Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ պետական պարտքը երեք ամսում ավելացել է մոտ 262 մլն դոլարով

Մայիս 05,2023 23:00

Վերջին երեք ամսում, ավելի ստույգ՝ դեկտեմբերի 31-ից մինչեւ մարտի 31-ը Հայաստանի պետական պարտքն ավելացել է 261 մլն 748 հազար դոլարով։

Պաշտոնական տվյալներով՝ 2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 10 միլիարդ 637 միլիոն դոլար։ Այս տարվա հունվարից պարտքը սկսել է աճել՝ հունվարին այն կազմել է 10 միլիարդ 673 միլիոն դոլար, փետրվարին՝ 10 միլիարդ 757 միլիոն, մարտին՝ 10 միլիարդ 899 միլիոն դոլար։

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ արտաքին պարտքը 2022-ի դեկտեմբերի դրությամբ կազմել է 6 միլիարդ 450 միլիոն դոլար, այս տարվա հունվարին՝ 6 միլիարդ 474 միլիոն, ապա այն նվազել է, փետրվարին կազմելով 6 միլիարդ 366 միլիոն դոլար, մարտին նորից աճել, կազմելով 6 միլիարդ 399 միլիոն դոլար։

ՀՀ կառավարության արտաքին պարտքը դեկտեմբերին կազմել է 5 միլիարդ 899 միլիոն դոլար, հունվարին՝ 5 միլիարդ 909 միլիոն դոլար, փետրվարին՝ 5 միլիարդ 812 միլիոն, մարտին՝ 5 միլիարդ 838 միլիոն դոլար։

ՀՀ կենտրոնական բանկի պարտքի բեռը դեկտեմբերին կազմել է 551 միլիոն դոլար, հունվարին՝ 565 միլիոն, փետրվարին՝ 554 միլիոն, մարտին՝ 561 միլիոն դոլար։

Ընդ որում, պետական պարտքն աճել է հիմնականում ներքին պարտքի հաշվին։ Ըստ այդմ՝ ներքին պարտքը դեկտեմբերին կազմել է 4 միլիարդ 186 միլիոն դոլար, այս տարվա հունվարին՝ 4 միլիարդ 198 միլիոն, փետրվարին՝ 4 միլիարդ 390 միլիոն, մարտին՝ 4 միլիարդ 499 միլիոն դոլար։

Ներքին պարտքը ձեւավորվել է ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերի հաշվին։

Կառավարության ներքին եւ արտաքին պարտքը միասին դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 10 միլիարդ 86 միլիոն դոլար, մարտի 31-ի դրությամբ՝ 10 միլիարդ 338 միլիոն դոլար։

Այս տարվա առաջին եռամսյակի ՀՆԱ-ի ցուցանիշները դեռեւս չեն հրապարակվել, ՀՆԱ/պետական պարտք հարաբերակցությունը հասկանալու համար։ Թեեւ, տնտեսական ակտիվությունն ու դրամի արժեւորումը պետք է նպաստեն ՀՆԱ-ի նկատմամբ պարտքի բեռի բարելավմանը։

Տիգրան Խաչատրյանը, երբ դեռ ֆինանսների նախարարն էր, 2023 թվականի բյուջեի նախագիծը ներկայացնելիս, վստահեցրել է՝ կառավարության պարտք/ՀՆԱ շեմը 2023-ի վերջին կկազմի 49.6%-ից ոչ ավել։ Նախագծի համաձայն, 2023-ի ընթացքում կնվազի արտաքին պարտքի կշիռը եւ այն տարեվերջին կկազմի 58.6%՝ 2022-ի 62.1%-ի փոխարեն:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031