Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի հավաքականի ամառային հնարավոր համալրումները

Հունիս 02,2023 17:09

Նոր մարզչի գալով` հին ծրագրերը չփոխվեցին. Խոակին Կապարոսի սկսած սերնդափոխությանը նոր թափ է հաղորդվում։ Ալեքսանդր Պետրակովի պաշտոնավարման մեկնարկային օրերից` Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական են հրավիրվում երիտասարդ և խոստումնալից նորեկներ։

Գարնանային շրջանին ազգային ընտրանու ճամբարը համալրեցին «Բավարիայի» երկրորդ թիմի (այժմ՝ «Մյոնխենգլադբախի») հարձակվող Հրանտ Լեոն Ռանոսը։ Երիտասարդ հարձակվողը նորամուտի խաղում դուբլի հեղինակ դարձավ, և այժմ հայ ֆուտբոլասերը մեծ հույսեր է կապում նրա հետ։

Երկար ժամանակ երկմտելուց հետո՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի շարքերը համալրեց նաև Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը։ Եզրային պաշտպանը լավ հանդես եկավ և ամրագրեց իր տեղը ազգային հավաքականում։

Գարնան գլխավոր հայտնություններից էր նաև Կրասնոդարի երկրորդ թիմի պաշտպան Գեորգի Հարությունյանը։ 18-ամյա ֆուտբոլիստը գլխից վեր ցատկեց և Թուրքիայի դեմ անչափ սկզբունքային խաղում, մեղմ ասած, արդարացրեց բոլոր սպասելիքները։

Հենակետային կիսապաշտպանի դիրքը երկար տարիներ խնդրահարույց է եղել հավաքականի համար։ Պետրակովը, չունենալով ընտրության լայն հնարավորություն, նատուրալիզացրեց «Ուրարտուի» առանցքային համարվող ֆուտբոլիստ Ուգոչուկվու Իվուին։ Երիտասարդ լեգեոները մեկ խաղից հետո դարձավ հայ երկրպագուների սիրելին։ Բայց խնդիրը ամբողջությամբ չի լուծվել…

Ամառային խաղացանկը օրեր անց կսկսի։ Պետրակովն անցել է գործի և փնտրում է նոր ուժեղացումներ թիմի համար։ Արդեն որոշ շշուկներ կան հավանական նորեկների վերաբերյալ.

Երևի թե ամենախոցելի դիրքը, որին անհրաժեշտ է համալրում` դարպասապահի դիրքն է։ Հավաքականի լեգենդ Ռոման Բերեզովսկուց հետո ազգային թիմի դարպասը իրեն արժանի փոխարինող դեռ չի եղել։ Որպես կարճաժամկետ լուծում՝ Պետրակովը դիտարկում է «Ալաշկերտի» սերբ դարպասապահ Օգնյեն Չանչարևիչի տարբերակը։ Չանչարևիչը արդեն 5 տարուց ավելի է՝ բնակվում է Հայաստանում, դա նրան իրավունք է տալիս պաշտպանել Հայաստանի հավաքականի գույները։

ՀՖՖ-ի սելեկցիոն բաժնի տեսադաշտում է նաև բրազիլահայ դարպասապահ Արթուր Կոնելյանը։ 19-ամյա դարպասապահը հանդես է գալիս Գրեմիոյի մինչև 20 տարեկանների թիմում, սակայն առնվազն այս ամռանը նա չի միանա հավաքականի ճամբարին։

Եզրային հարձակվողի դիրքում համալրման համար Պետրակովը դիտարկում է Օրենբուրգի վինգեր Ստեփան Հովհաննիսյանի տարբերակը։ 21-ամյա ֆուտբոլիստը Մոսկվայի «Սպարտակի» սան է, սակայն վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Օրենբուրգի» կազմում։ Այս նույն դիրքում ևս մեկ տարբերակ է Էդուարդ Բագրինցեւը, որը սակայն դեռևս դիտարկվում է որպես երիտասարդական հավաքականի նորեկ։ Բագրինցեւը հանդես է գալիս Սլովակիայի հզորությամբ երկրորդ լիգայի «Դուբնիցա» ակումբում։

Երիտասարդական հավաքականի հնարավոր նորեկներից մեկը կարող է դառնալ նաև «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոյի որդին՝ Արտեմի Գունկոն։

Հավաքականի ամառային խաղերին կարող է մասնակցել նաև Արազ Օզբիլիսը, սակայն դեռևս ոչինչ հստակ չէ։

Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է պայքարը ԵՎՐՈ-2024֊ի ընտրական փուլում։ Մեր ընտրանին հունիսի 16-ին կմեկնի Քարդիֆ` մրցելու Ուելսի հավաքականի հետ, իսկ հունիսի 19-ին սեփական հարկի տակ կընդունի լատվիացիներին։ Ազգային հավաքականի գործող ֆուտբոլիստները սպասվող նորեկների հետ պատրաստվում են ամեն ինչ անել հայ երկրպագուին հաղթական էմոցիաներ պարգևելու համար։

 

Ահարոն Հակոբյան

Ժուռնալիստիկայի ֆակուլտետ 3-րդ կուրս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930