Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարոյական իրավունք չունեն: Չեն բնակվում այստեղ, իրենց երեխաների ապագան չեն կապում երկրի հետ եւ պահանջում են, որ Հայաստանում այլ իշխանություն լինի». Զարեհ Սինանյան. «Հրապարակ»

Ապրիլ 14,2023 10:32

ՔՊ-ականները վերջին շրջանում առաջ են տանում այն թեզը, որ սփյուռքի հայերն իրավունք չունեն խառնվել Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին հարցրինք՝ ի՞նչ է կարծում՝ սփյուռքահայերն իրավունք ունե՞ն խառնվել Հայաստանի ներքաղաքական գործերին։

«Ի՞նչ է նշանակում՝ խառնվել Հայաստանի քաղաքական գործերին, նայած դա ասելով ինչ ենք հասկանում։ Բոլոր մարդիկ կարծիք ունենալու եւ դա հայտնելու իրավունք ունեն՝ անկախ նրանից, թե որտեղ են բնակվում, ուրիշ հարց է, որ մարդիկ չեն բնակվում այստեղ, իրենց ապագան, իրենց երեխաների ապագան չեն կապում երկրի հետ եւ պահանջում են, որ Հայաստանում այլ իշխանություն լինի։ Դեմոկրատական երկիր է, մարդիկ քվեարկում են, որոշում են, թե ով է կառավարելու երկիրը, եւ, փառք Աստծո, վերջին երկու անգամը դա ժողովրդավարական սկզբունքներով է իրագործվել, եւ մեխանիզմն աշխատում է»,- պատասխանեց Սինանյանը։

– Մտահոգությունն ամփոփվում է նրանում, որ պահանջում են օրվա իշխանությունների հրաժարականը։

– Դրա համար ասում եմ, որ ես չգիտեմ, Դուք ասում եք, որ նման արտահայտություն է տեղի ունեցել, ամեն ինչ մանրուքների մեջ է, կոնկրետ ի՞նչ արտահայտություն է եղել, ինչի՞ մասին է կոնկրետ խոսել։ Եթե, օրինակ, խոսքը գնում է այն մասին, որ Ֆրանսիայի քաղաքացին գալիս, բեմի վրա կանգնում է ու որեւէ քայլի կոչ է անում, դա մի բան է, իսկ երբ մեր հայրենակիցն ասում է՝ ես մտահոգված եմ Հայաստանի ճակատագրով, ու այս բանը սխալ է արվում, դա լրիվ այլ բան է։

– Այսինքն՝ առաջինն անելու իրավունք չունե՞ն։

– «Առաջինն անելու իրավունք չունեն»-ը ո՞րն է, բարոյական իրավունքը նույնիսկ չունի։

– Իսկ նման մտքերը` որ սփյուռքը սա անելու իրավունքն ունի, սա` չունի, Հայաստանի ու սփյուռքի միջեւ պառակտում չի՞ մտցնում։

– Պառակտում չի մտցնում, իմ կարծիքով՝ սփյուռքում ժողովրդի ջախջախիչ մեծամասնությունը հասկանում է, որ եթե, օրինակ, ես Երեւանում եմ այսօր բնակվում, չնայած որ նաեւ ԱՄՆ քաղաքացի եմ, ես կոչ չեմ անում ժողովրդին՝ այս կամ այն նախագահի օգտին քվեարկել կամ չքվեարկել, պատժել կամ չպատժել, որովհետեւ ես իմ երեխաների ապագան փորձում եմ կապել Հայաստանի հետ։ Ես սա որպես անալոգիա եմ բերում, որ մարդիկ, որոնք դուրսը ապրում են, օրինակ, Ռուսաստանի մեր հայերը, պատերազմից հետո կար մի զանգված, որ ասում էր՝ մենք պահանջում ենք, որ գանք, ընտրություններին քվեարկենք։ Ասում էի՝ շատ լավ, ինչո՞ւ, ձեր մոտիվացիան ի՞նչն է, գալու եք այստե՞ղ ապրեք, ձեր ապագա՞ն է լինելու Հայաստանը` եկեք, ապրեք, քվեարկեք, ո՞վ է ձեզ խանգարում։ Մի բան էլ ասեմ․ ցանկացած հայ այսօր կարող է դառնալ ՀՀ քաղաքացի` նույնիսկ շարունակել դուրսը բնակվել, բայց ընտրության օրը գտնվելով ՀՀ-ում՝ քվեարկել, նույնիսկ այդ իրավունքը մեր հայրենակիցներին տրված է սփյուռքում, եւ արգելք՝ մասնակցելու ժողովրդավարական գործընթացներին, չկա սփյուռքի համար: Բայց եթե դրանից ավել է, ապա բարոյական իրավունքի հարց է առաջանում։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930