Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր ատոմակայանի մոդելի ընտրությունը կախված է լինելու ֆինանսական արժեքից․ Դավիթ Խուդաթյան

Նոյեմբեր 09,2026 14:38 Share
Աջակցեք aravot.am-ին

Ատոմակայանի նոր էներգաբլոկի ընտրությամբ զբաղվող ընկերության համար 2027 թվականի բյուջեով հատկացվել է շուրջ 800 միլիոն դրամ․ այս մասին 2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էր հետաքրքրվել ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի, մոդուլային ատոմակայանների հարցերով։

Դավիթ Խուդաթյանն ասաց, որ ատոմակայանի հետ կապված հարցը պետք է բաժանել երկու ժամանակահատվածի։

«Սկզբնական շրջանում՝ շուրջ մեկ տարի, մեկուկես տարի առաջ, մենք լրջորեն հետաքրքրված էինք բացառապես փոքր մոդուլյար ռեակտորներով ատոմակայան ունենալու հնարավորությամբ, որովհետև այդ տեխնոլոգիան ավելի նոր տեխնոլոգիա է, և միևնույն ժամանակ էներգետիկ համակարգում էլեկտրաէներգիայի այդ քանակի ծավալի անհրաժեշտություն կար։ Հիմա հետաքրքրված ենք, և դրա մասին նաև Հանրապետության վարչապետը հրապարակային հայտարարել է, որ հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլ նաև ավանդական տեխնոլոգիայով։

Ինչո՞վ է պայմանավորված այս փոփոխությունը։ Առաջին հերթին հետևյալով, որ մեծ հետաքրքրություն կա Հայաստանում արհեստական բանականության գործարանների կառուցման մասով։ Մենք մի քանի ծրագիր այս պահին իրականացնում ենք, և, ըստ էության, հիմա Հայաստանում դժվար է պատկերացնել մի իրավիճակ, երբ որ մենք կարող ենք ունենալ էլեկտրաէներգիայի ավելցուկ։ Տեսականորեն ինչքան էլեկտրաէներգիա արտադրվի Հայաստանի Հանրապետությունում, միայն այդ կարգի կառույցները իրենք կարող են այդ ամբողջ ծավալը սպառել։ Հետևաբար ուսումնասիրում ենք նաև ավանդական տեխնոլոգիայով, մասնավորապես՝ 1000-1200 մեգավատ դրվածքային հզորությամբ մոդուլների մասը։ Ուսումնասիրում ենք նաև փոքր մոդուլյար ռեակտորներով ավելի մեծ հնարավորություններ ունենալու հարցը։

Ինչո՞վ է պայմանավորված լինելու մոդելի ընտրությունը։ Առաջին հերթին պայմանավորված է լինելու դրա ֆինանսական արժեքով, որովհետև այն ֆինանսական արժեքը, որը կունենա ատոմակայանը, էական ազդեցություն է ունենալու Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի վրա։ Եվ այս հանգամանքը, կարծում եմ, ամենակարևոր հանգամանքներից մեկն է։ Պիտի ասեմ, որ չի դադարել մեր հետաքրքրությունը փոքր մոդուլյար ռեակտորների մասով, բայց դրան զուգահեռ նաև չենք բացառում մեծ, ավանդական տեխնոլոգիայով՝ 1000 ընդհուպ մինչև 1200 մեգավատ դրվածքային հզորությամբ նոր ատոմակայանի պլանավորումը։

Գործող ատոմակայանի մասով՝ շահագործման ժամկետի երկարացման երկրորդ ծրագրի հիմնական հատվածը այս տարի ավարտել ենք։ Ատոմակայանը ապրիլից մինչև սեպտեմբեր գտնվել է վերանորոգման փուլում, բարեհաջող միացվել է էներգետիկ համակարգին և հիմա ցանցի կարևոր մաս է շարունակում մնալ»։

Շարունակելով՝ Արթուր Խաչատրյանը մեջբերեց Ադրբեջանի նախագահի օգնականի վերջերս տված մի հարցազրույց, որտեղ Հիքմեթ Հաջիևը խոսում է 880 գիգավատ հզորությամբ կանաչ միջանցքի մասին՝ Կասպից ծովից մինչև Եվրոպա․ «Կասպից ծովից մինչև Եվրոպա ընկած միակ ոչ կանաչ էներգետիկան ատոմակայանը մերն է։ Ուզում եմ հասկանալ՝ Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները Հայաստանի վրա՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ»։

«Մեր ատոմակայանը ժամանակակից անվտանգության համակարգերին համապատասխան ատոմակայան է։ Մենք ատոմակայանի պահպանությունն իրականացնում ենք միջազգային կառույցների ակտիվ ներգրավվածությամբ։ Ես այս տարի էլ առիթ եմ ունեցել հանդիպելու ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի՝ պարոն Գրոսի հետ և վերահաստատելու նաև այն հանգամանքը, որ ՄԱԳԱՏԷ-ն և միջազգային կառույցներն այս մասով զրո անհանգստություն ունեն։ Շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը պատշաճ իրականացվել է, այդ թվում նաև ՄԱԳԱՏԷ-ի հսկողությամբ։ Հետևաբար դա ակտուալ հարց չէ։ Այսինքն՝ մենք պլանավորում ենք ատոմակայան ունենալ և ունենալ նաև նոր ատոմակայան, և ատոմակայանը շարունակելու է մեր էներգետիկ համակարգում իր ուրույն դերը ունենալ՝ պահպանելով անվտանգային բոլոր չափանիշները, ստանդարտները, որոնք ժամանակակից աշխարհում կան»,- պատասխանեց Դավիթ Խուդաթյանը՝ վստահեցնելով, որ ատոմակայանի մասով Հայաստանի վրա քաղաքական ճնշումներ չկան։

Ի դեպ, նա հավելեց, որ նոր ատոմակայանի կառուցման համար առաջարկներ են ստացվել Միացյալ Նահանգներից, Ռուսաստանի Դաշնությունից, Չինաստանից, Կորեայից, Ֆրանսիայից․ «Այսինքն՝ այն երկրները, որոնք փոքր մոդուլյար ռեակտորների կառուցման փորձ ունեն, մենք այդ բոլոր երկրների հետ այս հարցն ուսումնասիրում ենք։ Իհարկե, էներգետիկ համակարգին միացված փոքր մոդուլյար ռեակտորների մասով՝ համակարծիք եմ, այս պահին աշխարհում քիչ տեղերում կա, որ միացված են, բայց կան մեծ ծավալով․ զգալի մասը, այդ թվում նաև չինական տեխնոլոգիայով, մի մասը՝ ամերիկյան տեխնոլոգիայով՝ Միացյալ Նահանգներում և Միացյալ Նահանգներից դուրս։ Պիտի զուգահեռաբար ուսումնասիրենք»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30