Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ միայն նոր դաշնամուր, այլեւ նորոգվեցին անգործության մատնվածները․ Կապանի միջազգային երաժշտական առաջին փառատոնը վերջինը չի լինի (ֆոտոշարք)

Հուլիս 16,2023 12:22

Վարդան Հովսեփյան ջազ տրիոյի, երաժիշտներ Արտո Թունջբոյաջյանի եւ Նորայր Քարտաշյանի համատեղ ելույթով եզրափակվեց  Կապանի միջազգային երաժշտական փառատոնը։ 10 օր տեւած փառատոնի ընթացքում կապանցիները հնարավորություն ունեցան վայելելու դասական երաժշտություն։ Բացի համերգներից, սյունեցի բազմաթիվ  շնորհալի երեխաներ եւ պատանիներ մասնակցեցին արտերկրի եւ Հայաստանի անվանի երաժիշտների վարպետաց  դասերին, աշխատարաններին` հարստացնելով  իրենց երաժշտական գիտելիքներն ու կատարելագործելով հմտությունները։

Հիշեցնենք, որ փառատոնի գաղափարը Բելգիայում բնակվող, արմատներով կապանցի, թավջութակահար Սեւակ Ավանեսյանինն էր, որի նախաձեռնությամբ էլ Կապանի արվեստի քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճի բեմում իր տեղը գտավ «Steinwat D 274» կարգի եզակի հնչողությամբ դաշնամուրը։ Բացի նոր դաշնամուրից, նորոգվեց նաեւ արվեստի քոլեջի եւս մեկ դաշնամուր։

«Դաշնամուրների վերանորոգման,  պահպանման լավագույն եւ եզակի վարպետ Հայկ Աբելյանը եկավ Կապան, բոլոր դաշնամուրները նայեց, ու ասաց ամենալավն երրորդ հարկում անտերության մատնված դաշնամուրն է։ Երկու ամսում նորոգեցինք ու դարձավ մեր նոր դաշնամուրի նման։ Անգամ լարելուց՝ Հայկը զգաց, որ նոտաներից մեկը ավելի լավ կարող է հնչել, գիշերը գնաց Երեւան, լարը սարքեց ու հետ եկավ»,-պատմում է Սեւակ Ավանեսյանը։

Փառատոնի օրերին ՝  Ֆրեդերիկ Շոպենի եւ Ֆերենց Լիստի ստեղծագործությունները կապանցի հանդիսատեսին ներկայացրեց  Հայաստանի վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը։ Վերջինիս  կատարմամբ հնչել են նաեւ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։ Խաչատրյանական շարքը շարունակել են ջութակահար Կարեն Շահգալդյանը, դաշնակահարներ Արմինե Գրիգորյանն ու Սոնա Բարսեղյանը։

Փառատոնի օրերին արվեստի քոլեջի դահլիճը լեփ–լեցուն էր, շատ-շատերն էլ ստիպված էին մի քանի ժամ հոտնկայս լսելու հայ եւ համաշխարհային դասականների ստեղծագործությունները։  Փառատոնի հանդիսավոր փակման արարողությանը  վարպետաց դասերին իրենց ակտիվությամբ աչքի ընկած կապանցի սաները՝ «Միասին» ՀԿ-ի նախաձեռնությամբ խրախուսվել են ամերիկահայ բանաստեղծուհի Սոնա Վանի, կապանցի շվիահար Արարատ Պետրոսյանի, ՀԲԸՄ Եվրոպայի նախագահ Նադյա Գործունյանի, Մարիա Գրացիա Թանեսեի եւ Սասուն Առաքելյանի անվան դրամական պարգեւներով եւ միանվագ կրթաթոշակներով։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզկենտրոնում կազմակերպված աննախադեպ փառատոնի կայացմանն աջակցել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ու Կապանի համայնքապետարանը։ Ի դեպ, կազմակերպիչները խոստացան՝ այն ավանդական դարձնել։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31