Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշխարհի համար կարեւոր գրականությունը մենք աշխատում ենք հասցնել հայ ընթերցողին». Գնել Նալբանդյան

Հունիս 12,2023 16:19

«Հունիսի 17-ին «Երազ» այգում կբացվի «Newmag summer fest 2023» ամառային գրքի փառատոնը, որը կմեկնարկի ժամը 12։00-ին եւ կտեւի 10 ժամ։ Սա Newmag-ի 5-րդ փառատոնն է եւ 3-րդ ամառային փառատոնը»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում ասաց «Newmag» հրատարակչության փոխտնօրեն Ավետիս Հարությունյանը:

Ավետիս Հարությունյան

Նա նշեց, որ տարվա մեջ 2 անգամ են փառատոն իրականացնում, եւ քանի որ այս տարի Newmag-ի 5 տարին է, փառատոնն էլ է հոբելյանական եւ այն տարբերվելու է նախորդներից:

Ավետիս Հարությունյանի խոսքով. «Newmag summer fest-ը լինելու է ավելի մասշտաբային, ծրագիրը գերհագեցած է: Ունենք շատ անակնկալներ ընթերցասեր հասարակության համար, եւ փորձելու ենք այնպես անել, որ այս փառատոնն իսկապես տարբերվի մեր նախորդ բոլոր փառատոներից»:

Գնել Նալբանդյան

«Newmag» հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը նշեց, որ այս փառատոնին ներկայացնում են 5 գիրք, որոնք բոլորն էլ հետաքրքիր են:

«Անցած փառատոներին մենք ավելի շատ գրքեր էինք ներկայացնում, բայց հիմա որոշել ենք 5-ը ներկայացնել: Աշխարհի համար կարեւոր գրականությունը մենք աշխատում ենք թարգմանել եւ հասցնել հայ ընթերցողին, մեր փառատոնային քաղաքականությունը խարսխված է այն գաղափարի վրա, որ փառատոնը ոչ թե վայր է գիրք վաճառելու համար, այլ մեկ հարթակում հավաքելու եւ ընթերցասեր մարդկանց, եւ գրականագետներին, եւ գնորդներին, եւ հրատարակիչներին, եւ գիրք վաճառողներին եւ քննարկելու ժամանակակից միտումները»,-ընդգծեց «Newmag»-ի գլխավոր խմբագիրը:

«Փառատոնի ընթացքում ոչ միայն գիրք եք ներկայացնում, շնորհանդեսներ ենք անում, նաեւ կազմակերպում ենք պանելային քննարկումներ տարբեր թեմաներով»,-հավելեց Գնել Նալբանդյանը:

Փառատոնի կազմակերպիչները հայտնեցին, որ միաժամանակ մի քանի միջոցառումներ են ընթանալու «Երազ» այգում: Տեղեկացրին, որ ի թիվս այլնի, նախատեսված է համերգային մաս, Հեքիաթի ժամ, թրեյնինգ՝ «Ինչպես խուսափել հեռախոսի գաղտնալսումից» կամ «Ինչպես դառնալ հեռուստաաստղ» թեմաներով:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930