Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Դավիթ Տոնոյան․ «Ռազմական գործողությունների սկսման օրը որեւէ մեկին հայտնի չի եղել․ իրավիճակը գնահատվում էր սպառնալի»

Օգոստոս 01,2023 12:43

Տեղյա՞կ եղել եք 2020 թվականի սեպտեմբերին սպասվող մարտական գործողությունների վերաբերյալ, եթե՝ այո, ապա երբվանի՞ց եւ ի՞նչ աղբյուրներից։ Այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում հարց ուղղվեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին։

«Եթե հարցը վերաբերում է տեղեկատվությանը, թե ինչքանով է եղել սպառնալի իրավիճակ, ապա՝ այո, սպառնալի իրավիճակի վերաբերյալ տեղյակ եմ եղել այն տեղեկատվության հիման վրա, որը ստացվել է ամփոփման իմ փորձի եւ պաշտոնական տեղեկատվության, որը պարբերաբար ստացվում էր։ Իրավիճակը գնահատվում էր սպառնալի, բայց ռազմական գործողությունների սկսման օրը որեւէ մեկին հայտնի չի եղել»,-ի պատասխան՝ ասաց Տոնոյանը։

Հարցին՝ որտեղ է գտնվել պատերազմին նախորդող օրերին, Դավիթ Տոնոյանը պատասխանեց՝ 2020 թվականի սեպտեմբերի 25-ին գործուղման էր ՌԴ-ում՝ զորավարժությունների, սեպտեմբերի 25-26-ի երեկոն գտնվել է Եվրամիության եւ ՆԱՏՕ անդամ երկրում՝ գործուղման՝ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի մատակարարման կազմակերպման նպատակով, որի մասին փակ նիստում կմանրամասնի․ «Ամսի 26-ի երեկոյան, մինչեւ պատերազմի սկիզբը, գտնվել եմ օդանավում, շարունակում էի իմ գործուղումը դեպի Կենտրոնական Ասիայի երկիր՝ վայրէջքով, որտեղից պետք է վերցնեի այն մարդկանց, որոնք բանակցություններին էին մասնակցելու, ընդ որում՝ ՀԱՊԿ անդամ երկրում, որտեղ պետք է շարունակվեին բանակցությունները կրկին սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերումների հետ կապված։ Վայրէջքի պահին անմիջապես տեղեկացվել եմ ԳՇ պետից, երբ հնարավորություն եղավ հեռախոսները միացնել, 27-ի առավոտյան, Ղազախստանում էր գործուղումս, վայրէջքի պահին խոսել եմ ՀՀ վարչապետի հետ։ Հաշվի առնելով քովիդային իրավիճակով պայմանավորված թռիչքային իրավիճակը՝ երկու -երեք ժամվա ընթացքում հնարավորություն ստեղծվեց ինքնաթիռ գտնել , որպեսզի կարողանամ վերադառնալ Հայաստան։ Վերադարձը խոչընդոտներով էր, որովհետեւ ես ստիպված էի․․․փակ նիստի ժամանակ կասեմ ինչ էի ստիպված անել, Վրաստանում վայրէջք եմ կատարել»։

Սեպտեմբերի 28-ին առավոտյան ժամը 4:00-ին, ինչպես ասաց Տոնոյանը, նա արդեն Երեւանում էր, ապա թույլատվություն է ստացել վարչապետից ու մեկնել մարտական գործողությունների իրականացման վայր։

«Գլխավոր շտաբն արդեն սկսել էր իր աշխատանքը համապատասխան հրամանատարական կետում, անցկացրել եմ խորհրդակցություն, տրվել են հանձնարարություններ, լսել եմ զեկույցներ, որից հետո անցել եմ իմ պարտականությունների կատարմանը՝ ըստ ՀՀ վարչապետի հանձնարարության»,-ասաց Տոնոյանը։

Նշենք, որ Տոնոյանը կալանքի տակ է, դատարանը նրան թույլ է տվել մասնակցել քննիչ հանձնաժողովի նիստին։

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031