Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապրելու երկիրը» ներկայացնելու է քաղաքական եւ քաղաքային որակյալ առաջարկ». Մանե Թանդիլյան

Օգոստոս 21,2023 22:22

«Ապրելու երկիրը» ընտրություններին մասնակցող միակ ուժն է, որը քաղաքացիներին ներկայացնելու է թե քաղաքական, թե քաղաքային որակյալ առաջարկ: Սա առաջարկ է, որից երեւանցիները չեն կարողանալու հրաժարվել: Մենք երեւանցիներին լսելով ենք ձեւակերպել մեր ծրագիրը»,- այսօր, «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ ասաց կուսակցության ղեկավար եւ Երեւանի ավագանու ընտրություններում կուսակցության ցուցակը գլխավորող Մանե Թանդիլյանը:

Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ այս ընտրություններին իրենք պատրաստվել են դեռ 2012 թվականից, քանի որ հետպատերազմյան շրջանն ու զարգացումներն արդեն իսկ փաստում էին այն մասին, որ Երեւանի ավագանու ընտրությունները վճռորոշ են լինելու ոչ միայն երեւանցիների, այլեւ ամբողջ պետության համար:

 

«Այդ նպատակով մենք հավաքել ենք լավ թիմ, հաղթել ենք մի քանի համայնքներում, իրականացնում ենք մեր խոստացած ծրագրերը, որպեսզի պարզ ճակատով խոսենք երեւանցիների հետ: Հիմա անցել են ուղղակի խոսելու ժամանակները, պետք է խոսել գործով: Ես ուզում եմ, որ ընտրողներն ընտրություններին  վերաբերեն իբրեւ դատավորների՝ վստահո՞ւմ են, թե՝ ոչ»,- ասաց Մանե Թանդիլյանը:

Բանախոսի հավաստմամբ, իրենց տեսադաշտից ու ծրագրից դուրս չի մնացել որեւէ քաղաքացի: Նաեւ, «Ապրելու երկրի» թիմը Երեւանին վերաբերվում է երազանքներով, որոնք արտահայտված են կոնկրետ ծրագրերով եւ մեգանախագծերով. «Աղբահանության, կանաչապատման եւ նմանատիպ խնդիրների լուծման հարցը մենք չենք էլ քննարկում. միանշանակ, լուծելու ենք, անհարմար է 21-րդ դարում մայրաքաղաքի մասին խոսելիս անընդհատ ասել փոսեր, աղբահանության փոշի: Թեպետ Երեւանի իշխանության համար արդեն 30 տարի է այդպես է: Մենք առաջարկելու ենք ապրելու Երեւան, որը հասանելի է, հոգատար է, հին ու նոր է, մաքուր է: Այսպիսի Երեւանի մասին է մեր պատկերացումը: Այսպիսի քաղաքական թիմով ենք մենք գալիս իրականացնելու մեր ծրագիրը եւ ապավինելու երեւանցու վճռական «այո»-ին, որով նա մեզ տալու է որոշում, որ Հայաստանի եւ Երեւանի ապագան փոխվելու է»,- Մանե ասաց Թանդիլյանը՝ ներկայացնելով Երեւանի զարգացման «Ապրելու երկրի» քառաչափ մոդելը:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031