Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի ամբողջ արեւելյան սահմանով մենք այլեւս չունենք բարենպաստ ոչ մի դիրք». «Առերեսում»

Հունիս 03,2023 17:32

«Դեռ փաստ չէ, որ Ադրբեջանն ուզում է Արծվաշենը վերադարձնել, Քյարքին վերցնել: Եթե նույնիսկ այդպես է, ես ուզում եմ, որ այս հարցի արժեքը չգերագնահատենք, որովհետեւ այդպիսի անկլավ չկա, որը մեզ համար առաջացնի ճանապարհային այնպիսի խնդիր, որն անլուծելի է, չկա նման հարց: Եթե այդ ճանապարհն այսպես չի կարող անցնել, այնպես կարող է անցնել: Իրականում մեր ճանապարհային ցանցն այնքան ենք զարգացրել, որ նման խնդիր չկա»,- հունիսի 1-ին Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ ՀՅԴ անդամ, պատմաբան, ռազմական վերլուծաբան Արթուր Եղիազարյանն այս առնչությամբ ասաց. «Չի կարող խնդիր չծագել: 2020 թվականի պատերազմից հետո (ոչ միայն պատերազմի արդյունքում, այլ նաեւ հետո էլ) Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների արդյունքում, կարելի է ասել, որ Հայաստանի ամբողջ արեւելյան սահմանով մենք այլեւս չունենք բարենպաստ ոչ մի դիրք: Դա հետագայում ոչ միայն մարտավարական խնդիրներ լուծելու, այլ նաեւ մեր ջրային ռեսուրսների, ճանապարհների հանդեպ վերահսկողության հարց է: Ասենք, Իշխանասարը ճանապարհից մի քիչ հետ է, բայց իր դիրքով Սյունիքի դարպասներից մինչեւ Գորիս ամբողջությամբ վերահսկում է: Այնտեղ իրենք, կարելի է ասել, այլեւս բարելավման կարիք չունեն, քանի որ այն, ինչ իրենց պետք է՝ այդ խնդիրը լուծել են. նույնը՝ Սոթքի հատվածում… Կարծում եմ, հաջորդ նմանատիպ փորձեր անելը կլինի Նախիջեւանի սահմանի ուղղությամբ ու դրանով Հայաստանն այլեւս վերջնականապես չի ունենա ռազմավարական ոչ մի ճանապարհ, որը թշնամու կողմից չի վերահսկվի: Սա արդեն լրջագույն խնդիր է՝ քաղաքական, տնտեսական եւ այլ առումներով»:

Նույն հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկնել էր ավելի վաղ ասվածը. «Ես շատ ուզում եմ՝ որպես ՀՀ վարչապետ հասնեմ մի արդյունքի, որ մեր ապագա սերունդներին թողնեմ Հայաստանի Հանրապետության կադաստրի լրացված և ամբողջական վկայական»: Հիշեցնենք, որ ավելի վաղ նա ԱԺ-ում ասել էր. «Մենք մեզ շատ սիրելի հայրենիքում 30 տարի ապրում ենք մի տեղ, որի կադաստրի վկայականը չունենք, Հայաստանը որպես պետություն իր բազմահազարամյա գոյության ընթացքում երբեք կադաստրի վկայական չի ունեցել»։

Հաղորդման մյուս հյուրը՝ «Համախմբում» շարժման խորհրդի անդամ, ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանն այս առնչությամբ մասնավորապես ասաց. «Ցանկանում է ժողովրդին դրանով պատկերավոր համոզել՝ իր ասած անհեթեթությունը որպես լրջություն ներկայացնելով: Որ ժողովուրդն էլ ասի՝ հա, յուրաքանչյուրս մեր տան չափերը գիտենք՝ կադաստրի վկայականը դրա համար է, բա ի՞նչ վատ է, որ երկրի համար էլ արձանագրված չափեր լինեն: Բայց հասկանանք, որ միջազգային հարաբերություններում, դիվանագիտական փոխառնչություններում՝ մի պետությունը մյուս պետությանը երբեք չի ճանաչում այսքան հազար քառակուսի կմ սահմաններով: Օրինակ՝ Ռուսաստանն ունի՞ կադաստրի վկայական… Կուրիլյան կղզիները ՌԴ կադաստրի վկայականի մե՞ջ են, թե՞ ոչ, կամ Ճապոնիայի կադաստրի վկայականի մե՞ջ են, թե՞ ոչ: Կամ Կիպրոս պետությունը. կադաստրի վկայականով Կիպրոսի հյուսիսային հատվածը եւս գտնվում է Կիպրոսի մեջ, բայց 50 տարի է՝ բռնազավթված է Թուրքիայի կողմից»:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930