Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանդատ չունես՝ Արցախը հանձնես»․ կանայք բողոքի ցույց են անում կառավարության շենքի մոտ

Օգոստոս 31,2023 13:11

«Մանդատ չունես՝ Արցախը հանձնես»․ կառավարության շենքի մոտ «Բաբոն տեր ա» կանանց նախաձեռնությունը բողոքի ցույց է անում ի աջակցություն Արցախի։

«Այս իշխանություններն Արցախը հանձնելու իրավունք, լիազորություններ եւ մանդատ չունեն։ Չունեն մանդատ պատմություն կերտելու, բանակ քանդելու, մեզ բարոյազրկելու, մեր քաղաքացիներին թշնամու ճիրաններում թողնելու, սոված թողնելու»,-հայտարարեցին նախաձեռնության անդամները։

Լրագրողների հետ զրույցում նախաձեռնության անդամներից մեկը՝ Նաիրա Մարգարյանն ասաց․«Մենք՝ Սփյուռքի, Հայաստանի եւ Արցախի հայ կանայք վերահաստատում ենք Անկախության Հռչակագրով Արցախի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու շուրջ Հայաստանի Հանրապետության ստանձնած հանձնառությունը։ Մենք նկատում ենք, որ իշխանությունների իրականացվող բանակցությունները, դրանից բխող դավադիր գործողությունները միտված չեն Հայաստանի անբաժանելի մաս կազմող Արցախի շահերին, հետեւաբար եկել ենք այստեղ բարձրաձայնելու մեր խոսքը՝ մանդատ չունես՝ Արցախը հանձնես։ Մենք նոր բան չենք ասում, բոլորը գիտեն դա, պարզապես եկել ենք առերես եւ հանրային դա հայտնելու»։

Նախաձեռնության անդամները հայտարարում են՝ իշխանությունները չեն կատարում իրենց պարտականությունները՝ ո՛չ բարոյական, ո՛չ օրենսդրական, դրժել են իրենց նախընտրական ծրագիրը, որի դիմաց ստացել են քվե, հետեւաբար այլեւս չեն ներկայացնում իրենց ընտրողներին։

Նաիրա Մարգարյանի խոսքով՝ Արցախն Ադրբեջանի կազմում Փաշինյանի բանավոր ճանաչումը ոչինչ չի նշանակում․ «Բոլորն են սա հասկանում, եւ բոլորը հասկանում են, որ դա իր տրամաբանական շարունակությունը կունենա, եթե նման ցույցեր չլինեն։ Այսպիսի ցույցերը արթնության կոչ կլինի հասարակության տարբեր շերտերի համար, որոնք լավ գիտակցում են մեր ասելիքը եւ կհամախմբվեն մեզ հետ, կամ իրենց ուրույն ճանապարհը կգտնեն պայքարի։ Ես վստահ եմ, որ այս պայքարը հասնելու է իր հանգուցալուծմանը եւ վստահ եմ, որ հայ կանանց այս կոչին միանալու է եկեղեցին եւ հանրության այլ շերտեր։ Չի՛ ստացվի մեզ պառակտել»։

Նախաձեռնության մեկ այլ անդամ` Սոնա Հովհաննիսյանն էլ նշեց՝ մենք այստեղ ենք Սփյուռքից, Հայաստանից եւ Արցախից 850 կանանց անունից․ «Մենք եկել ենք թիվ մեկ մեղավորի՝ Նիկոլ Փաշինյանի մոտ կանգնել, նա, իր կառավարության թիմով, թիվ մեկ մեղավորն են, ուրիշ մեղավորներ չենք փնտրում։ Եթե այսպես շարունակվի, լավ տեղ չի տանելու, բայց այսպես չի շարունակվելու, որովհետեւ Փաշինյանը բազմիցս ասել է՝ ժողովրդի ծառան է, մենք ենք մանդատ տալիս՝ իրականացնելու գործունեություն Հայաստանի անունից։ Մենք մանդատ չենք տվել, որ Արցախը հանձնի, մեզ պառակտի, բանակը կազմալուծի։ Ժողովուրդը 35 տարի առաջ իր խոսքն ասել է, դրանից հետո ոչ մի բան չի փոխվել, դրանք հիմնարար արժեքներ են եւ որի վրա հիմնված է մեր պետականությունը։ Թույլ չենք տալու քանդել մեր պետականությունը։ Այսօր լուռ պիկետ ենք անում, հետզհետե այս ամենը ուժգնանալու է, մենք համագործակցում ենք բոլոր նախաձեռնությունների հետ, որոնք համակարծիք են ու դրանք շատ են։ Մենք սատարում ենք Հայաքվեին»։

Թե ինչին է տեր Բաբոն, Սոնա Հովհաննիսյանն ասաց՝ հանրային կոնսոլիդացմանը, Բաբոն տեր է Դեդոյին, Բաբոն ամեն ինչ կանի, որ այսօր մեր տղամարդիկ գոտեպնդվեն, չպառակտվեն, եւ կարողանան իրենց խոսքն ասել․ «Բաբոն տեր է հանրային իրազեկմանն Արցախի հարցի շուրջ, Բաբոն տեր է Արցախը հայկական պահելուն, Բաբոն տեր է հայրենիքին եւ ուժեղ ու միասնական լինելուն»։

Սեպտեմբերի 2-ին նախաձեռնության անդամները կլինեն Արցախի ներկայացուցչությունում, իսկ երեկոյան կմիանան SosArtsakh հանրահավաքին։

Հովհաննիսյանն ասաց, որ մշտապես կապի մեջ են արցախցիների հետ, քանի որ ընկերներ, գործընկերներ, ծանոթներ, հարազատներ ունեն այնտեղ․«Շատ ծանր իրավիճակ է։ Չնայած՝ արցախցիները հերոսաբար դիմակայում են, բայց ակնհայտ է դառնում, որ հետզհետե այս գործընթացը դժվարանում է։ Բայց առաջին հերթին մեր հայրենակիցներն ասում են՝ ամեն ինչին էլ կդիմանան, միայն թե իմանան, թե ուր է այս ամենը տանելու, եւ որ 35 տարի առաջ հռչակած բոլոր նպատակները տեղ է հասնելու։ Սովին էլ, ցրտին էլ կդիմանան, միայն թե հաստատակամ լինենք մեր նպատակների մեջ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարները՝ «Բաբոն տեր ա» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031