Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյանը երրորդ անգամ հաղթեց Երեւանի քաղաքապետարանին

Հուլիս 01,2023 15:06

ՀՀ վարչական դատարանը նախագահող դատավոր Լուսինե Բոյաջյան, դատավորներ Անի Չիլինգարյան, Ռուզան Ազրոյան կազմով բավարարեց Էդգար Ղազարյանի հայցն ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի։

Դատարանը վճռեց հավաքի եւ երթի նկատմամբ կիրառված սահմանափակումների մասով անվավեր ճանաչել քաղաքացի Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի՝ հուլիսի 5-ին հավաք եւ երթ անցկացնելու մասին իրազեկման վերաբերյալ Երեւանի քաղաքապետարանի 26․06․2023 թվականի թիվ 241 որոշումը։ Որոշումը բողոքարկման ենթակա չէ եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Դատարանի որոշման հրապարակումից հետո հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը լրատվամիջոցներին ասաց․ «Սա արդեն երրորդ դեպքն է, որ մեր կողմից ծանուցում է արվում ու երեք անգամ էլ քաղաքապետարանը մերժում է։ Չի կարող չէ՞ միշտ այդպես լինել։ Գոնե մի անգամ կամ մենք պիտի խրատվեինք, կամ իրենք, որովհետեւ նախորդ երկու դեպքերում նույնպես մենք վիճարկել ենք դատարանում եւ  դատը շահել ենք։

Ամեն ինչը պետք է դրվի օրինական հիմքերի վրա։ Եթե քաղաքացին ներկայացնում է օրինական հանրահավաք անցկացնելու ցանկություն եւ եթե դրա համար ոչ մի օրենքի հակասող պահանջ չկա, քաղաքապետարանը պարտավոր է դա ապահովել։ Բայց առանց բացառության ուղարկում են ոստիկանություն, ոստիկանությունն իրենց ուղարկում է մի գրություն, այդ գրության հիման վրա հրավիրում են հանրային լսումներ ու անկախ նրանից, թե մենք ինչ տեսակետներ ենք ներկայացնում, ինչ պարզաբանումներ ենք տալիս, էական չէ, ոստիկանությունը ոնց գրել է, իրենք նույն ձեւով որոշումը կայացնում են։ Փաստացի ստացվում է, որ մեր երկրում հանրահավաքների վերաբերյալ որոշումը կայացնում է ոչ թե քաղաքապետարանը, ինչը օրենքի պահանջ է, այլ ոստիկանությունը։ Եվ դատարանը ինչպե՞ս կարող է այդ ապօրինությունների ամբողջ շղթան օրինական համարել։ Այնպես որ, հավաքը կանցկացնենք այնպես, ինչպես պլանավորել ենք»։

Էդգար Ղազարյանը նաեւ հավելեց․ «Ի դեպ, այս դատական նիստը առիթ եղավ տեղեկանալու, որ կա նաեւ մեկ այլ նախաձեռնություն «Մենք» հիմնադրամի կողմից՝ պետական աջակցությամբ, ինչը փայլուն է։ Այսինքն, իրենք էլ իրենց հերթին մեր հավաքին կապահովեն լրացուցիչ մասնակիցներ։ Մենք մտածում էինք բեմի մասին, պարզվում է՝ պետությունն այդ հարցն արդեն լուծել է եւ մենք էլ դրանից ազատ օգտվելու հնարավորություն պետք է ունենանք։

Հանրապետության հրապարակում երկու ժամ հավաք անցկացնելուց հետո Սահմանադրության օրվա խորհրդով նախատեսել ենք երթ դեպի Սահմանադրական դատարան։ Մի պահ կկանգնենք շենքի առջեւ որպես սահմանադրությունը խախտող հիմնական մարմնի, հետո Ազգային ժողով ու Բաղրամյան 26՝ նախագահական նստավայրի դիմաց, որտեղ հավաքը կշարունակվի։ Մենք մտադիր ենք գիշերը մնալ այնտեղ, որպեսզի հուլիսի 6-ին դիմավորենք Բաղրամյան 26 եկող պաշտոնյաներին։ Դա ՀՀ նախագահն է, որը ըստ սահմանադրության հետեւում է սահմանադրության պահպանմանը,եւ վարչապետը, որի ժամանակավոր նստավայրը հիմա նախագահականն է։ Թող գան՝ մի հատ հասկանանք, թե ո՞ւր են գնում, գնում են, որ ի՞նչ որոշումներ կայացնեն, արդյո՞ք իրենց կայացրած որոշումները մեր երկրի սահմանադրությանն ու օրենքներին համապատասխանում են, բխում են մեր ժողովրդի շահերից։

Այսինքն, նախատեսում ենք տեղադրել մի հսկիչ-անցագրային կետ պաշտոնյաների համար։ Ինչպես հիմա ադրբեջանցի սահմանապահներն են իրենց պատճառով արցախցիներին հսկում, թե իրենք ուր են գնում իրենց հայրենիքում, նույն տրամաբանությամբ մենք էլ հսկենք, թե իրենք ուր են գնում։ Որովհետեւ մենք տպավորություն ունենք, որ Բաղրամյան 26-ը վերածվել է անկլավի»։

Էդգար Ղազարյանը նշեց, որ այդ օրվա հանրահավաքը երեք նպատակ ունի․ «Այդ օրը տոնում ենք մեր սահմանադրության եւ պետական խորհրդանիշերի օրը եւ մեծարում ենք խորհրդանիշերը։ Երկրորդ։ Դատապարտում ենք նրանց, ովքեր անարգում են մեր պետության խորհրդանիշերը, իսկ նրանք հայտնի են։ Եվ երրորդ։ Դնում ենք նրանց իշխանությունից հեռացնելու պահանջ»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31