Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Աբրահամյան․ «Իշխանությունը մտել է Արցախի հանձնման եւ ՀՀ ինքնիշխան տարածքների՝ Ադրբեջանին փոխանցման գործընթացի մեջ»

Մայիս 22,2023 16:22

«Ակնհայտ է, որ Հայաստանը շատ ծանր գործընթացների մեջ է, որովհետեւ Բրյուսելում եւ Բրյուսելից առաջ հնչած հայտարարությունները որպես ի շարունակություն դրա՝ այսօր հնչող հայտարարությունները ցույց են տալիս, որ Հայաստանի իշխանությունը մտել է Արցախի հանձնման գործընթաց, եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների՝ Ադրբեջանին փոխանցման գործընթաց»,-այս մասին այսօր կառավարության շենքի դիմաց, որտեղ բողոքի ցույց են անում զոհված զինծառայողների հարազատները, ասաց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա ասուլիսին։

Աբրահամյանի խոսքով՝ սա Ադրբեջանի կողմից 2021-2022 թվականների ընթացքում Հայաստանի բռնազավթված տարածքների՝ Ջերմուկ, Վարդենիս, Կապանի եւ Տեղ գյուղի ուղղությունների որոշակի լեգիտիմացման գործընթացն է․ «Այսօր իշխանությունը նպատակ ունի մարսեցնել այս գործընթացը՝ հասարակության համար ներկայացնելով այնպիսի փաթեթավորմամբ, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե այլ տարբերակ իբր չի եղել եւ հանձնման գործընթացը ներկայացվի որպես օրինաչափություն։ Այլ բացատրություն չկա»։

Պատգամավորը նկատեց՝ բրյուսելյան հանդիպումը բովանդակային առումով նորություն չէր պարունակում, սակայն երկրների տարածքային ամբողջականության ճանաչումը նշված էր քառակուսի մետրերով․ «Սա պետք է հասարակության բոլոր խմբերի համար լինի վերջնական ազդակ, նաեւ այն մարդկանց համար, որոնք մինչ օրս կասկածում էին, թե տարածքներ չեն հանձնելու, որ Բրյուսելը դա պարզ ցույց տվեց»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031