Այնպես որ, կոնկրետ դրվագը չեմ հիշում, թե որ թվականին է ավարտել եւ ինչ է եղել իր թեման ավարտական աշխատանքի, բայց հանձնաժողովի օբյեկտիվությունը կասկածի տակ վերցնել հնարավոր չէ:

Այս ֆակուլտետը տարբեր ուսանողներ են ավարտում, նաեւ քաղաքական տարբեր կողմնորոշումներ ունեցողներ, ու ֆակուլտետը միշտ բարյացակամ է եղել եւ կա ուսանողների հանդեպ, այն մնում է հավատարիմ միայն գիտական օբյեկտիվությանը»,-ասաց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկանը:

Ռուբեն Մելքոնյանը հավելեց. «Ես ինքս բացասական փորձ ունեմ հետո առերեսվելու ապերախտների հետ, որոնք նաեւ իմ բարյացակամության շնորհիվ ստացել են ԵՊՀ դիպլոմ եւ անմիջապես սկսել են վայրահաչել անձամբ իմ դեմ, բայց ես համբերատար Կոնֆուցիոսի ասած՝ սպասում եմ գետի ափին, երբ մեղավորներն այդ գետով ներքեւ սլանան»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Ռուստամ Բաքոյանի դժգոհությունը՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930