Լրահոս
Օրվա լրահոսը

«Օբյեկտիվ իրականությունն արտացոլելու արդյունքում Սեյրան Օհանյանի և մյուս զինվորականի ցուցմունքներով՝ մեղադրանքն ամբողջությամբ հերքվում է»․ Դավիթ Տոնոյանի փաստաբան

Ապրիլ 04,2023 23:07

Հակակոռուպցիոն դատարանում ապրիլի 4-ին հրթիռների գործով հերթական դատական նիստի ընթացքում հարցաքննվեցին ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը և մեկ այլ զինվորական։

Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը վստահեցրեց՝ վկաների հարցաքննության արդյունքում էլ ավելի պարզ դարձավ, որ գնման գործընթացի հետ կապված կամ ընդհանրապես զինամթերքի ձեռքբերման հետ կապված որևէ խնդիր առկա չէ։

Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի՝ 4.7 մլն դոլարի հափշտակություն /վատնում/ կատարելու մեջ:

Փաստաբանն այս առիթով պնդեց․ «Այս վկաների ցուցմունքներով ևս մեկ անգամ հերքվեց առաջադրված մեղադրանքը, դրանում տեղ գտած բոլոր հանգամանքները։ Համոզված եմ, որ մյուս վկաներն էլ, երբ հարցաքննվեն, նմանատիպ տեղեկություններ են հայտնելու, որովհետև ըստ էության՝ բոլոր վկաներն իրենց ցուցմունքներով կիսատ-պռատ տեղեկություններ են հայտնել, իսկ դատարանում հարցադրումների արդյունքում ի հայտ է գալիս ողջ իրականությունը, և դրա արդյունքում մեղադրանքները միանշանակ կերպով հերքվում են»։

Սերգեյ Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք՝ Սեյրան Օհանյանն իր՝ նախկինում արված հայտարարության, թե «2011 թվականին տվյալ սպառազինության միջոցների մատակարարման ընթացքում անպետք լինելու պատճառով պաշտպանության նախարարությունն այդ ռազմամթերքը չի ընդունել», այնուհետև պարզաբանումների մասին, թե ինքը օգտագործել է հավանաբար բառը, որ իր կողմից արված այդ հայտարարությունը հիմնված է եղել իր հարցաքննության ժամանակ քննիչի կողմից իրեն ուղղված հարցադրումների և ներկայացված փաստաթղթերի վրա, այդ մասին այսօր դատարանի դահլիճում նա պարզաբանումներ ներկայացրե՞լ է, Սերգեյ Հովհաննիսյանը պատասխանեց․ «Այո, Սեյրան Օհանյանը տվեց պարզաբանումներ, որոնք դատարանի համար արդեն իսկ ընդունելի դարձան։ Սեյրան Օհանյանի և մյուս զինվորականի ցուցմունքները հարյուր տոկոսով, չեմ ասում 99 տոկոսով ի նպաստ մեզ էին, ոչ թե ուղղորդված կերպով, այլ օբյեկտիվ իրականությունն արտացոլելու արդյունքում ցուցմունքներով՝ մեղադրանքն ամբողջությամբ հերքվում է։ Բոլոր այն՝ ժանգոտ էր, պիտանի չէր,  ժամկետն անցած էր, թանկ էր կամ պահանջարկ չկար և այլն այդ հանգամանքները, որոնք ներառված են Տոնոյանի և մյուսների մեղադրանքում, բոլորը հերքվեցին այսօրվա հարցաքննությունների արդյունքում»։

Վկաների հարցաքննությունը կշարունակվի հաջորդ դատական նիստին, որը տեղի կունենա ապրիլի 11-ին՝ ժամը 12․00-ին։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930