Լրահոս
Օրվա լրահոսը

Սպիտակում կառուցվող սոցիալական բնակարանաշինությունը ձգձգվում է

Հուլիս 07,2023 11:26

Լոռու մարզի Սպիտակ համայնքում դեռ 2 տարի առաջ մեկնարկած սոցիալական բնակարանաշինությունը, որը նախատեսված էր ավարտել այս տարի, չի ավարտվի: Aravot.am-ի տեղեկություններով՝ շինարարը դիմել է Սպիտակի համայնքապետարան ժամկետի երկարացման թույլտվություն ստանալու նպատակով: Շինաշխատանքների թույլտվության ժամկետը համայնքապետարանի կողմից երկարաձգվել է եւս 1 տարով:

Aravot.am-ի հետ զրույցում Սպիտակի քաղաքապետի տեղակալ Արտակ Մաթոսյանն ասաց՝ ծրագիրն իրականացվում է քաղաքաշինության կոմիտեի պատվերով, համայնքը որպես պատվիրատու հանդես չի գալիս: Համայնքապետը դժվարացավ ասել, թե ներկա դրությամբ որ փուլում է շինարարության ընթացքը. «Որոշակի աշխատանքներ կատարված են, առաջին հարկը կառուցված է, բայց թե դա աշխատանքի քանի տոկոսն է՝ չեմ կարող ասել, քանի որ նաեւ իրավասու չեմ»:

Ներկայացնելով ծրագիրը, Արտակ Փանոսյանն ասաց՝ սոցիալական բնակարանաշինություն է՝ պետական միջոցներով կառուցվող: Թե ովքեր են լինելու կառուցվող բնակարանների շահառուները՝ փոխքաղաքապետն ասաց. «Շահառուներին ընտրելու է պետությունը, կարծեմ սոցապ նախարարությունը»:

36 բնակարանների կառուցման շինարարությունը մեկնարկել էր 2021թ-ին, նախատեսվում էր շահագործման հանձնել 2023թ-ին: Փոխքաղաքապետն ասաց՝ համայնքից շինթույլտվության երկարաձգում են ուզել. «Պետք է այս տարի ավարտեին, հիմա առաջին հարկն է ավարտված, երկրորդից էլ մի փոքր հատված, դժվար թե ավարտեն այս տարի»:

Թե ի վերջո ով է համայնքում 2 տարի ընթացող շինարարության պատվիրատուն՝ համայնքապետի տեղակալը այդպես էլ չկարողացավ հստակ ասել, շարունակ կրկնելով՝ կամ սոցապն է, քամ քաղաքաշինության կոմիտեն. «Պետական ծրագիր է, համայնքը ոչ ներդրում ունի, ոչ մասնաբաժին, ոչ էլ պայմանագրի կողմ է, հետեւաբար, կդժվարանամ հստակ որեւէ բան ասել»:

Ըստ նախագծի կառուցվող սոցիալական բնակարանների շահառուների մասին եւս, համայնքապետարանում հստակ ոչինչ չգիտեն. «Սոցիալապես անապահով խավի, կամ էլ…քանի որ դեռ որոշված չէ թե ովքեր են լինելու շահառուները, հստակ ցուցում չկա, կդժվարանամ ասել, թե ում համար են կառուցվում բնակարանները»,-ասաց համայնքապետի տեղակալը:

Թեմայի վերաբերյալ Aravot.am-ը դիմեց նաեւ քաղաքաշինության կոմիտե՝ պարզելու, թե ի վերջո՝ ինչ ծրագիր է իրականացվում, սոցիալապես որ խավի եւ երբ է նախատեսված վերջնաժամկետը: Առաջարկեցին դիմել գրավոր հարցմամբ: Հարցման պատասխանը ստանալուն պես այն կներկայացնենք:

Էդվարդ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31