Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Թող կարդան հենց թուրքական աղբյուրները…Դրանք ձեր վախվորած սրտի ալիբին կարող են լինել. Նարինե Թուխիկյան

Մայիս 05,2023 23:50

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի նախկին տեղակալ Նարինե Թուխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նեմեսիս գործողությանը նվիրված հուշակոթողի տեղադրման պատեհության և անպատեհության, Թուրքիայի   արձագանքի և այլնի մասին ամենատարբեր ամբիոններից կմկմացողները թող կարդան հենց թուրքական աղբյուրները:

Դրանք ձեր վախվորած սրտի ալիբին կարող են լինել: Կարճ ՝ 1918-ին Մուդրոսի զինադադարից հետո Թուրքիայի նոր կառավարությունը Ահմեդ Իզզեթ փաշայի գլխավորությամբ որոշում է Օսմանյան կայսրությունը 1-ին աշխարհամարտի  մեջ ներքաշելու և հայերի դեմ զանգվածային կոտորածներ կազմակերպելու համար դատական պատասխանատվության ենթարկել երիտթուրքական կառավարության ղեկավարներին և «Միություն և առաջադիմություն» կուսակցության կոմիտեի անդամներին: Անշուշտ դա անում է վախենալով միջազգային պարսավանքից: Եվ այսպես՝ Թալեաթ փաշա- 1919թ. Օսմանյան ռազմական արտակարգ ատյանի կողմից դատապարտվել է մահապատժի:

Իսմայիլ Էնվեր փաշա-1919թ. Օսմանյան ռազմական արտակարգ ատյանի կողմից դատապարտվել է մահապատժի:

Ահմեդ Ջեմալ փաշա- 1919թ. Օսմանյան ռազմական արտակարգ ատյանի կողմից դատապարտվել է մահապատժի:

Դոկտոր Նազըմ-1919թ. Օսմանյան ռազմական արտակարգ ատյանի կողմից դատապարտվել է մահապատժի:

Բահհադին Շաքիր- 1920թ. Օսմանյան ռազմական արտակարգ ատյանի կողմից դատապարտվել է մահապատժի:

Եվ էլի շատ դատավճիռներ:

Այնպես որ, Նեմեսիսի հերոսները օգնել են օսմանյան դատարանի կողմից ընդունված այս դատավճիռներն ի կատար ածելուն:

***

Թիվ մեկ  կամ , ինչպես Շահան Նաթալին  կասեր, Number 1 թիրախ :  Թալեաթ: «Արևելք»  օթյակի  այս  բարձրաստիճան մասոնին ոչնչացնելու  արժանապատիվ գործը   վստահվեց Սողոմոն Թեհլիրյանին: «Կը պայթեցնես գանկը թիւ մէկ ազգասպանին եւ չես  փորձեր փախչիլ: Կը կանգնիս տեղդ, ոտքդ  սատկածի վրայ  ու կը յանձնուիս  ոստիկաններուն, որոնք կու գան ու կը ձերբակալեն քեզ»:   Սա Շահան Նաթալիի  հրահանգն էր  Թեհլիրյանին: Նպատակը ՝ վերջինիս դատավարությունը  վերածել  ցեղասպանություն իրագործածների դատավարության: Բայց մինչ  մանրամասն կնախապատրաստվեր և պատեհ  հնարավորություն  կստեղծվեր Թալեաթին գնդակահարելու , 1919-ին և  1920-ին Նեմեսիս  գործողությունները  են կատարվում   Թիֆլիս քաղաքում:

***

Ղասիմբեկով, Սարաֆով, Խան Խոյսկի

1919 թ. Թիֆլիս, Երևանյան հրապարակ. Արամ Երկանյանի գնդակից  սպանվում է մուսաֆաթական Ղասիմբեկովը: 1920-ին կրկին Թիֆլիսի Գոլովինսկի փողոցում  վերացնում է  Ադրբեջանի վարչապետ, 1918 թվականին Բաքվի 30 հազար   և 1920-ի մարտին   Շուշիի 35 հազար հայերի ջարդը կազմակերպած  Խան Խոյսկուն: Նույն 1920թ-ին , կրկին Գոլովինսկի փողոցում Արամի ձեռքով գնդակահարվում է մուսաֆաթական Սարաֆովը, մյուս դահիճը՝ Խան Մեհմեդովը վիրավորվում է : Վիրավորվում է նաև Արամ Երկանյանը, բայց կարողանում է  խույս տալ հետապնդումից և ազատվել:  Բայց  սա   արդար վրեժի  սկիզբն էր, և Արամ Երկանյանին դեռ կվերադառնանք:

***

Կրկին Թալեաթ

1921թվական մարտի 15, Բեռլին, Շառլոտենբուրգ թաղամաս, Հարդենբերգ փողոց:  Սողոմոն Թեհլիրյանը արագացնում է Իթթիհաթական Թուրքիայի նախկին ներքին գործոց նախարար և նախկին վարչապետ Թալեաթի դժոխք ընկնելու գործը:   Թեհլիրյանին օգնում է Հակոբ Զորյանը: Գործողությունը ղեկավարում  են  Շահան Նաթալին և Ստեփան Ծաղիկյանը:

***

Բեհաէդդին Շաքիր բեյ, Ջեմալ Ազմի

1922 թ. ապրիլ 17 Բեռլինում, Ուլանդշտրասե փողոցում  Արամ Երկանյանը և Արշավիր Շիրակյանը սպանում են հայոց ցեղասպանություն ծրագրած իթթիհաթական հատուկ հանձնախմբի գլխավոր պատասխանատու Բեհաէդդին Շաքիր բեյին և  իթթիհաթական պարագլուխ Ջեմալ Ազիմին: «Այնքան թեթեւ կը զգայի, կարծես լեռ մը ինկած էր կուրծքիս վրայէն: Վստահ էի գնդակիս մահացութեան մասին: Հատուցուած էր ուխտը հայ մեռելոցին»:  Ա.Երկանեան

շարունակելի…»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031