Լրահոս
Օրվա լրահոսը

Առերեսման ժամանակ Բարսեղ Բեգլարյանը բարկացել է եւ վիրավորել Սերգո Կարապետյանին՝ ցուցմունքը փոխելու համար

Հուլիս 07,2023 18:50

«Եկել է ասել է, որ քրեական գործ է հարուցվել, գնացեք ձեր հարցերը լուծեք: Ասել եմ՝ ես հարց լուծելու բան չունեմ, Սերգեյ, եթե քեզ պետք է ինչ-որ բաներ իմանալ՝ Յաշայի հետ խոսի: Վեց տարի անընդհատ այդ ծրագիրը եղել է, ես ո՞նց կարող եմ ինչ-որ բաներ իմանալ»,- դատարանում, դատախազի հստակեցնող հարցին՝ ի՞նչ էր եկել ձեզ ասելու երջանկահիշատակ նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը, պատասխանեց «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը:

Այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում, Վահե Միսակյանի նախագահությամբ շարունակվեց «դիզվառելիքի գործով»  դատական նիստը: Դատարանում հարցաքննվեց «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը:

Դատախազի հստակեցնող հարցին՝ ինչո՞ւ էր հենց իր մոտ գնացել Սերգո Կարապետյանը, Բարսեղ Բեգլարյանը պատասխանեց, որ այն ժամանակ իր մտքով անգամ չէր անցնի, բայց հիմա հասկացել է. «Ենթադրում եմ, որ ինքը նույնիսկ հեռախոսով խոսալիս ուզում էր ինձ ձայնագրել, տեսնի՝ ինչ կխոսեմ, ինչ չեմ խոսի, որովհետեւ Սերգոյի այն ցուցմունքը, որը տրվել է այնտեղ, կներեք, շատ ներողություն եմ խնդրում… լավ խոսք կա՝ մահացածի ետեւից կամ ոչինչ, կամ, միայն լավը: Ես Սերգոյին գիտեի այն ժամանակ, որպես նորմալ մարդ. մինիստր է աշխատել, խաղ ու պար չի, հիմա եմ հասկանում… նա ուզում էր գա ինձնից ինչ-որ մի խոսք քաշի, ինչ-որ մի նախադասություն, չեմ կարող բացատրել»:

Դատախազը պնդեց, եթե Բարսեղ Բեգլարյանը տեղեկություններ չուներ, ինչո՞ւ պիտի Սերգո Կարապետյանը փորձեր նրան ձայնագրել: Բարսեղ Բեգլարյանը պատասխանեց՝ հարցը իրեն ուղղված չէ, այն պետք է տալ Սերգո Կարապետյանին: Բարսեղ Բեգլարյանը նաեւ հայտարարեց, որ տեղյակ է՝ Սերգո Կարապետյանը այս գործի վերաբերյալ Յաշա Խաչատրյանի հետ էլ է խոսել, հեռախոսով. հնարավոր հանդիպման մասին ինքը չգիտե, ինքն էլ այլ հանդիպում Սերգո Կարապետյանի հետ չի ունեցել, դատարանի դահլիճում է նրան տեսել: Բարսեղ Բեգլարյանը հայտարարեց, որ գյուղմատակարարման ծրագրի վերաբերյալ ոչ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ոչ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպում-քննարկումներ չի ունեցել. «Դա այն մանրուք հարցն է, որ եթե անգամ ես գնամ դա Սերժ Սարգսյանի հետ քննարկելու, ինքն ինձ կասի՝ դու իմ լավ ընկերն ես, բայց դու անլուրջ մարդ ես: Գրվում է, որ Սերժ Սարգսյանը հովանավորել է, ինչ է արել. բա որ հովանավորել է, մենք հո ախմախ չենք, ինչի՞ սեպտեմբերին գներն իջեցրինք, ահռելի գներ իջեցրինք: Շատ բարդ է, երբ նման ծրագրին դու մասնակցում ես՝ հաշվի ես առնում քո բոլոր ռիսկերը: Քանի որ 10 տարի կառավարել եմ, ես շատ լավ գիտեմ, թե ինչ է նշանակում մասնակցել նման կարգի ծրագրերին: ՊՆ-ին երկար ժամանակ մատակարարել ենք. գներն ամեն ամիս փոփոխվում են, պետք է նաեւ մեր ռիսկերը հաշվի առնենք, որ տակ չտանք: Եղել են դեպքեր, որ նաեւ տակ ես տալիս, բնական գործընթաց է: Եթե դա մեկ ամիս է, երկու ամիս է՝ պատվիրում ենք մեծ քանակությամբ, բայց եթե 17 միլիոն լիտր է, դրանից մոտ 12 միլիոն լիտրը մատակարարել ենք 3-4 ամիսների ընթացքում, դա լուրջ թիվ է, շատ դժվար է, որ այդ ընթացքում դու բերես՝ ապահովես բիզնեսդ եւ այնտեղ էլ ապացուցես»: Բարսեղ Բեգլարյանն ասաց իր ընկերությունը ամսեկան կտրվածքով 10-12 հազար տոննա վառելիք է ներկրում, պահեստավորում եւ սպառում, իսկ MAX Oil ընկերությունը եթե տարեկան 2000 տոննա կարողանար ներկրել եւ վաճառել, դա արդեն իրենց համար տոն էր:

Սերժ Սարգսյանին էլ Բարսեղ Բեգլարյանը ճանաչում է 1981 թվականից. «Հանրակացարանում. ես երկրորդ կուրս էի, ինքն՝ առաջին, իրար ճանաչում էինք եւ ընկերություն անում, մինչեւ այսօր էլ իր հետ նորմալ, ջերմ, մարդկային, ընկերական հարաբերություններ կան»:

Բարսեղ Բեգլարյանը հայտարարեց, որ գյուղատնտեսական ներկրումների պարագայում շատ կարեւոր էր ներկրվող վառելիքի որակը, քանի որ Հայաստանի սահմանամերձ տարբեր շրջաններում եղանակային պայմանները տարբեր էին ու կրկնեց, որ Իրանից ներկրվող վառելիքը որակյալ չէր: Նա իրատեսական չի համարում MAX Oil ընկերության ներկայացրած գինը՝ 420 դրամ մեկ լիտր վառելիքի դիմաց: Նա տարակուսեց նաեւ գնային առաջարկի տարբերություններից, քանի որ մեկ տոննայի կտրվածքով տարբերությունը կազմում է 130-140 դոլար. «Գործարարը հո ապուշ չի, դա ընդամենը խաղ է եղել: Էն ժամանակները կար՝ գալիս էին մտնում, թե կարանք մենք էլ մտնենք, արի մի քիչ գումար տուր, բան արա… արա, ասել եմ, գնացեք՝ ինչ ուզում եք արեք. էսպիսի բաներ էլ կա էլի ժողովուրդ, չեմ ուզում մտնել… ուզում էին մեր վրա փող աշխատեին, էդպիսի բաներ էլ է եղել: Բայց որ այդպիսի գնով բերեին՝ դա բացառված է»:

Բարսեղ Բեգլարյանը նաեւ դատարանի դահլիճում հայտարարեց, որ պետական սուբսիդավորմամբ այս ծրագիրը «բիզնեսին խփում» է, քանի որ շատ են դեպքեր եղել, երբ գյուղացիները մատակարարված վառելիքը ոչ թե նպատակին են ծառայեցրել՝ գյուղատնտեսական աշխատանքների համար, այլ էժան գնով վաճառել են, նաեւ այդպես «խփելով բիզնեսին». «Բայց պատկերացնում ե՞ս, ես գնամ, Սերժ Սարգսյանին ասեմ՝ էդ ծրագիրը հանի էլի, մի արա, կասի՝ էդ դու ո՞վ ես, որ արդեն ինձ թելադրում ե՞ս՝ ի՞նչ անեմ»:

Դատախազի հարցին ի պատասխան, Բարսեղ Բեգլարյանն ասաց, որ Սերգո Կարապետյանը երբեւէ իրեն չի ասել, որ այդ ծրագրին «Ֆլեշ» ընկերությանը հաղթող ճանաչելը եղել է Սերժ Սարգսյանի հանձնարարականը: Բարսեղ Բագլարյանը կարծում է, որ իրականում, երբ իր նախաքննական ցուցմունքում ինքն ասել է, թե չի հիշում, երբ է «Մադաթով» կոնյակով գնացել Սերգո Կարապետյանի մոտ, իսկ դա եղել է 2011 թվականի սկզբին՝ նախարարի պաշտոնում նշանակվելու առիթով նրան շնորհավորելու համար եւ հորդորելու, որ օգնի իր գործարանի արտադրանք կոնյակները ՌԴ արտահանի, Սերգո Կարապետյանը կոնտեքստից կտրել եւ համադրել է: Իր նախաքննական ցուցմունքում Սերգո Կարապետյանն ասել էր, որ Բարսեղ Բեգլարյանն իր մոտ գնացել է կոնյակով եւ ասել, որ նախագահի հետ խոսել է, այդ ծրագրով մատակարարումները «Ֆլեշ» ընկերությունը պետք է իրականացնի:

Բարսեղ Բեգլարյանը հայտարարեց, որ հարցաքննության գնացել է առանց պաշտպանի, հետո, առերես հարցաքննություն է տեղի ունեցել, որը տեւել է մի քանի ժամ ու չի բացառվում, որ խաչաձեւ հարցեր տրված լինեն, որոնց էությանն ինքն ուշադրություն դարձրած չլինի: Նա հայտարարեց, որ առերեսման ժամանակ ինքը նույնիսկ բարկացել է, ամոթանք տվել Սերգո Կարապետյանին. իր վիրավորանքներին ի պատասխան ստացել է միեւնույն պատասխանը, որ նա պնդում է իր ցուցմունքը:

Դատավորի հարցին՝ ինչո՞ւ Սերգո Կարապետյանը չի ասել, որ հանդիպման ժամանակ նաեւ կոնյակների արտահանման մասին է խոսակցություն գնացել, Բարսեղ Բեգլարյանը պատասխանեց՝ հիշեցնելով, որ Սերգո Կարապետյանը երկու ցուցմունք է տվել. առաջինում ամեն ինչ հստակ նկարագրել է, իսկ երկրորդ ցուցմունքում ամենը 180 աստիճանով փոփոխված է: Իր կարծիքով՝ Սերգո Կարապետյանին կանչել են, վախեցրել են կամ կոմպրոմատներ են ներկայացրել ու ասել են, որ գնա, փոխի իր ցուցմունքը: Նա էլ քանի որ զգուշավոր, ավելին, վախկոտ մարդ է, գնացել է այդ քայլին: Բարսեղ Բեգլարյանը հայտարարեց՝ շատ կուզեր, որ Սերգո Կարապետյանը կենդանի լիներ, նայեր նրա աչքերին ու ասեր, հասկանում է, որ իրեն վախեցրել են, վախն էլ է մարդկային, բայց պետք չէ ստել:

«Ես Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ էլ եմ մտերիմ եղել, Ռոբերտ Քոչարյանի հետ էլ, Սերժ Սարգսյանի հետ էլ, իրենք (նկատի ունի Սերգո Կարապետյանին եւ նրա տրամաչափի գործարարներին-Ն. Գ.) ախ էին անում, որ ինձ ձեռքով բարեւ տային: Չի եղել մի Նոր տարի, որ Սերգո Կարապետյանը չզանգահարի ու չշնորհավորի. մինիստր մարդ է, ինքն էր զանգում ինձ շնորհավորում, ինչի՞ մասին է խոսքը»,- հայտարարեց Բարսեղ Բեգլարյանը:

Բարսեղ Բեգլարյանը դատարանում մեկ այլ ուշագրավ հայտարարություն էլ արեց. ինքը չի բացառում, որ Սերգո Կարապետյանը զանգահարել է Յաշա Խաչատրյանին եւ ասել, որ ավելի էժան գնային առաջարկ կա ու հորդորել՝ մի քիչ էլ գինն իջեցնել, ինչն էլ Յաշա Խաչատրյանն արել է: Շատ հստակ՝ նման բան եղել է, թե՝ ոչ, ինքը չի հիշում:

Հիշեցնենք, այս գործով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրված առանձնապես խոշոր չափերով յուրացման/վատնման համար․ ըստ մեղադրանքի, նրա կազմակերպմամբ եւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ՝ 2013թ․ հունվարից մինչեւ փետրվարը կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 ՀՀ դրամ: Այս գործով մեղադրյալի կարգավիճակում էին նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն ու նրա տեղակալ Սամվել Գալստյանը, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր․ նախկին պաշտոնյաները մահացել էին կորոնավիրուսից:

Հաջորդ դատական նիստի ժամանակ կհարցաքննվի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31