«Մշակույթը նույնպես զենքի տեսակ է, և հաճախ այն կարող է ավելին անել, քան մի ամբողջ դիվանագիտական խումբ»:
Ռեժիսոր Սամվել Թադևոսյան
Ապրիլի 26-ին Երևանում՝ «Թեքեյան կենտրոն»-ում, տեղի ունեցավ ռազմական կինոռեժիսոր Սամվել Թադևոսյանի նկարահանած «Նեմեսիսը երեկ, այսօր, վաղը» կինոպատումի անդրանիկ ցուցադրությունը։ Ներկա էին Հայոց Մեծ Եղեռնից հետո թուրք դահիճներին ահաբեկած հերոսների հետնորդներ, մշակութային ու քաղաքական գործիչներ, պատմաբաններ, արվեստագետներ, ֆիլմի ստեղծագործական խմբի անդամներ, հյուրեր։
ՀՀ օրհներգի հնչելուց հետո Հայոց Մեծ Եղեռնին զոհ գնացած մեր հայրենակիցների հիշատակի համար եղավ լռության րոպե։ Բացման խոսքով ու Տերունական աղոթքով ներկաներին ողջունեց ու օրհնեց Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պսակ քահանա Մկրտչյանը՝ կարևորելով նման մշակութային ստեղծագործությունները հայապահպանության գործում։
Կարդացեք նաև
Մեջբերում արեց Մովսես Խորենացուց․ «Թեպետ մենք փոքր ածու ենք և թվով շատ սահմանափակ ու զորությամբ թույլ և շատ անգամ օտար թագավորությունների կողմից նվաճված, բայց և այնպես մեր աշխարհում էլ գրելու և հիշատակելու արժանի շատ սխրագործություններ են կատարվում»՝ մատնանշելով «Նեմեսիս» գործողությունը։
Ներկաներին ողջունեց «Թեքեյան կենտրոն»-ի տնօրեն Արմեն Ծուլիկյանը։ Իր խոսքում ասաց․ «Ընդամենը 2 օր առաջ մեր հարգանքի տուրքը մատուցեցինք մեր ժողովրդի միլիոնավոր նահատակների հիշատակի առջև։ Այդ ահավոր ողբերգությունն աննախադեպ էր թե՛ իր ծավալներով, թե՛ իր մտահղացմամբ ու կատարման ձևերով, հատկապես՝ իր հետևանքներով։ Ցեղասպանությունները օրինաչափություններ չեն, բայց կազմակերպիչներին պատժելը պարտադիր է ու օրինաչափություն։ Մեծ Եղեռնից հետո Սարդարապատում հաղթելը փրկեց մեր հայրենիքի այս փոքր հատվածը։
Իսկ «Նեմեսիս»-ը փրկեց մեր պատիվը։ Դա մեր նվիրյալ ու անձնազոհ զավակների արդարացի պատասխանն էր ոճրագործներին։ Եվ որևէ մեկը չի խուսափելու արդարացի պատժից։ Սա պետք է իրենց ականջին օղ անեն ներկա և, ցավալի է՝ ապագա ոճրագործները։ «Նեմեսիսը՝ մշակույթում»․ սա մեծ խորհուրդ ունի իր մեջ։ Իհարկե, այսօրվա ներկայացվող ֆիլմն ընդամենը մի դրվագ է «Նեմեսիս»-ի պատմությունից։ Այս վրեժխնդիր գործողությունից հետո բազում մշակութային գործեր են ստեղծվել ու դեռ ստեղծվելու են․․․ սա դաստիարակչական մեծ նշանակություն ունի»։
Իր խոսքում կինոռեժիսոր Ս․ Թադևոսյանն ասաց․ «Նեմեսիս»-ը հայ ժողովրդի ազատագրական դարավոր պայքարի տարեգրության լուսապսակ առաջնորդն է, այն իրականացնողները՝ մեր արդարադատ պայքարի փառավոր ռահվիրաները։ Նրանց գործած սխրանքներից մի դրվագի է նվիրված ցուցադրվող ֆիլմը»։
Պատմեց նաև՝ ինչպես է ծնվել ֆիլմը։ Ստեղծագործական խմբով դեռևս 44-օրյա պատերազմի օրերին որոշել են իրականացնել «Խրամատային մշակույթ»։ Գեղանկարիչ Շմավոն Շմավոնյանը Թիֆլիսում նկարել էր այն փողոցը, որտեղ Արտաշես Գևորգյանի կողմից տեղի էր ունեցել Ջեմալի սպանությունը։
Այդ կտավը նվիրել էին Արտաշեսի թոռանը՝ Արմենին, և որն էլ դարձել էր առիթ՝ նկարահանել ֆիլմ։ «Արմեն Գևորգյանի հետ մենք փոքր չափաբաժիններով նոր բաղադրատոմս ենք ավելացնում մեր մշակույթին՝ ներկայացնելով նորը՝ «Նեմեսիսը՝ մշակույթում»։
Հաճախ էի ասում՝ Հայկազունու «Պատերազմ եք գնում․․․» երգը մեծ ոգի էր տալիս կռվադաշտում։ Այսինքն՝ մշակույթը նույնպես զենքի տեսակ է և երբեմն կարող է վճռական գործեր անել։ Այս շրջանակում ստեղծագործական խմբով հավաքվեցինք․ մեր վաստակաշատ նկարիչը՝ Շմավոն Շմավոնյանը, 2 բարերարները՝ Թոնի Կահվեն ու Բագրատ Նազարյանը, Արմենը և ես՝ ստեղծելու մի աշխատանք «Նեմեսիս»-ի մասին։ Վրեժխնդրության և արդարադատ պայքարի բոլոր ձեռնարկները մեզ հետ են առնչվում։ Մեզ հետ կապ ունեն ազգային արժանապատվությունը, հայի տեսակը, և հավիտյան կրելու ենք այդ արժեքները»։
Ֆիլմի ու «Նեմեսիս» գործողության մասին խոսեցին մեկնաբան, լրագրող Արտյոմ Երկանյանը՝ վրիժառու Արամ Երկանյանի թոռը, քաղաքական գործիչ, «Genesis Armenia» ուղեղային կենտրոն/հիմնադրամի հիմնադիր, տնօրեն Աբրահամ Գասպարյանը, գրականագետ, բ. գ. դ., պրոֆեսոր Սամվել Մուրադյանը, ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, Ջեմալ փաշային սպանող Արտաշես Գևորգյանի թոռը՝ Արմեն Գևորգյանը, ով նաև կարևոր դեր ունի ֆիլմի ստեղծման գործում։
Թիֆլիսաբնակ նկարիչ Անդրեյ Շուգարովը, ով բնակվել է այն թաղամասում, որտեղ Արտաշեսը գնդակահարել է Ջեմալին, հետաքրքիր տեղեկություններ տվեց նաև իր պապի մասին, ով 1930-ականներին գնդակահարվել է Բերիայի հրամանով։ Նույն ժամանակ Ջեմալին սպանելու մեղադրանքով գնդակահարվել է նաև Արտաշես Գևորգյանը։ Եղան նաև երաժշտական համարներ։
Հանդես եկան ճանաչված երգիչներ Դավիթ Ամալյանը, Արսեն Համբարյանը, Գրիգոր Համբարյանը, քանոնահարուհի Միլենա Հարությունյանը։ Ֆիլմում «Նեմեսիս» գործողության մասին իր խոսքում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանն ասում է․ «Կոտրված ժողովուրդն իմաստավորվեց նրանց՝ վրիժառուների դեմքով, որ դահիճը պետք է պատժվեր ու պատժվեց․ հավերժ փառք իրենց գործին»։
Ընթացքում ցուցադրվեց նաև «Գինի լի՛ց» տեսահոլովակը։
Տեսակապով «Նեմեսիս»-ի և ֆիլմի մասին խոսեցին արտերկրում բնակվող մեր հայրենակից արվեստագետներ, ավստրիացի գրող, «Ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ»՝ Սողոմոն Թեհլիրյանի մասին գրքի հեղինակ, դիվանագետ Բիրգիտ Քոֆերը։ Ցուցադրության վերջում ֆիլմի աշխատախմբի կողմից պատվոգիր հանձնվեց իրենց աջակիցներին՝ «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին» հիմնադրամի գործադիր տնօրեն, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանին, հոգաբարձուների խորհրդի անդամներ գեղանկարիչ Շմավոն Շմավոնյանին, Բագրատ Նազարյանին, Թոնի Կահվեին, ինչպես նաև՝ Արտյոմ Երկանյանին։ Եղավ նաև հյուրասիրություն։ Նույն խմբի կողմից նախաձեռնվել է նաև թանգարանի հիմնադրում՝ նվիրված «Նեմեսիս»-ին։
Զոհրաբ Ըռքոյան



























































