«Գործը հավիտյան է, մեր ժողովուրդը՝ հավերժական»
Գուրգեն Մելիքյան
Մեր ժողովրդի արժանապատիվ զավակներից, «Նեմեսիս» գործողության հերոս անդամներից Արտաշես Գևորգյանը ծնվել է Էրզրումի վիլայեթի Խոտորջուր գավառի Միջինթաղ գյուղում։ 1916 թ․ Արտաշեսն իր եղբոր՝ Թորգոմ Գևորգյանի (Ազվին) հետ, ով եղել է Զորավար Անդրանիկի համհարզը, մտնում է Անդրանիկի զորագունդը և ակտիվ մասնակցում 1916-1919 թթ․ զորավարի մղած բոլոր մարտերին։ 1922 թ․ հուլիսի 21-ին ժամը 22:00-ի սահմաններում Արտաշեսն իր ընկերներ Պետրոս Տեր-Պողոսյանի և Ստեփան Ծաղիկյանի հետ Թիֆլիսում սպանում է 1914-1916 թվականներին Հայոց Ցեղասպանության գլխավոր հանցագործներից մեկին՝ Օսմանյան կայսրության ռազմածովային նախարար Ջեմալ փաշային։
1936 թ․ Արտաշեսը, մեր ազգի բազում լավագույն զավակների պես ևս ձերբակալվում և 1937 թվականի օգոստոսի 14-ի, լույս 15-ի գիշերը ժամը 02:00-ին գնդակահարվում է Ջեմալ փաշային սպանելու և Բերիայի հանդեպ իբր մահափորձ կազմակերպելու մեղադրանքով։ Ստալինի մահից հետո բոլոր բռնադատվածները, նաև Արտաշեսը, հետմահու արդարացվել է (1956թ․)։ Սա է մեր պատմության ցավոտ էջերից մեկը, երբ օտարի ցուցումով հայ չեկիստները սպանում էին ազգի լավագույն ներկայացուցիչներին։ Սակայն Արտաշեսն ու իր ընկերները հավերժ հիշվելու են որպես Ազգային Արժանապատվության Մարտիկներ։ Ինչպես ասել է Թալեաթ փաշային ալահհի գիրկն ուղարկած Սողոմոն Թեհլիրյանը․ «Ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ», այնպես էլ «Նեմեսիս» ծրագրի բոլոր մասնակից տղերքը մարդասպան չէին, վրիժառուներ էին։
Կարդացեք նաև
Հայոց վրիժառուների մասին պատահական չէ Արմին Թեոֆիլ Վեգների հայտնի խոսքը․ «Ինքը՝ Սողոմոն Թեհլիրյանը, միայն խորհրդանիշ է, հյուլե, ում մեջ կենտրոնացված է քամահրված ռասսայի ցավը, և ով հուսահատ ինքնապաշտպանության մեջ իր վրեժն է լուծում»:
Օգոստոսի 14-ին՝ Արտաշես Գևորգյանի գնդակահարման օրը, Երևանում խորհրդանշվեց մշակութային միջոցառմամբ։ Օղակաձև այգում 2023 թ․ ապրիլի 25-ին բացված «Ազգային արժանապատվության ասպետներին» աղբյուր-հուշակոթողի մոտ Արտաշես Գևորգյանի թոռան՝ Արմեն Գևորգյանի նախաձեռնությամբ, հավաքվել էին հայ մտավորականներ՝ տարբեր ոլորտներից՝ նկարիչներ, դասախոսներ, զինվորականներ, լրագրողներ, պարարվեստի նվիրյալներ, այլք։
Սկզբում տեղի ունեցավ ծաղիկների խոնարհում հուշարձան-աղբյուրի մոտ։ Ռազմական ռեժիսոր Սամվել Թադևոսյանն անդրադարձավ օրվա խորհրդին։ Արմեն Գևորգյանը ողջունեց ներկաներին, անդրադարձավ հերոս պապի կերպարին՝ ասելով․ «Այսօր մեր ընտանիքի համար շատ ծանր օր է, որովհետև 89 տարի առաջ՝ այսօր գնդակահարել են իմ պապ Արտաշես Գևորգյանին։ Մինչև այսօր մենք չունենք մեր հարազատի գերեզմանը։ Բայց, քանի որ պապիս ու իր ընկերների գործն անմահ է ու հավերժացած․ օրը խորհրդանշական է։ Տեղեկացրեց՝ միջոցառմանը ներկա ճանաչված հայ մտավորական Վիգէն Լէփէճեանը Երևան է ժամանել Երուսաղեմից։
«Իմանալով, որ «Նեմեսիսը՝ մշակույթում» նոր շարժում ենք սկսել, պարոն Լէփէճեանը սիրով համաձայնվեց համագործակցել և մշակութային մեծ գործ է արել՝ իր ստեղծագործած նկարն այս հուշակոթողի մոտ նվիրում է Նեմեսիսի թանգարանին», -ասաց Ա․ Գրորգյանը։ Հավելեց նաև՝ աշխարհի տարբեր վայրերից շատ հայ մտավորականներ են ցանկություն հայտնել՝ աջակցելու Նեմեսիսի թանգարանի հիմնման ծրագրին։ Միջոցառմանը ներկա էին նրա ընկերներից՝ Ս․ Պետերբուրգից, Երուսաղեմից, Բեյրութից, ԱՄՆ-ից, Երևանից, այլ վայրերից։ Իր խոսքում Երուսաղեմից եկած արվեստագետ, մեր հայրենակից Վ․ Լէփէճեանը կարևորեց «Նեմեսիս» գործողությունը որպես հայոց արժանապատվության երևույթ։
«Ինձ համար մեծ պատիվ է՝ շրջապատված լինել մտավորականներով՝ նկարիչներ, քանդակագործներ, արցախցի հերոսներով, զինվորներով։ Ողջույն Սուրբ քաղաք Երուսաղեմից», -ասաց Վ․ Լէփէճեան և ներկայացրեց իր ստեղծագործություն-նկարը, որը խորհրդանշում էր Հայոց Մեծ Եղեռնը, «Նեմեսիս» գործողությունը, Մայր Հայաստանը, խաղաղություն և այլն։ Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի ազգային պարարվեստի միության նախագահ, «Բերդ» պարային համույթի գեղարվեստական ղեկավար և գլխավոր բալետմայստեր Կարեն Գևորգյանը, ով իր ելույթում ասաց․ «Պատահական չէ, որ վրիժառության գործողությունը կոչվեց «Նեմեսիս»՝ հին հունական աստվածուհու անունով։ Եվ վրեժխնդրության գաղափարով վարակվեցին այս գործողության ներկայացուցիչները։ Ես՝ որպես ազգային պարի գաղափարը կրող, կարծում եմ՝ ցեղասպաները ոչ միայն կոտորել են մեր ժողովրդին, խլել են մեր հայրենիքը, նաև խլել են մեր մշակույթը։ Եվ, քանի որ սա մեր մշակույթի նոր գաղափարի ծնունդ է, կարծում եմ՝ այսու հետ ավելի շատ մեր հայրենակիցներ պետք է համախմբվեն այս գաղափարի շուրջ․․․»։
Անդրադառնալով հայկական պարերի ստեղծմանը՝ նշեց՝ հաճախ դրանք ստեղծվում էին նաև հերոսների պատվին․ հայկական ռազմապարերն ստեղծվում էին դյուցազունների ռազմական գործողությունների ժամանակ, երբ դրանք հաղթական ավարտ էին ունենում։ «Կարծում եմ՝ «Նեմեսիս»-ի գաղափարակիցները հասել են իրենց հաղթական ավարտին։ Հետևապես պետք է ստեղծվի նոր, ռազմական բնույթի պար, որը նոր ոգեշնչում կտա «Նեմեսիս»-ի գաղափարին», -հավելեց Կ․ Գևորգյանը։
Բեյրութից Երևան եկած Վիգենն անդրադարձավ Լիզբոնի գործողությանը՝ այն համարելով «Նեմեսիս»-ի շարունակություն։ 1983 թ․ հուլիսի 27-ին Հայ հեղափոխական բանակի հինգ անդամներ՝ Վաչե Տաղլյանը, Սեդրակ Աճեմյանը, Սիմոն Յահնիյանը, Արա Քրջլյանը և Սարգիս Աբրահամյանը, միջազգային հանրության ուշադրությունը Հայոց Ցեղասպանության վրա սևեռելու համար մտան Լիսաբոնի թուրքական դեսպանատուն և հայտարարություն տարածելուց հետո՝ պայթեցրեցին իրենց։ Ասաց՝ համեստ ու որևէ կերպ աչքի չընկնող տղաներ էին, որոնց գործողության մասին իմացել են մամուլից։ Միջոցառմանը ներկա զինվորականներից Զավեն Հունանյանը և Արգամ Գևորգյանը ծառայել են Ջրականում, Մեղրիում։ Եկել էին իրենց զինվորների հետ, ովքեր մասնակցել են 2016 և 2020թթ․ պատերազմներին։ Զ․ Հունանյանը կոչ արեց՝ զինվորականներով, մտավորականներով որպես միասնության նշան ու խոնարհում «Նեմեսիս»-ի հերոսների՝ մի բռունցք դառնալ։ Մեղրու գնդի նախկին հրամանատար Արգամ Գևորգյանի հետ ծանոթ եմ Ջրականից․ միասին եղել ենք մարտական դիրքերում 2019թ․ մայիսին։ Հիշեցինք Ջրականի հերոս պաշտպաններին։ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին հիմնադրամ»-ի հիմնադիր ու գործադիր տնօրեն, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը կարևորեց 2023-ին բացված հուշարձան-աղբյուրի դերը, որը մեր ժողովրդի արժանապատվության խորհրդանիշն է ու յուրահատուկ սրբատեղի։ Շնորհակալություն հայտնեց կառուցման հովանավորներին՝ լոնդոնաբնակ Բագրատ Նազարյանին և Թոնի Կահվեին, ով նույնպես ներկա էր միջոցառմանը։ «Նեմեսիս» գործողության ու վրիժառուների գործը կարևորվեց նաև այլ ելույթներում։ Ռազմահայրենասիրական երգերի կատարումով հանդես եկավ երգիչ Գևորգ Համբարյանը։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ






























































